Արդյոք «Սասնա ծռերը» սխալվե՞լ էին Փաշինյանի հարցում (տեսանյութ)

«Իհարկե, քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» գործով ազատ արձակումը կապված է Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ։ Օրինաչափ էր, որ այդպես լիներ, որովհետեւ այս բոլոր քաղբանտարկյալները նախկին ռեժիմի օրոք բանտարկված քաղաքացիներ են եղել, եւ օրինաչափ է, որ նախկին ռեժիմի հեռացումից հետո նրանք ազատ արձակվեն»։

Այս մասին «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց ԱՍՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ազատ արձակմանը։

Հարցին՝ Հայաստանում զինված պայքարի էջը փակվա՞ծ է եւ ի՞նչ պայմանների դեպքում տեղի կունենա զինված ապստամբություն, Ենիգոմշյանը պատասխանեց․ «Այն փակված է, որովհետեւ զինված դիմադրությունն ունեցել է շատ հստակ իր նպատակը։ Երբ այդ վարչախումբը գոյություն չունի, հետեւաբար զինված դիմադրության պատճառները հեռացել են եւ հիմա ոչ միայն զինված դիմադրության խնդիր չկա, այլ նաեւ «Հիմնադիր խորհրդարանը», եթե նախկին ռեժիմի օրոք անհեթեթ էր ընտրություններին մասնակցելը, հիմա՝ նոր իշխանությունների օրոք, այս շարժումը հայտ է ներկայացնելու։ Այո, զինված դիմադրության պատճառները վերացել են»։

-Պարոն Ենիգոմշյան, դեռ 2016-ի հուլիսին խմբի անդամները վիրավորական խոսքեր էին հնչեցրել վարչապետ Փաշինյանի հասցեին, մինչդեռ այս օրերին Պավլիկ Մանուկյանը հայտարարում է, որ կանգնած են նրա կողքին։ Այն ժամանակ «Ծռերը» սխալվե՞լ էին Նիկոլ Փաշինյանի հարցում։

-Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ ներդրում ունենալ ստեղծված իրավիճակում, որը այն ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից այդպես չգնահատվեց, եւ ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2016 թվականի հուլիսին եւ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին միեւնույն իրավիճակը չէր տիրում։ Մենք կարող ենք միգուցե հաստատել, որ Փաշինյանը նույն մարտավարությունն էր կիրառում եւ 2016 թվականին, եւ 2018, բայց իրավիճակը նույնը չէր։ Արդյոք «Սասնա ծռերը» սխալվե՞լ էին, այո, այդ արտահայտությունները, որ եղել էին 2 տարի առաջ կոպիտ ու կոշտ արտահայտություններ էին, այդ մասին կասկած չկա, ուղղակի արդյոք խաղաղ եւ բաց ձեռքերի շարժումը 2016 թվականի հուլիսին կհանգեցնե՞ր այն արդյունքին, ինչին հանգեցրեց այս թվականին, ես հստակ պատասխան չեմ կարող տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X