Մտերիմ ընկերներ չենք, պարզապես ճանաչում եմ․ Շիրակի մարզպետը՝ ընկերոջը փոխմարզպետ նշանակելու մասին

Կարեն Սարուխանյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի երկար տարիների մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ տվեցին պաշտոններին: Կադրային առաջին փոփոխությունները եղան հայեցողական պաշտոններում, փոխվեցին մարզպետի խորհրդականներն ու օգնականները, իսկ ահա մարզպետի երկու տեղակալները՝ Սեյրան Պետրոսյանն եւ Խաչատուր Վարագյանը, աշխատանքից ազատվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով:

Փոխմարզպետներից մեկի պաշտոնում նշանակվել է ՔՊ անդամ, մասնագիտությամբ մանկավարժ Սոֆյա Հովսեփյանը, իսկ ահա մարզպետի երկրորդ տեղակալը հնարավոր է նշանակվի հենց այսօր: Տեղեկությունների համաձայն ՝ փոխմարզպետի պաշտոնին հավակնում է Գյումրիում հայտնի բիզնեսմեն Վարդան Գրիգորյանը։ Վերջինս համարվում է նորանշանակ մարզպետի մտերիմներից մեկը:

Մարզպետ Կարեն Սարուխանյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ միջնորդե՞լ է մտերիմ ընկերոջը փոխմարզպետ նշանակելու հարցում։

«Նշանակողը վարչապետն է, ես իմ կողմից առաջարկությունն ուղարկել եմ, զուտ առաջարկությունն է եղել, բայց դեռ հստակ որևէ բան չկա : Վարդան Գրիգորյանին ես 15 տարուց ավել ճանաչել եմ, դեռ ուսանողական տարիներից, մենք շատ լավ հարաբերության մեջ ենք, բայց մտերիմ ընկերներ չենք, պարզապես ճանաչում եմ», -մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:

Մեր հարցին, թե ո՞րն է հենց նրան փոխմարզպետի պաշտոնում տեսնելու միտումը, պատասխանեց․ «Երկու բարձրագույն կրթություն է ստացել, ավարտել է համալսարանի Աստվածաբանական եւ կիրառական ֆակուլտետները։ Իրենք քաղաքում հարգանք վայելող մարդիկ են: Ինքը հիանալի ֆինանսիստ է, եւ եթե աշխատի, զբաղվելու է հենց այդ գծով, որովհետև մեզ հիմա ֆինանսիստ շատ է պետք: Մի խոսքով զուտ պրոֆեսիոնալիզմն է պատճառը, իսկ մտերմության հետ կապված՝ մեր քաղաքում բոլորն են իրար ճանաչում, այնպես որ վաղուց ճանաչելը չի նշանակում մտերիմ լինել: Մենք ընկերներ որպես այդպիսին չենք եղել», -ավելացրեց մարզպետը՝ նշելով, որ Վարդան Գրիգորյանը կուսակցական չէ եւ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X