Ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնի համար նոր թեկնածու է ի հայտ եկել

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո՝ արդեն 7 ամիս, թատրոնը չունի գեղղեկավար, որի պաշտոնը դարձել է կռվախնձոր եւ անառողջ քննարկումների առիթ թե՛ թատրոնի ներսում եւ թե՛ դրանից դուրս։

Եթե մինչեւ երեկ այս պաշտոնին հավակնում էին Ալ․ Գրիգորյանի դուստր, բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանը եւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, ապա նախօրեին հենց թատրոնում հնչեց եւս մեկ թեկնածուի անուն։

Բանն այն է, որ երեկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել էր թատրոն՝ հանդիպելու թատրոնի ստեղծագործական եւ դերասանական կազմի հետ։

Դերասանների մի մասի պնդմամբ՝ իրենց համար միեւնույն է, թե ով կնշանակվի՝ Նորա Գրիգորյանը, թե Ռոբերտ Հակոբյանը, կարեւորը՝ ունենան գեղղեկավար, որովհետեւ դրա բացակայությունը խանգարում է ստեղծագործական աշխատանքին, եւ եթե շատ հետաձգվի այս գործընթացը, իրենք կգլորվեն անդունդը։

Դերասաններից մեկն իր խոսքում նշեց, որ առավոտյան գալով թատրոն՝ պատահաբար իմացել է, որ նույն օրն ընտրության պետք է մասնակցեն, այն դեպքում, երբ ծանոթ չեն թեկնածուներից եւ ոչ մեկի ծրագրին, իսկ դրա համար ժամանակ է պետք։

Մշակույթի նախարարն էլ իր հերթին վստահեցրեց ներկաներին, որ մի ընդհանուր մոտեցում ունի այս հարցում, այն է, որ ներկայացված լինի ոչ միայն թատրոնի, այլեւ յուրաքանչյուրի շահը, եւ կարեւոր չէ, որ կան տարաձայնություններ, միեւնույն է՝ ընդհանուր շահը, մոտեցումները նույնն են, եւ ամեն ինչ ընթանալու է սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։ «Չեմ կասկածում, որ ձեր պրոֆեսիոնալիզմը հաղթելու է, եւ կայացնելու եք լավագույն որոշումը, որը բխելու է թատրոնի շահերից»,- ասաց նա ու նկատեց, որ այս պաշտոնին կարող են հավակնել ոչ միայն 3, այլեւ 4, 5, 10, 20 մարդ, ինչի հնարավորությունը կա․ «Եթե մարդիկ ուզում են ներկայացնել ծրագիր, կարող են առաջադրել, որեւէ մեկը չի կարող սահմանափակել մյուսի իրավունքը»։

Դերասաններից մեկն ասաց, որ մեծ ցավ է ապրում այս իրավիճակից, քանի որ իրենք չեն կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է լինի գեղղեկավարը, եւ բաժանվել են խմբերի։

Բեմադրիչ Նորա Գրիգորյանն այդժամ ձայնի իրավունք խնդրեց եւ նշեց, որ իր ծրագիրը վաղուց գրված է, բայց չի ցանկացել ներկայացնել հենց այն մարդկանց, ովքեր անառողջ մթնոլորտի պատճառով իրեն դեմ են եղել․ «Ես ցանկացել եմ, որ նշվի օր, երբ ես կկարողանամ ամբողջ կոլեկտիվի առաջ ներկայացնել իմ ծրագիրը։ Այդ պատճառով մինչ այս, ծրագրերը չեն ներկայացվել, եւ ես սպասել եմ այս օրվան ու պատրաստված եկել եմ, որ ներկայացնեմ իմ ծրագիրը»։

Սակայն այստեղ դերասանուհիներից մեկը խոսքի ձայն խնդրեց եւ նախարարին հորդորեց չշտապել հեռանալ, քանի որ հենց նրա ներկայությամբ են ուզում հայտարարել իրենց թեկնածուի անունը, իսկ իրենք 18 հոգի են եւ գեղղեկի պաշտոնում տեսնում են Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող ռեժիսոր Կարեն Ներսիսյանին։

Ըստ դերասանների այդ խմբի՝ իրենք համաձայն չեն առաջադրված 2 թեկնածուին էլ․ եթե Նորա Գրիգորյանը չունի այն մասնագիտական փորձն ու հմտությունը, որ պահանջվում են գեղարվեստական ղեկավարի համար, ինչպես նաեւ չի վայելում մասնագիտական այն հեղինակությունը, ինչը թույլ կտար իրեն ղեկավարել թատրոնը, ապա Ռոբերտ Հակոբյանն էլ, ըստ նրանց, չի կարող լինել այդ պաշտոնում՝ մասնագիտական որակների բացակայության պատճառով։ Ուստի, իրենք՝ ստեղծագործական խմբի մի մասը, հարցի լուծումը տեսնում է ՌԴ-ում ապրող եւ ստեղծագործող ռեժիսոր Կարեն Ներսիսյանի թեկնածության մեջ․ «Նա լիովին համապատասխանում է ստեղծագործական պահանջներին, ունի մոտ 25 տարվա բեմադրիչի եւ ղեկավարի փորձ, աշխատել է մի քանի թատրոններում՝ որպես գլխավոր ռեժիսոր, ավելին՝ Ալ․ Գրիգորյանի ռեժիսորական կուրսի ուսանող է եղել եւ կարող է շարունակել նրա ձեռագիրը թատրոնում։ Ըստ մեր տվյալների՝ Կարեն Ներսիսյանը պատրաստ է համագործակցել մեզ հետ, ստեղծագործել իր հայրենիքում եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի այդ առաջարկը, եթե այն կրի պաշտոնական բնույթ»։

Կարեն Ներսիսյանի անունը լսելուց հետո թատերախմբի մի մասը սկսեց «գուգլել» եւ փնտրել նրա մասին ցանկացած ինֆորմացիա։ Դերասաններից շատերն ըմբոստացան, թե չեն կարող գեղղեկավար ընտրել մեկին, եթե ո՛չ նրան են ծանոթ, ո՛չ նրա ներկայացումներին, ուստի Ներսիսյանն առնվազն պետք է գա եւ անձամբ ներկայացնի իր ծրագիրը․ «Եթե կա թեկնածու, մենք պետք է տեսնենք այդ թեկնածուին, հասկանանք՝ ինչ կարող է մեզ հետ անել։ Մինչեւ նա չաշխատի, բեմադրություն չանի մեզ հետ, իրավունք չունի լինել մեր գեղարվեստական ղեկավարը»։ Նախարարը նույնպես համաձայնեց․ մասնակցության հայտ ներկայացնողը պետք է ներկա լինի, թե մասնակցության ինչ ձեւաչափ կընտրվի՝ դա կորոշի թատրոնը։ Ներկա դերասաններից մեկը հիշեց, որ Ներսիսյանն 90-ականներին 2 ներկայացում է բեմադրել այս թատրոնում, որոնք, սակայն, կարճ կյանք են ունեցել։

Դերասան Սերգեյ Մաղալյանի կարծիքով՝ կարելի է ներկայացնել շատ գեղեցիկ ծրագրեր, բայց դրանք իրականացնելն է դժվար, իրենք կորցրել են թատրոնի գլուխը, որն Ալեքսանդր Գրիգորյանն էր։ «Շատ բարդ կոլեկտիվ է, հարաբերությունները շատ բարդ են դերասանների միջեւ, երկու դերասանի կարող ես տալ նույն դերը, 2 լավ ընկերներ կդառնան թշնամի, եւ հաշտեցնել այդ երկուսին կարող է միայն բեմը»,- նշեց նա ու հավելեց, որ ողջունում է համարձակներին, ովքեր ուզում են դառնալ թատրոնի գեղղեկ, բայց, օրինակ, ինքն այդ համարձակներից չէ, քանի որ դա շատ բարդ գործ է․ «Իմ սիրտը ցավում է այս թատրոնի համար, եւ ես պարզապես ցանկանում եմ, տիկին նախարար, որ Ձեր սիրտն էլ ցավի»։

Նախարարը հակադարձեց՝ եթե սիրտս չցավեր, այսօր այստեղ չէի գտնվի․ «Իմ գալու հիմնական նպատակն այն է, որ փորձենք կառուցողական դաշտում ամեն ինչ կարգավորել․ միակ խնդրանքս սա է։ Նաեւ հիշեցնեմ․ ով ինչ ուզում է ասի, որեւէ մեկը ձեզ հրաման իջեցնել չի կարող, եւ դուք եք ընտրելու ձեր գեղղեկավարին»։

Դերասաններից մեկն էլ առաջարկեց, որ թեկնածուները ներկայացումներ բեմադրեն, իսկ իրենք ըստ այդմ կողմնորոշվեն եւ ընտրեն։ Բայց հենց դերասանների միջեւ հակասություն առաջացավ այս հարցի շուրջ՝ ինչպե՞ս կարելի է ներկայացումով ընտրել գեղղեկավար։

Երկար ձգված քննարկումից հետո նախարարը նշեց, որ ճիշտ կլինի հստակ ժամկետներ նշել․ սկզբում նշվեց սեպտեմբերի 5-ը, բայց քանի որ հուլիսի կեսերից թատրոնն արձակուրդ է գնալու, ապա, որպես վերջնաժամկետ, նշվեց հոկտեմբերի 1-ը։ Մակունցը որոշեց՝ քանի որ իրավիճակը ճգնաժամային է, ու եւս 3 ամիս պետք է մնան առանց գեղղեկավարի, ապա ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց տնօրեն Ֆրեդ Դավթյանին, ով իր հերթին նշեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու գեղղեկավարի պաշտոնում։ Դերասաններից մեկը դահլիճից ռեպլիկ արեց՝ Սերժն էլ էր այդպես ասում, ինչին Դավթյանը եւս մեկ անգամ հակադարձեց՝ չի առաջադրվելու, թեպետ ունեցել է նման հնարավորություններ։

Գեղղեկավարի հավակնորդներից դերասան Ռոբերտ Հակոբյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակից մի բան է հասկանում՝ թատրոնի 39 անդամներից 18-ն արդեն Կարեն Ներսիսյանի կողմնակիցներն են, 21-ը՝ պարզ չէ, թե ինչպես են մտածում․ «Ինձ թվում է՝ նախարարությունն իր կողմից էլ մի քանի հոգի պետք է առաջարկի»։ Սակայն Մակունցը նշեց, որ իրենք իրավական նման լծակներ չունեն, միայն կարող է կոչ անել բոլորին՝ մասնակցել եւ իրենց ծրագրերը ներկայացնել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X