Չփարատված կասկածներ

Քրեական հանցանքների, կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը, անշուշտ, շատ լավ բան է։ Դա հասարակական առողջացման, առաջընթացի, արդարադատության նկատմամբ հավատի ու վստահության մթնոլորտ կստեղծի երկրում, կվերացնի անպատժելիությունը։ Բայց այս պայքարը նաեւ բազում վտանգներով է լեցուն։ Նախ՝ ակնհայտ է, որ այս պայքարն ուղղված է նախկին իշխանությունների դեմ, այլ ոչ թե առհասարակ կոռուպցիայի։

Մինչ օրս բացահայտված դեպքերը բացառապես ՀՀԿ-ական շրջանակներից են, ինչը կարող է մարդկանց մոտ կասկած առաջացնել, որ այս պայքարի մեջ առկա է քաղաքական հետապնդումների էլեմենտը։ Ոմանք այս բացահայտումների մեջ նաեւ նախընտրական շոուի, գործող իշխանության անգործությունը՝ տնտեսական եւ այլ հարցերում, թաքցնելու տարրեր են տեսնում։ Գուցե այս կասկածներն անհիմն են, բայց դրանք դեռեւս փարատված չեն։

Ասենք, իրավական գործընթացներից հասկացող մարդիկ հարցնում են՝ ի՞նչը ստիպեց ոստիկանությանը մի օրում մտնել եւ խուզարկել տարբեր անձանց բնակարաններ։ Ի՞նչ հիմքեր ուներ դրա համար ոստիկանությունը, բացի նրանից, որ այդ անձանց մականուններով եւ «օրենքով գող» ու «քրեական հեղինակություն» տերմիններն օգտագործելով՝ փորձել էր տպավորություն ստեղծել, թե հանցավորության դեմ լուրջ պայքար է մղում։

Իրավաբան զրուցակիցս, օրինակ, շեշտում է՝ խուզարկությունների սանկցիաները դատարանից ստանալիս ոստիկանությունը դրանք ինչո՞վ է հիմնավորել, ինչպե՞ս է համոզել դատավորներին, որ անհրաժեշտ է մեկ օրում այդքան մարդու բնակարան մտնել։ Իրավունք ունի՞ մարդը կասկածելու, որ ինչպես անցյալում էին դատավորները հլու-հնազանդ ստորագրում այդ սանկցիաները՝ առանց հիմքերի մեջ խորանալու, այնպես էլ հիմա են անում։ Ինչը նշանակում է, որ իրավական համակարգում «բան չի փոխվել»։

Մեկնաբանություն
X