«Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ից մինչև «Առողջ Սունկ». ի՞նչ են քննարկել պատասխանատուները մարզպետի հետ

Օրեր առաջ «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի գործադուլի դուրս եկած աշխատակիցներին հանդիպել եւ զրուցել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով վերջիններիս վստահեցրել է, որ Կոտայքի մարզպետարանում հանդիպելու են գործարանի սեփականատիրոջ հետ հասկանալու, թե ինչից է ծագել խնդիրը եւ ինչ լուծումներ կարող են գտնել՝ նվազագույնի հասցնելու կրճատվողների թիվը եւ օգնելու գործարանի բնականոն աշխատանքին. «Յուրաքանչյուրի շահը պետք է ավարտի այնտեղ, որտեղից կսկսվի մյուսի իրավունքները: Հստակ ասվեց գործատուին, որ հարկադիր պարապուրդի ուղարկելու համար հրահանգները, որ դիմում գրեք, այլեւս անընդունելի է այս մարզում:

Քաղաքացին պետք է իրազեկվի օրենքով սահմանված կարգով եւ պետք է գործատուի կողմից վճարի պարտադիր հարկադիր պարապուրդի ուղարկելու բոլոր փոխհատուցումները, արձակուրդայիները, որը մեծ գումար է կազմելու: Տնօրինութունը կմտածի՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չի 1-2 ամիս պահի այդ աշխատողներին, քան այդքան հարկադիր պարապուրդների վճարումներ կատարի: Քաղաքացիներին էլ բացատրվեց, որեւէ ծայրահեղ կոչերի ժամականը չէ, եւ եթե գործադիր տնօրենը որոշել է ձեզ ուղարկել հարկադիր պարապուրդի, եւ դուք ստանում եք հավուր պատշաճի իրազեկումը, ապա օրինական դաշտում որեւէ անելիք դուք չունեք, քան դիմել դատարան, որը երկար ու ձգձվող պրոցես է: Այս ամենից խուսափելու համար ես կոչ արեցի երկու կողմերին իրար ձեռք սեղմել»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ մարզպետի աշխատողների ներկայացուցիչները երաշխավորել են, որ որեւէ սաբոտաժ, գործադուլ չեն անելու, գործատուն էլ երաշխավորել է, որ անօրինական կրճատումներ չեն լինելու. «Պայմանավորվեցինք, որ 10 օր ժամանակ ենք տալիս գործատուին, որպեսզի բանկի հետ կապված պրոցեսը մեկնարկի նորմալ կերպով, որպեսզի կարողանա առողջացնել բիզնեսը եւ շատացնել աշխատատեղերի թիվը, հակառակ պարագայում իրենք կգնան սնկացման եւ կփակեն ֆաբրիկայի դռները ու կհեռանան, որը արդեն ոչ թե 60, այլ 160 աշխատակիցների աշխատատեղերի խնդիր կլինի: Ես փոխմարզպետին հանձնարարել եմ օգնել գործատուին, անգամ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել բիզնեսի առողջացման ծրագրում, կքննարկել բիզնես ծրագրերը եւ ներդրումային ամբողջ ցիկլը»:

Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Առողջ Սունկ» գործարանին: Քանի որ Բյուրեղավանի քաղաքի բնակիչները, Նուռնուսի ամառանոցների սեփականատերերը պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում «Առողջ սունկ» ընկերության Բյուրեղավանի արտադրամասի դեմ: Նրանք դժգոհում են արտադրամասի տարածած գարշահոտությանից:

Մարզպետը ասաց, որ մինչեւ իր նշանակումը այդ ընկերությունը հանդիպում է ունեցել ՏԿԱԻ նախարարի հետ, եւ որոշում է կայացվել, եթե 6 ամսվա ընթացքում գործատուն վերջնական չի լուծի այդ խնդիրը, կքննարկվի գործարանի տեղափոխման հարցը. «Ես հանդիպում եմ ունենալու գործարանի պատասխանատուի հետ եւ քննարկելու ենք այդ գործընթացի ժամանակագրությունը, այսինքն՝ 2ամիս անց ինչ ունենք այդ ուղղությամբ, 3 ամիս անց ինչ է կատարվել, որպեսզի հասկանանք ճիշտ ուղղով ենք գնում, թե 6 ամիս սպասում ենք, տեսնում ենք ոչինչ չի լինում եւ խնդիրը նորովի է բարձրանում: Այդ դեպքում արդեն վերապայամավորվում ենք գործարանը այլ վայր տեղափոխելու համար»,-եզրափակեց մարզպետը:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X