Ստուգել էինք եւ պարզել, որ Երեւանում 3-4 դպրոց չունեն արտոնագիր․ կրթության տեսչության նախկին պետ

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հայտնաբերել է, որ Երեւանի Ա․ Չեխովի անվան դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր։ «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար։ Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում։ Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք։ Առայժմ այսքանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

Արդյոք նախկինո՞ւմ էլ է եղել հանրակրթական դպրոցների արտոնագրման հետ կապված խնդիր, քանի՞ այդպիսի դպրոց կա ՀՀ-ում, ժամանակին կրթության պետական տեսչությունը անցկացրե՞լ է ստուգումներ՝ պարզելու դպրոցներն ունե՞ն արտոնագիր, թե՞ ոչ։ Կրթության պետական տեսչության նախկին ղեկավար Արամ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ արձագանքեց․ «Հանրակրթական բոլոր դպրոցներն արտոնագրված են։ Ինչ վերաբերում է սահմանային տեղերի խախտմանը, ապա Երեւանի բոլոր մանկապարտեզների խմբերում է սահմանային թիվը խախտված։ Մենք ժամանակին մեր ստուգումներում ասել ենք, թե որ դպրոցներում, որ մանկապարտեզներում է սահմանային թիվը խախտված։ Սահմանային թիվ կա սահմանված, որից բարձր իրավունք չունես երեխաների ընդունել մանկապարտեզ կամ դպրոց։ Ամեն մի դպրոց ունի իր սահմանային թիվը, եւ դա որոշում է պետական լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ նախարարությունը։ Իսկ սահմանային թիվը կախված է տվյալ դպրոցի շենքի հնարավորություններից։ Ասենք, օրինակ, այդ շենքը կարող է սպասարկել 790 աշակերտի, որովհետեւ ամեն մի երեխայի համար տարածք է անհրաժեշտ։ Բայց եթե այնտեղ 1000-ից ավելի երեխա կա, դա արդեն պահանջի խախտում է։ Երեւանի դպրոցների 60 տոկոսից ավելին այդ սահմանային թիվը չեն էլ կարողանում ապահովել, սահմանային թվի գերազանցումը մի քանի դպրոցների իրավունքն է, որտեղ երեխաները շատ են։ Դրանք են՝ Պուշկինի, Նիկոլ Աղբալյանի, Չեխովի, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցները»։

Ա․ Չեխովի անվան դպրոցին անդրադառնալով էլ՝ Արամ Կարապետյանը նշեց, որ այդ դպրոցն ունի լրացուցիչ շինություններ։ «Որքան գիտեմ, Չեխովի անվան դպրոցում կար նորակառույց մասնաբաժին, որտեղ կարող էին ավելացնել երեխաների թիվը։ Այդ դպրոցում հերթ է, ամեն տարի շատերը դուրս են մնում, չեն կարողանում ընդունել։ Չեխովի անվան դպրոցը կառավարության որոշմամբ դարձել է հիմնական դպրոց եւ կարող է իրականացնել հիմնական դպրոցի ծրագրեր, տվյալ դեպքում՝ մինչեւ 4-րդ՝ տարրական դասարանների եւ մինչեւ 9-րդ՝ հիմնական դպրոցի ծրագրեր։ Իսկ ավագ դպրոցի ծրագիր նա չի կարող իրականացնել »,- ասաց կրթության պետական տեսչության նախկին պետը։ Հետո նա հիշեց, որ իր օրոք իրականացված ստուգումների արդյունքում Երեւանի գրեթե բոլոր դպրոցները, բացառությամբ 3-4 դպրոցների, որոնց մեջ էր նաեւ Չեխովի անվան դպրոցը, ունեցել են լիցենզիա։ «Մենք այն ժամանակ արձանագրեցինք այդ փաստը եւ նախկին նախարարին ու Երեւանի քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանին տեղյակ պահեցինք, որ այդ դպրոցներից երեքը չունեն արտոնագիր։ 6-7 ամիս է անցել, չե՞ն կարողացել լիցենզիա ձեռք բերել»,- հարցնում է մեր զրուցակիցը։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չունի որեւէ տվյալ, թե որ դպրոցները չունեն կրթական գործընթաց կազմակերպելու համար արտոնագիր։ Նա խոստացավ տվյալներ տրամադրել ավելի ուշ, երբ կհասցնի ծանոթանալ տեսչության կողմից 2017թ․ կատարված ուսումնասիրությանը։

Կրթության տեսչական մարմինն, ըստ Շագաֆյանի, զբաղված է դիմում- բողոքները սպասարկելով, ստուգումներ եւ ուսումնասիրություններ էլ կանցկացնեն այն ժամանակ, երբ կառավարությունը կհաստատի տեսչական մարմնի ստուգաթղթերը։ Հարցին, թե ինչու տեսչական մարմնի ստուգաթղթերը հաստատված չեն, ամիսներ են անցել նրա ձեւավորումից հետո, Ալեքսանդր Շագաֆյանը հստակ պատասխան չտվեց։ Միայն ասաց, որ դեռ ապրիլին էին ներկայացրել ստուգաթղթերի նախագծերը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X