Լենինականում ծնված, ԱՄՆ-ում բնակվող գործարարի նվերը Գյումրիին. լուսանկար

>

Այսօր Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում տեղի ունեցավ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Ինչպես բարերարն է իրեն բնութագրում, Լենինականում ծնված, այժմ ԱՄՆ քաղաքացի Գրիգոր Բեդիրյանը ամիսներ առաջ առաջարկով դիմել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանին․ «Ես որպես Ամերիկայի քաղաքացի՝ իմ անձնական միջոցներով եւ մեծ հպարտությամբ կցանկանայի մեծանուն բարերարի անդրին զետեղլ այդ փողոցի որևէ հատվածում: Գալիք սերունդները պետք է իմանան եւ դասեր քաղեն Քըրք Քըրքորյանից»:

Ու չնայած անցած տարի Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյանի) ճեմափողոցում 12 գյումրեցի հանճարների արձանները տեղադրելու առաջարկը, որոնց թվում էր նաև Քըրք Քըրքորյանի անունը, հանրային լսումների արդյունքում տապալվեց, այս տարվա ապրիլին նույն հանրային լսումների ընթացքում Բեդիրյանի առաջարկը ընդունվեց: Հիշեցնենք, որ 12 արձան կանգնեցնելու գաղափարը քաղաքապետինն էր, ով վստահեցնում էր, որ համայնքապետարանի բյուջեից լումա չի ծախսվելու, Հանրապետության նախագահ Սերժ սարգսյանն անձամբ է հովանավորելու՝ նվիրաբերելով 100մլն դրամ:

Գյումրեցիները դեմ կանգնեցին՝ նշելով, որ քաղաքն արձանախեղդ է արվում, եւ քանի դեռ Գյումրին նման ծայրահեղ աղքատ վիճակում է, ապա արձան կամ արձանախումբ կանգնեցնելու գաղափարն անհեթեթ է: Այսօր արդեն Աբովյան ճեմափողոցում միայն հայտնի բարերարի արձանն է,որին գյումրեցիները դեմ չեն:

Իրականում մեծ է Քըրք Քըրքորյանի դերակատարությունը անօթևանության խնդրի լուծման հարցում: Անօթևանության խնդրի լուծման ամենամեծ ծրագիրը նա իրականացրեց 2005-2008 թթ.-ին, երբ ոչ միայն բազմաթիվ անօթևաններ բնակարաններ ստացան, այլև մշակույթային կառույցներ ու ճանապարհներ վերաշինվեցին: 2001 թ-ից ի վեր նա միայն շինարարության նպատակով 150 մլն դոլարից ավել գումար է տրամադրել Հայաստանին: Շուրջ 2800 տուն կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով: Ի դեպ արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է:

Գյումրու կենտրոնական փողոցներում կանգնեցված արձաններից շատերի հեղինակը հենց նա է: Նրա վարպետության շնորհքն է «Հայուհի» («Տիրամայր») քանդակը, որը տեղադրված է Գյումրիի Անկախության հրապարակում, «Վարդանանք» արձանախումբը՝ կենտրոնական հրապարակում, «Ավետիք Իսահակյանի դիմաքանդակ»-ը՝ Գյումրիի համանուն դպրոցի բակում, Մխիթար Գոշի կիսանդրին՝ Գյումրիի դատախազության շենքի պատին, Սայաթ-Նովայի հուշարձանը՝համանուն փողոցում, Նժդեհի հուշարձանը՝ Գյումրիի Նժդեհի անվան հրապարակում, «Սասունցիներ»-ը ՝ Գյումրու «Նանե» հյուրանոցային համալիրի բակում , Հովհարով աղջիկը, «Ջիվանին և Շերամը» զուգաքանդակը:

Նրա գլուխգործոցներից է նաև Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մուտքի մոտ տեղադրված Քրիստոսի արձանը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժից զոհված երեխաներին:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X