Հարցաքննություն «Մանվելի գործով». լրագրային շանսոն

-Անուն, ազգանուն, հայրանուն:

-Արջ:

-Ազգանուն, հայրանուն…

-Հորս էլ էին Արջ ասում…

-Ազգանուն…

-Մեզ մեկ Գորշ են ասում, մեկ` Ծուռթաթ, չգիտեմ` սրանցից որն է:

-Ինձ թվում է` դու լավ չես հասկանում, թե որտեղ ես գտնվում: Ազգանուն:

-Գրեք` Գորշ:

-Տաաաակս, Գորշ Արջ Արջի: Ծննդյան թիվ, օր, ամիս, վայր:

-Եթե չեմ սխալվում` Խոսրովի անտառ, կաղնու տակ, պակաս տարի էր, ճիշտ օրը չեմ հիշում, բայց օգոստոսի վերջն էր: Հերս ասում էր` ձեր մերը միշտ աշունը չեկած է ծնում:

-Տաաակս, կգրենք` օգոստոսի 28:

-Ինչո՞ւ 28:

-Լսիր, կասկածյալ Արջ, այստեղ հարցերը ես եմ տալիս: Եվ այսպես, ի՞նչ գիտես սննդամթերքի պահեստների, դրանց մատակարարումների մասին` ով էր բերում, ինչ էին բերում, ինչով էին բերում, ով էր կարգադրություններ անում:

-Պահեստն ի՞նչ է:

-Ձեռ ե՞ս առնում, արա, բա էն կորմը, որ տալիս էին քեզ, պահեստից չէի՞ն տալիս, թե՞ օդից էր ընկնում:

-Չէ, օդից ոչ մի անգամ չի ընկել, ճաղերի հետեւից էին գցում կամ դռան արանքից:

-Լավ, ո՞վ էր տալիս կերը:

-Աշխեն տոտան:

-Նայիր այս լուսանկարին, Մանվելն է, ճանաչո՞ւմ ես:

-Մանվե՞լ, չէ, ես նրան Զորավար եմ ճանաչում` բոլորն այդպես էին ասում:

-Տեսե՞լ ես, որ նա պահեստների մոտ հրահանգներ տա, հրամայի` էս յաշիկներն ըստեղ դրեք, ընդեղ դրեք:

-Չէ, նա մենակ քֆուրներ էր տալիս:

-Ո՞ւմ էր քֆուր տալիս:

-Բոլոր ձեզ նման երկոտանիներին: Մեկ-մեկ էլ քացով քամակներին էր տալիս:

-Մեզ նմաններին մարդ են ասում, Արջ, մարդ, հասկացա՞ր:

-Հա:

-Դե լավ: Ի՞նչ էին տալիս ձեզ ուտելու: Մասնավորապես տուշոնկա տվե՞լ են:

-Տուշոնկան ի՞նչ է:

-Դա թիթեղյա կլոր տուփ է, վրան կովի գլուխ է նկարած, մեջը` միս:

-Չէ, մեզ կովի գլխով կլոր տուփ չեն տվել:

-Իսկ մի՞ս:

-Տոն օրերին միայն: Վագրին էին հաճախ միս տալիս` մեծ կտորներով, ոսկրոտ: Իմ առաջ փրթած խնձոր, տանձ, թրջած հաց էին լցնում հիմնականում:

-Փաստորեն` դու պնդում ես, որ վագրին մսով էին կերակրում:

-Հա, մեծ-մեծ կտորներով: Էդ անխիղճը շրթունքներն այնպես էր լիզում, որ լոզերս գնում էին:

-Հնարավո՞ր է, որ դա տուշոնկայի բանկայից հանված միս էր: Այ, այս բանկայի մասին է խոսքը:

-Դրա մեջ միս կա՞:

-Հա:

-Վախ, կտա՞ք ուտեմ, գոնե հոտ քաշեմ:

-Վաղո, այ Վաղո…

-Լսում եմ, պարոն քննիչ:

-Վաղո, տուշոնկայի բացիչը բեր:

-Գրպանումս է, պարոն քննիչ, թույլ կտա՞ք բացեմ:

-Բացիր:

-Առ, Արջ, հոտ քաշիր, կարող ես նաեւ համտեսել…

-Փռռռ:

-Ի՞նչ պատահեց…

-Էս ի՞նչ էր, մամա ջան: Սա ուտելո՞ւ է: Չէ, Վագրին սրանից չեն տվել, ես հոտը կառնեի:

-Լավ, ուրիշ ի՞նչ գիտես Մանվելի մասին:

-Զորավարի՞: Հա, կարող եմ ասել, որ նա երկոտանիների առաջնորդն էր, վոժդը:

-Արջերը միայնակ են ապրում: Դու ի՞նչ գիտես վոժդն ինչ է:

-Գայլն էր պատմում: Նա էլ ժամանակին վոժդ է եղել իր ցեղակիցների մեջ, բայց պատահաբար բռնվել էր ու բերվել այստեղ: Հետո տարան նրան, ուր՝ չգիտեմ:

-Մանվելը ձեզ լա՞վ էր վերաբերվում:

-Եսիմ:

-Վերջին անգամ ե՞րբ ես տեսել Մանվելին:

-Էն օրը առավոտ, որ դմակավոր երկոտանիները եկան:

-Ովքեր եկա՞ն:

-Դմակավոր երկոտանիները:

-Դիմակավոր, Արջ, դիմակավոր մարդիկ:

-Հա, Աշխեն տոտան ինքն իրեն խոսում էր, թե ուժեղ մասկի-շոու է: Ես հեռուստացույց չունեմ, որ նայեի: Վաղոյին կասե՞ք` մի հատ հեռուստացույց դնի ինձ մոտ:

-Վաղո, Վաղո…

-Լսում եմ, պարոն քննիչ:

-Տարեք սրան:

-Ո՞ւր, պարոն քննիչ, գազանանոցից ասել են, որ իրենք այլեւս կոռումպացված կենդանիներ չեն ընդունում:

-Իսկ դուք մի ասեք, որ Արջը Մանվելինն է:

-Մենք չասենք, պարոն քննիչ, ինքն է այնտեղ գլուխ գովալու, որ Մանվելի պիտոմնիկից է:

-Ուրեմն վերադարձրեք իր խուցը, ըըըը, վանդակը:

-Լսում եմ, պարոն քննիչ, տանել վանդակ:

-Վագրին բերե՞լ եք արդեն:

-Հա, դռան հետեւում է, ներս բերե՞մ:

-Չէ, նախ կուշտ կերակրեք, հետո: Արջն ասում է՝ դրանք միս շատ են սիրում, մեկ էլ տեսար…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X