Մանվել Գրիգորյանին կզրկեն Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

Ընդամենը մի քանի ժամից կկայանա Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու նիստը։ Մեր տեղեկություններով՝ Արթիկի ավագանու անդամները օրակարգում քննարկելու են գեներալ Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Կապ հաստատեցինք ավագանու անդամ Մեսրոպ Վարագյանի հետ՝ ճշտելու լուրը։ «Այո, ճիշտ եք, նա Արթիկի պատվավոր քաղաքացի է, այսօր քննարկելու ենք նրան այդ կոչումից զրկելու հարցը։ Եվ կարծում եմ, որ ավագանու բոլոր անդամներն էլ կողմ կքվեարկեն»-ասաց ավագանու անդամը։

Որքան էլ փորձեցինք տեղեկություն հավաքել, թե որ արժանիքի համար է Մանվել Գրիգորյանն արժանացել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչմանը, այդպես էլ չհաջողվեց։ Միայն գիտենք, որ նա այդ կոչմանն արժանացել է 2006 թ-ին։ Արթիկցիներն իրենք էլ զարմացան, երբ լսեցին, որ նա Արթիկի պատվավոր քաղաքացի է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կապան համայնքում ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը եւ զրկել նրան Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:

Ավելի ուշ տեղեկացանք, որ նիստը կայացել է, որոշումն՝ ընդունվել․ ավագանու 11 անդամ միաձայն կողմ են քվեարկել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X