Իրավունք

Բանդայի գործով ամբաստանյալներից մեկն ազատ արձակվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանցավոր համաձայնության կամ ինչպես հայտնի է՝ «Բանդայի» գործով այսօրվա նիստին պաշտոնական կողմը միջնորդեց երեք ամբաստանյալի ազատ արձակել։

Քիչ առաջ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց գործով անցնող ամբաստանյալներից Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին կալանքից ազատելու միջնորդությունը: Իսկ Հարություն Սարիբեկյանին դատարանն ազատեց կալանքից:

Միջնորդություն ներկայացրին նաև Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու մասին: Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանն ու «Մեծն Տիգրան» աշխարհազորայինի ազատամարտիկները:

Դատական նիստը դատարանի որոշմամբ հետաձգվեց։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մեկնաբանություն
X