Տալիս եմ իմ հրաժարականը

Հիմա բոլորը գրում են կա՛մ Նիկոլի, կա՛մ Մանվելի մասին: Նիկոլի մասին գրում են էքստազի, Մանվելի մասին` շոկի մեջ ընկածները, եւ բոլոր այդ գրողները միասին բավականին մեծ թիվ են կազմում: Ես էլ էի գրում, բայց աշխատում էի ո՛չ էքստազի մեջ ընկնել, ո՛չ էլ, մանավանդ՝ շոկի: Մի անգամ ինձ նարկոզ տվել են, բավական է: Կարելի է մտածել, թե ուրիշ թեմա չկա երկրում: Հիշեք, թե տարիներ առաջ, երբ նոր-նոր էր խոսվում Սահմանադրությունը փոխելու մասին, ինչպես էին բոլորը գրում Սերժի հավերժանալու ցանկության մասին: Ես միակն էի, որ ասում էի` Սերժը չի անի այդ բանը: Ինձ չէին հավատում: Այնքան գրեցին, մինչեւ Սերժն ու ՀՀԿ-ն հավատացին, որ Սերժն անփոխարինելի է: Տեսա՞ք ինչ եղավ:

Եվ, ուրեմն, որոշել եմ Նիկոլի ու Մանվելի մասին չգրել, որովհետեւ նրանց մասին ինչ գրում եմ, մենակ եմ մնում իմ կարծիքի հետ: Ամեն հոդվածիցս հետո ընթերցողները հարձակվում են վրաս` Նիկոլի կողմնակիցները` էքստազի, Մանվելից հիասթափվածները` շոկի մեջ: Վերջ, եղբայր, ձեր այդ ԱԱԾ-ի տիրոջ մերն էլ էնտեղ: Գնացեք՝ ինչ ուզում եք, արեք, ոչխար էլ կերեք, իրար էլ կերեք, ես` փաս:

Ես գնում եմ ընտրությունների պատրաստվելու: Ի վերջո Հայաստանում կա մի հսկա մարդկային զանգված, որ այս ամենին նայում է որպես տրագիկոմեդիայի: Ինձ ավելի շատ այդ մարդիկ են հետաքրքրում` ինչ կյանքով են ապրում, ինչ հույսեր ու սպասելիքներ ունեն: Մնում է, որ ընտրություններն արդար լինեն: ԸՕ-ի հետ կապված այնքան մարդ է մեջտեղ ընկել եւ խորհուրդներ է տալիս, որ այլեւս կասկածում եմ, թե արդար ընտրություններ կունենանք: Արդար ընտրությունը պետք չէ հասկանալ զուտ ընտրակաշառքի լինել-չլինելով: Ընտրակաշառքը, այո, պետք է բացառել, բայց բացառել է պետք նաեւ ընտրազանգվածին էքստազի կամ շոկի մեջ ընտրությունների տանելը: Հասկանո՞ւմ եք, մարդիկ պետք է ընտրությունների գնան հոգեկան հավասարակշռության վիճակում, այլապես պարզ է, թե նրանք ինչ ընտրություն կկատարեն: Օրինակ, ասում են` ռեյտինգայինը եւ մեծամասնական հիշեցնող ամեն ինչ հանում ենք: Հրաշալի է: Է, էքստազի մեջ ընկած ժողովուրդ, վազելու է` ձայն տա Նիկոլին, որովհետեւ Նիկոլը նույնացվում է «ՔՊ»-ի կամ այն դաշինքի հետ, որը կգլխավորի: Չեղա՞վ նույն մեծամասնական ընտրությունը, չեղա՞վ Նիկոլի ընտրություն: «ՔՊ»-ին կամ «Ելք»-ին ո՞վ է ձայն տալու, Նրանց ի՞նչն են տեսել, որ ձայն տան: Ծրագի՞րը: Ես էլ եմ տեսել այդ ծրագիրը: Մեջը գրված է, որ կուտակայինին դեմ են, բայց այսօր Նիկոլը կողմ է: Նիկոլ, Սասուն, Արամ… Առհասարակ, էս էն տղերքն են, որոնք հարթակին կանգնած ծափահարում էին, երբ հայ քաղաքագիտության հայր Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ստիպում էր «Ման-վել, Ման-վել» վանկարկել: Արամ Սարգսյան, բա խոսիր Նիկոլի հետ, ասա, որ Մանվելը ձեր տանը եղել է, հերոս է, չի կարելի հերոսին այդպես ոչնչացնել, թուրքը կլսի, լավ չի: Արարատ Զուրաբյանն էլ էր հարթակին, երբ վանկարկում էին` Ման-վել, Ման-վել: Տղեն այսօր բոլորի հետ հավասար շոկի մեջ է, վախ, վախ, վախ…

Տեսնում եք, չէ՞, թե այս հիմար թեման ինչքան վարակիչ է: Նոր էի խոսք տվել, որ այդ թեմայով այլեւս չեմ գրելու, բայց էլի չստացվեց: Կներեք: Ես էլ ընկա էքստազի ու շոկի մեջ: Մեղավորը, երեւի, ընթերցողներիցս մեկն էր, որ հոդվածի շարադրման պահին զանգեց.

-Ալո, պարոն Անդրեասյան, Դո՞ւք եք:

-Այո, ո՞վ է:

-Կարեւոր չէ, ես ընթերցող եմ եւ ուզում եմ մի երկու բան ասել այսօրվա «Հրապարակում» տպագրված Ձեր հոդվածի մասին:

-Ինչպե՞ս թե՝ կարեւոր չէ, բա չիմանա՞մ ում հետ եմ խոսում:

-Ես Ձեր հոդվածները շատ եմ կարդում, բայց այս մեկի հետ համաձայն չեմ: Մի ասացվածք կա, գիտե՞ք: Ասում է` խոզի գլուխը դրեցին խալիչին, գլորվեց-ընկավ ցեխը:

-Ո՞ւ…

-Ու այն, որ Աստված մեզ Նիկոլ է տվել, բայց մենք չենք գնահատում, քննադատում ենք, նրա հեղափոխությունն անվանում ենք «փողոցային անկարգություն», կասկածի տակ ենք առնում նրա լեգիտիմությունը:

-Ներողություն, հոդվածի վերնագիրը կարդացե՞լ եք:

-Այո:

-Մեկ անգամ էլ կարդացեք, խնդրում եմ:

-Սա է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անհապաղ ընդդիմություն է պետք»:

-Հարգելիս, ես կարծում եմ, որ ընդդիմություն պետք է նրան, այլապես նա անվերահսկելի կդառնա: Հեղափոխությունն այն չէ, երբ մի բռնապետի գցում ես, որ դու բռնապետ դառնաս:

-Նիկոլից ի՞նչ բռնապետ, նա դեմոկրատ մարդ է:

-Շատ դեմոկրատ է, մի կողմից խոստանում է դատարանների եւ իրավապահների գործերին չխառնվել, իսկ մյուս կողմից, դեռ ոչինչ չպարզված, Ֆեյսբուքով Մանվելի գործերն է բացում, «զինվորի հաց գողացող» անվանում, ուղղորդում իրավապահներին: Կներես, բարեկամ, բայց դա իմ կարծիքն է: Դու էլ քո կարծիքն ունես, որը ես չեմ վիճարկում: Մնա խաղաղությամբ, եւ շնորհակալություն զանգի համար:

Կարո՞ղ ես այսպիսի խոսակցությունից հետո Նիկոլի ու Մանվելի մասին չմտածել, նրանց մասին չգրել: Բայց ես հաստատ որոշել եմ` չեմ գրելու եւ ոչ էլ պատասխանելու եմ այս հոդվածի տակ հայտնվելիք որեւէ գրառման: Մի արեք, պարզապես մի արեք որեւէ գրառում, որ ինձ կստիպի կրկին խոսել հայկական ոճով այս հեղափոխության մասին:

Մեկնաբանություն
X