Ա․ Չեխովի անվան դպրոցի տնօրենը հայտ էր ներկայացրել, Լևոն Մկրտչյանը մերժել էր այն

Հանրակրթության ոլորտում չարաշահումներին հետամուտ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ Երեւանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր։ Թե ինչու մայրաքաղաքի «էլիտար» համարվող դպրոցներից մեկը չունի հանրակրթական ծրագրի արտոնագիր, փորձեցինք նախ եւ առաջ իմանալ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից։ «2008թ․ կառավարության մի շարք որոշումներով հանրակրթական դպրոցները վերակազմավորվեցին հիմնական եւ ավագ դպրոցների։

Իսկ դրանից հետո առաջացավ անհրաժեշտություն լիցենզավորված ուսումնական հաստատություններին տրված լիցենզիաներում կատարելու համապատասխան վերաձեւակերպում։ Այսինքն՝ Չեխովի անվան դպրոցը լիցենզավորված դպրոց է՝ պետական ֆինանսավորմամբ։ Մենք հիմա էլ ունենք լիցենզիա, պարզապես այդ լիցենզիայի մեջ չի կատարվել համապատասխան վերաձեւակերպում։ Այնտեղ պետք է նշվեր, որ մենք հիմնական դպրոց ենք, պետական ոչ առեւտրային կազմակերպություն։ Այդ պրոցեսը գրեթե բոլոր դպրոցներում ավտոմատ իրականացվել է։ Մեր դպրոցի պարագայում դա կարող էր կապված լինել Զարուբյան հասցեում գործող մասնաշենքի հետ․ շենքն ուզում էին օտարել, մենք համառ պայքարի միջոցով թույլ չտվեցինք, որ այն օտարվի»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Գայանե Սարուխանյանը։

2017թ․, ըստ մեր զրուցակցի, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, որ քաղաքապետարանի ենթակայության հիմնական եւ միջնակարգ դպրոցների տնօրեններին հանձնարարվի լիցենզավորման եւ վերաձեւակերպման գործընթացը։ Դրանից հետո սահմանված ժամկետում դպրոցը ներկայացնում է տարրական հանրակրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու հայտ։ Գայանե Սարուխանյանը նշում է, որ հայտը մերժում է նախարար Լեւոն Մկրտչյանը՝ սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու եւ պետական ռեգիստրի եւ կադաստրի վկայականներում կազմակերպության անվան անհամապատասխանության հիմքերով։

Չնայած դրան՝ տնօրենը չի տեսնում մերժման հիմքերը, որովհետեւ «Լիցենզավորման օրենքի» համաձայն՝ հայտը մերժելուց առաջ նախարարը պետք է գրեր, թե որ փաստաթղթերը չեն համապատասխանում եւ ուղղորդի, թե ինչպես պետք է կազմել փաթեթը։ «Հայտը մերժելուց հետո նա պետք է տա հանձնարարական։ Իսկ դրանից հետո նա հանձնարարական է տալիս ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին, իսկ Մովսիսյանն էլ, հայտը մերժելուց հետո գրավոր կամ բանավոր ինձ պետք է տեղեկացնի, թե որոնք են թերությունները․ ընթացակարգը դա է։ Ես որեւէ գրություն չեմ ստացել, թե ինչ նկատի ունի նախարարը անհամապատասխանություն ասելով։ Մեր բոլոր վկայականները տրամադրված են օրինական կառույցների կողմից, եւ նրանց մեջ չկա եւ չի կարող լինել որեւէ անճշտություն։ Հետո նա հանձնարարում է փոխնախարար Մանուկ Մկրտչյանին, որպեսզի նա իրականացնի հսկողություն»,- ասաց Գայանե Սարուխանյանը։

Նա հավելեց, որ իրենք ներկայացրել են նոր հայտ եւ սպասում են պատասխանի։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, մեր հարցին, թե Երեւանում քանի դպրոց չունի լիցենզիա, արձագանքեց․ «Մենք նման ստուգում չենք անցկացրել, որ իմանանք՝ ունե՞ն դպրոցները լիցենզիա, թե՞ ոչ։ Դրանով զբաղվել են պատկան մարմինները, տեսչությունն է ստուգում արել, կարծում եմ, իրենք պետք է իմանան՝ ով ունի լիցենզիա, ով՝ ոչ։ Վերջին շրջանում ստուգումներ է արել տեսչությունը, սակայն մեզ չեն տրամադրել փաստ, որ որեւէ դպրոց չունի լիցենզիա։ Այնուամենայնիվ, լսելով նախարարին՝ մենք բոլոր դպրոցներին ուղարկել ենք շրջաբերական՝ ստանալու իրենց լիցենզիաները։ Այս պահին մենք հավաքագրում ենք Երեւանի բոլոր դպրոցների տվյալները։

Սակայն կառավարության որոշման հիման վրա չի արգելվել 1-9-րդ դասարաններում իրականացնել կրթական ծրագրեր, որովհետեւ տարրական դպրոցում լիցենզիա ունենալու պահանջ չի ներկայացվել։ Օրենքն էլ չի ունեցել հետադարձ ուժ։ Իսկ դրա համար պետք է պարզաբանում տա լիցենզավորման վարչությունը»։ Ինչ վերաբերում է Ա․ Չեխովի դպրոցին, ապա Աննա Ստեփանյանը հիշեցնում է, որ նա իր գործունեությունն իրականացրել է անցած տարիներին, եւ լիցենզավորման վարչությունը պետք է տա պարզաբանում»։ Աննա Ստեփանյանի հավաստմամբ՝ իրենք նույնիսկ չեն էլ մտածել, որ որեւէ դպրոց կարող է չունենալ լիցենզիա, քանի որ տարիներ շարունակ նրանք իրականացրել են կրթական գործունեություն։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X