Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետն ազատվել է աշխատանքից․ ո՞րն է պատճառը

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից։ Այս պահին մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են բաժնի պետի տեղակալ Սուսաննա Ավետիսյանի վրա: Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բաժնի պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, իսկ նրան փոխարինողի անունը դեռևս անհայտ է։

Քաղաքապետարանը հարցում է ուղարկել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ բաժնի պետի պաշտոնում նոր նշանակում կատարելու համար: Մեր տեղեկություններով՝ Արտուշ Մկրտչյանը առաջիկայում հնարավոր է ստանձնի Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրենի պաշտոնը։

Արտուշ Մկրտչյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց աշխատակցուհին՝ ասելով, որ քարտուղարը փոխքաղաքապետի մոտ խորհրդակցության է։

Նշենք, որ 60-ամյա Արտուշ Մկրտչյանը, որը գրադարանների բաժնի վարիչն էր և քաղաքապետ Բալասանյանի մարդն էր համարվում, 2014 թ. սեպտեմբերից զբաղեցրել է Գյումրի համայնքի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, իսկ 2015թ. հուլիսի 15-ից նշանակվել է նույն բաժնի պետ՝ փոխարինելով Արտաշես Կարապետյանին՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հորը։

Արտաշես Կարապետյանը և քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկ տարուց ավելի լուռ հակամարտության մեջ էին: Մշակույթի բաժնի պետին մեկուսացրել էին աշխատանքից, որևէ հանձնարարություն չէին տալիս, ղեկավարությունը նրա հետ չէր շփվում:Ի վերջո Կարապետյանի նյարդերը տեղի են տալիս, եւ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե Արտուշ Մկրտչյանն ինչու է ազատման դիմում ներկայացրել, արդյոք նոր պաշտո՞նն է պատճառը։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X