Վաղ թե ուշ իշխանությունները տրվելու են գայթակղությանը․Արծրուն Պեպանյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

-Այս օրերին Հայաստանի իրավապահ համակարգի գործունեությունը, ԱԱԾ բացահայտումները համեմատում են 2003թ․ «Վարդերի հեղափոխության» միջոցով իշխանության եկած գործիչների քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարը կարո՞ղ է առաջիկա ԱԺ ընտրություններում քաղաքական պայքարի համար մրցակցության նորմալ պայմաններ ապահովել։

-Դեռ Վլադիմիր Իլյիչն էր առաջարկում շահագործել շահագործողներին, այնպես որ դա նորություն չէ: Այն հաջորդում է ժողովրդական հուզումով իշխանափոխություններին:

Ընտրությունները կեղծվում են իշխողների կողմից, հատկապես, երբ ժողովուրդը քաղաքականապես հասունացած չէ այնքան, որ ձևավորի իշխանության անկախ ճյուղեր: Իսկ եթե ժողովուրդը չունի նման հասունացում, ապա չի կարելի նրան ընտրությունների տանել: Վաղ թե ուշ իշխանությունները տրվելու են գայթակղությանը և անօրինական կերպով ազդելու են ընտրությունների արդյունքների վրա, գտնելով, որ անհաջողությունների մեղավորը ոչ թե իրենք են, այլ՝ ժողովուրդը:Եվ կա վտանգ, որ կվերադառնանք հին շրջապտույտին:Ի՞նչ անել. հնարավորինս արագ ստեղծել իշխանության այդ անկախ ճյուղերը:

-ԱԱԾ-ի բացահայտումները փլուզում են բանակի մասին այն միֆը, որ ձեւավորվել է 10-ամյակների ընթացքում։ Սա կարո՞ղ է բանակի նկատմամբ քաղաքականությունը վերանայելու առիթ դառնալ։Պե՞տք է, ըստ Ձեզ, ձեւավորվի պրոֆեսիոնալ բանակ։

-Բանակը կազմելով ժողովրդի մաս, չէր կարող չպարունակել հանրային կյանքում նկատվող արատները: Չեմ կարծում, թե նույն ԱԱԾ-ը զերծ է այդ արատներից: Բանակի ներքին բովանդակությունը փոխելու կարիք կա, բայց դա կլինի, եթե ժողովրդի մտահայեցակարգը՝ մենթալիտետը փոխվի: Սա բավականին աշխատատար գործ է, մինչդեռ այդ խնդրի գիտակցումը ես չեմ տեսնում ոչ իշխանությունների, ոչ էլ քաղաքական դաշտի կողմից:Ինքս կողմ եմ պրոֆեսիոնալ բանակին, բաց դա մեծ ծախսերի հետ է կապված:

- Ըստ Ձեզ՝ նոր կառավարությունը թույլ տվե՞լ է վրիպումներ, եթե այո, ապա որո՞նք են դրանք։

-Որևէ կառավարության գործունեությունը անաչառ գնահատելու համար ոչ թե պետք է նայել, թե ինչ է արել, այլ՝ թե ինչ է անհրաժեշտ անել: Մեր իրականությունն արմատական վերափոխման կարիք ունի: Իսկ դա անել կարողանալու համար իշխողները պիտի

.կարողանան պարզել, թե ինչու է իրականությունն այդպիսին և գտնել իրական պատճառները,

.պարզեն այդ պատճառների ազդեցությունը չեզոքացնելու եղանակը,

.հստակեցնեն, թե որպիսին պիտի լինի վերափոխված երկիրը՝ հաշվի առնելով ժողովրդի պատմությունը և նրա հնարավոր դերակատարությունը ժամանակակից աշխարհում,

.գտնեն այդ նպատակին հասնելու ճանապարհը:

Ինքս ունեմ այդ հարցերի պատասխանների ուրվագիծը և երբ այդ տեսանկյունից եմ քննում նոր իշխանություններին, ապա պատկերն այնքան էլ ուրախացնող չէ: Ես չեմ պնդում, թէ չունեն այդ հարցերի պատասխանները, բայց իշխանավորների հրապարակային պահվածքից դեռևս չի զգացում, որ ունեն այն: Ժամանակը ցույց կտա:

Նույն այդ ժամանակի պահանջ է նշածս հարցերի պատասխաններն իմացող քաղաքական ուժի ի հայտ գալը: Ու եթե պարզվի, որ իշխանությունները թերանում են այդ ասպարեզում, ապա առաջիկա ամիսներին հետաքրքիր զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X