Ստվերային պետություն

ԼՂ Ազգային խորհրդի անդամ էի, ամիսը մեկ կամ երկու նիստի էի մասնակցում: Հարցերի քննարկման խորհրդային ծիսակարգը դեռեւս պահպանվում էր: Նախագահը հայտնում էր օրակարգը, զեկուցողը շարադրում էր խնդիրը, հետո հրապարակվում էր նախապես գրված՝ որոշման նախագիծը, դրվում քվեարկության: Սովորաբար որոշումներն ընդունվում էին միաձայն: Թղթերով ամեն ինչ կարգին էր: Իրականության մեջ, այնինչ, բոլորովին այլ քայլեր էին արվում: Ազգային խորհուրդը ,, շարժման ընդհատակի.. համար ընդամենը ֆոն էր: Փաստացի անելիքները որոշում էին մի քանի հոգով, «նեղ շրջապատով», որ կապ ուներ Երեւանի, Ստեփանակերտում հաստատված մոսկովյան էմիսարների, գուցե թե՝ նաեւ Բաքվի հետ:

Այդ կարգը պահպանվեց նաեւ հետագայում, հատկապես ամրապնդվեց Պաշտպանության պետական կոմիտեի օրոք, երբ Գերագույն խորհուրդը բացարձակապես իշխանազրկվեց: Կար ընտրված մարմին, որ օրենքով բարձրագույն իշխանություն էր, փաստացի՝ «սայլի հինգերորդ անիվ»: Այսօր էլ «լավագույն ավանդույթները» շարունակվում են: Համենայն դեպս, մինչեւ բոլորովին վերջերս կարեւոր որոշումներն ընդունվում էին «տղաներով խորհրդակցելուց» հետո:

Դժվար է ասել՝ գործ ունենք ստվերային պետությա՞ն, թե՞ ինչ-որ ավանդույթի հետ, բայց դրանից կյանքը չի թեթեւանում: Փաստն այն է, որ քաղաքական իշխանության եւ դրանից ածանցված պատասխանատվության փոխարեն ունենք խիստ անձնավորված-հիերախիկ համակարգ, որի գործունեությունը ոչ հրապարակային է, դրանով իսկ՝ հանրայնորեն անվերահսկելի: Խնդիրն այստեղ այն ներկայացնող անձանց մեջ չէ: Նրանք առանձին-առանձին, հնարավոր է, ազնիվ մարդիկ են, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ: Բայց երբ հայտնվում են պետությունից եւ քաղաքական համակարգից վեր, ընտրյալի, հարցեր որոշողի դերում, ընդ որում՝ կոլեկտիվ-կորպորատիվ մտածողության հարկադրանքով, ծագում է հասարակությունից օտարվածության հանգամանքը: Եւ պետությունն անձնավորվում է «տղաների նեղ շրջանակով» դեպի ուր ձգտում է ոչ միայն ապարատային բյուրոկրատիան, այլեւ ցանկացած ոք, ով որեւէ հարց ունի լուծելու: Այդպես է«բարի ավանդույթը» , եւ տարիների, տասնամյակների հետ ոչինչ չի փոխվում: ԼՂ Ազգային խորհրդի անդամներից մեկն ամեն անգամ դժգոհում էր, երբ պաշտոնական նիստի ավարտին նախագահը մի քանի հոգու խնդրում էր մնալ՝ «որոշ հարցեր հանգամանալի քննարկելու համար»:

Բայց նա, մյուսները չկարողացան կոտրել «նեղ շրջանակի» սկզբունքը: Երեսուն տարի անց Արցախը սահմանադրություն ունի, ֆորմալ առումով իշխանությունը բաժանված է օրենսդիր, գործադիր եւ դատական թեեւրի, բայց, միեւնույն է, որոշումները դեռ ընդունվում են «տղաների խորհրդակցության» ձեւաչափում: Պետությունը մնում է ստվերային: Թեեւ հռչակված է բարեփոխումների ուղեգիծ, որ արժանացել է Հայաստանի նոր իշխանության անվերապահ աջակցությունը: Հետաքրքիր է՝ ինչի՞ն են աջակցում: Ստվերային պետությա՞նը…

Մեկնաբանություն
X