Իոաննիսյանը չի կարողացել նույնիսկ ասպիրանտուրայի քննություն հանձնել, ես ի՞նչ կապ ունեմ

Օրեր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Հարությունյանը վերանշանակվեց կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ։

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա խայտառակություն է, քանի որ «բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտների հաստատման համար էր ատկատ ուզում»։ Իոաննիսյանը նաեւ գրել էր, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ եւ ինչի համար) էր Սամվել Հարությունյանն անձամբ իրենից կաշառք ուզել: Դրանից հետո հետգրությամբ նշել էր, որ Սամվել Հարությունյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է: Իոաննիսյանի գրառման տակ մեկնաբանություն էր թողել նաեւ կրթության նախարարը, ով խնդրել էր ներկայացնել կոնկրետ օրինակներ եւ փաստեր։ Այս քննարկումից հետո Սամվել Հարությունյանը նույնպես արձագանքել էր․ հայտարարել էր, որ դատի է տալու Իոաննիսյանին։

Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ գործն ընթացքի մեջ է, եւ սխալ են այն լուրերը, որ ինքը հայցը հետ է վերցրել։ «Երբ լսումներ լինեն, դուք կիմանաք դրա մասին,- ասաց նա ու բացառեց որեւէ կոմպրոմիս։- Մարդը եթե հայտարարություններ է անում, պետք է ստուգված հայտարարություններ անի, չի կարելի մարդուն վիրավորել այդ աստիճանի։ Թող գա՝ բոլորի աչքի առաջ ներողություն խնդրի եւ ասի, որ իրեն սխալ ինֆորմացիա են տվել եւ այլն եւ այլն, որովհետեւ նման բան չի եղել, եւ ինքն ապացույց չի կարող ունենալ, անհնար բան է»։

Այն, որ Իոաննիսյանը խոսել է կոնկրետ քաղաքացու, գիտնականի մասին, ով պատրաստ է անձամբ պատմել մանրամասները, ասաց․ «Թող քաղաքացին գա, տեսնենք ե՞րբ է ինձ փող տվել, որ ես էլ վերցրել եմ այդ փողը եւ կոռուպցիոներ եմ։ Այդպիսի բան չի կարող լինել, դա բացառվում է, հատկապես որ մինչեւ հիմա որեւէ ապացույց չկա։ Նման տաքգլուխ հայտարարություններ անել չի կարելի, 2 անգամ ներում ես, բայց գոնե մեկ անգամ այդ մարդկանց պետք է բացատրել, որ չի կարելի անհեթեթ հիմարություններ հենց այնպես դուրս տալ։ Իոաննիսյանն այն չբավարարված մարդկանցից է, որ, չգիտես ինչու, համարում է, որ ես իրեն խանգարել եմ գիտությամբ զբաղվել, նա չի կարողացել նույնիսկ ասպիրանտուրայի քննություն հանձնել, ես ի՞նչ կապ ունեմ։ Պատկերացրեք՝ իր այդքան զբաղվածության մեջ Իոաննիսյանը բանասիրական ֆակուլտետի ուսանող է եղել։ Ճիշտ է՝ այն ժամանակ, երբ ինքն ընդունվեց, ես արդեն դեկանը չէի, բայց բավականին սահմանափակ հնարավորություններով ուսանող է եղել։ Այդպիսի ուսանողներ ես երկուսուկես հազարի չափ ունեցել եմ։ Սովորաբար աչքի են ընկնում մարդիկ, ովքեր կա՛մ շատ լավ են սովորում, կա՛մ որեւէ օրիգինալ քայլ են արած լինում։ Ես ոչ մի տեսանկյունից հիշել չէի կարող այդ մարդուն, իսկ նրա հայրը բավականին լավ գիտնական է, մինչդեռ նա, առանց հասկանալու, հայտարարություններ է անում, մեղադրում կառույցին եւ նրա ղեկավարին»։

Սամվել Հարությունյանն ասում է, որ իր վերանշանակումն այս պաշտոնում ամեն ինչ ասում է, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոշորացույցով է նայում կոռուպցիոն անցյալ ունեցողներին․ «Այդ մարդը պետք է տարրական գիտելիք ունենա եւ հասկանա, որ եթե ես նախկին իշխանությունների օրոք աշխատել եմ եւ վերանշանակվել եմ, դրանով ամեն ինչ ասված է»։

Հարությունյանը պահանջում է Իոաննիսյանից հրապարակային ներողություն խնդրել իրենից․ «Իսկ դրամական փոխհատուցում եթե ուզեմ, ապա իր տված գումարն ինձ պետք չէ, դա կփոխանցեմ որեւիցե որբանոցի»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ լիազորված չէ ԿԳՆ-ի կողմից ասելու՝ ընդունե՞լ են այդ գիտնականին, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Սամվել Հարությունյանի պատրաստակամությանը՝ այդ գիտնականի հետ հանդիպելու հարցում, Իոաննիսյանը զարմացավ․ «Սամվել Հարությունյանը պետք է այդ գիտնականին ընդունի, որ նա Սամվել Հարությունյանին պատմի, թե ոնց է նա իրենից ատկատ ուզել, որտե՞ղ է տրամաբանությունը»։ Նա հավելեց, որ ո՛չ պաշտոնական հայցադիմում է ստացել, ո՛չ էլ տեղեկություն ունի սկսված դատական գործընթացի մասին, ավելին՝ լրագրողներից է իմանում նրա դատարան դիմել-չդիմելու մտադրությունների մասին․ «Այն, ինչ ասել եմ, պատրաստ եմ նաեւ դատարանում ապացուցել, որ ճիշտն եմ ասել»։

Անդրադառնալով Հարությունյանի այն մտքին, որ իր վերանշանակումն այս պաշտոնում ամեն ինչ ասում է, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոշորացույցով է նայում կոռուպցիոն անցյալ ունեցողներին, Իոաննիսյանն ասաց․ «Ինքը համարում է, որ եթե Փաշինյանն իրեն վերանշանակել է, ուրեմն ինքը կոռուպցիոներ չէ՞․ հետաքրքիր տրամաբանություն է։ Այսինքն՝ բոլոր այն մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանը երբեւիցե կնշանակի, ապրիորի պետք է ասենք, որ այդ մարդիկ կոռուպցիոներ չե՞ն։ Դա օբյեկտիվ պնդում չէ եւ ոչ էլ փաստ»։ Նա նշեց, որ այս պահին փաստերն են հավաքում կոռուպցիայի մասին․ «Անկախ նրանից՝ ինքը դատի տալու է, թե չէ, մենք փաստերը հավաքում ենք, եւ ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ ինքն այդ պաշտոնին հաշված օրեր կամ շաբաթներ կմնա։ Հետո՝ հարցը միայն այդ գիտնականը չէ, այնտեղ կոռուպցիոն դրսեւորումները եղել են շատ տարբեր, տարատեսակ՝ սկսած կոռուպցիայից, որը քրեորեն պատժելի է, վերջացրած կոռուպցիայով, որը Հայաստանի օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ, բայց ակնհայտ կոռուպցիա է, օրինակ՝ երբ գրանտ տվողն ու ստացողը նույն անձն է։ Այնքան բան կա՝ համբերությամբ լցվեք եւ սպասեք․ ունենալու ենք հետաքրքիր բացահայտումներ»։

Ինքն անձնապես առիթ ունեցե՞լ է կոռուպցիայի դրսեւորումների հետ բախվելու՝ Սամվել Հարությունյանի ղեկավարած կառույցի շրջանակներում, Իոաննիսյանն ասաց․ «Այո, այդ թվում ես անձամբ բախվել եմ կոռուպցիոն դրսեւորումների հետ։ Ինձանից կաշառք կամ ատկատ չեն ուզել, բայց կոռուպցիոն դրսեւորման հետ բախվել եմ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X