Մանվել Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ․ փաստաբան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է խոշտանգում, քանի որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի տակ մնալու հետ։ Ըստ փաստաբանի՝ պետության կողմից այդ մարդուն կալանավորելը համարվում է ծանր հանցագործություն։ Ասուլիսի ժամանակ Լեւոն Բաղդասարյանը կարդաց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած իր բաց նամակը, քանի որ նա վայելում է համայն հայության աջակցությունը։ Փաստաբանը նշեց, որ շատ դեմոկրատական երկրների առաջնորդներ կերազեին վայելել նման աջակցություն։ Իր նամակում նա, ի մասնավորի, հիշատակեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի ուժն այսօր այնքան հզոր է, որ կարող է ազգի հերոսին ներկայացնել որպես տականք, իսկ տականքին՝ հերոս։

Փաստաբանը տարակուսում է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «մատ թափ տալիս» դատարանների վրա՝ մի կողմից նշելով, որ նրանք անկախ են, մյուս կողմից էլ ասելով, որ ստուգելու են։ Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօր հասարակության մի ստվար հատված ատելությամբ է լցվում դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, սոցիալական ցանցերում հաշվեհարդարի կոչեր են անում։ Այդ առումով փաստաբանը դիմեց վարչապետին՝ ասելով, որ նա պետք է կոչ անի՝ վերջ դնելու հաշվեհարդարի կոչերին։ Նա ասաց, որ պետք է լինի օբյեկտիվ քննություն, պետք է տրվի բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի հիվանդությունների՝ նրա կալանքի հետ համատեղելու հետ կապված։ Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանն ունի քաղցկեղ եւ շաքարային դիաբետ, որոնք ուղղակի բավարար են կալանքի հետ անհամատեղելի լինելու հետ։ Նա դիմեց վարչապետին, որպեսզի վերջինս կոչ անի՝ դադարեցնելու բոլոր տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ, անցկացվի օբյեկտիվ քննություն, հրապարակային ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանից իր պաշտպանյալի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, քանի որ հայտարարել էր նրա՝ կասկածյալ լինելու մասին։ Նա վարչապետին դիմեց նաեւ, որ կոչ անի դադարեցնելու նաեւ Մանվել Գրիգորյանի փաստաբանների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը։

Լրագրողները նկատեցին, որ Մանվել Գրիգորյանը փորձել է խոչընդոտել նախաքննությունը խուզարկության ընթացքում, զանգահարել է իր որդուն եւ հորդորել, որ ոմն Արմեն Հակոբյան իր վրա վերցնի պահեստում հայտնաբերվածը։ Փաստաբանը հակադարձեց, թե ով է ասում, որ այդ տեղեկատվությունը ճիշտ է, ով է ասում, որ այդ ամենը չպետք է օրենքով սահմանված կարգով արժանանա գնահատականի։ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի մասին ելույթները փաստաբանը գնահատեց այսպես․ «ԱԺ-ում խոսում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները, եւ դա իմ կարծիքով, ավելի ծանր հանցագործություն է, քան իմ պաշտպանյալին մեղսագրված մեղադրանքը»։ Hraparak.am-ի հարցին, թե բացի Մանվել Գրիգորյանից, նրա հետ առնչություն ունեցած ի՞նչ անձանց հետ են կատարվել քննչական գործողություններ, փաստաբանն արձագանքեց․ «Տեղի են ունենում քննչական գործողություններ, կա որոշակի նախաքննության գաղտնիություն, Ձեր հարցի պատասխանն ավելի լիարժեք կտա պետական լիազոր մարմինը»։

Մեկնաբանություն
X