Օրական 200 դրամով միլիոններ են գանձվել․ Գյումրի Բ/Կ-ի տարածքում ավտոմեքենաների կայանումն այլևս անվճար է

Երեկվանից Գյումու ԲԿ-ի տարածքում ավտոմեքենաների կայանումն այլևս անվճար է: Մինչ այդ տարիներ շարունակ հիվանդանոցի այցելուները 5 րոպե ավտոմեքենան տարածքում կայանելու համար 200 դրամ էին վճարում։ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլերից մեկն էլ թերևս սա էր։

Իսկ թե ի՞նչ նպատակի են ծառայել մինչ այդ կայանման համար մուծված վճարները, դեռևս պարզելու են։ Օրական 200 դրամ հարյուրավոր քաղաքացիներից գանձելով՝ տարեկան կտրվածքով միանշանակ միլիոնավոր դրամներ են գրպանվել։ Ինչպես երևում է, միայն Գյումրի Բ/Կ-ի տարածքով հարցը չի լուծվում։ Այսպես կոչված ստայանչիկներն ամենուր են։

Գյումրու կենտրոնական շուկայի տարածքում 6 շարքով կանգնում են ավտոմեքենաներ։ Վարորդների խոսքերով, ստայանչիկիներին ճանաչում են․ տուն են պահում, խեղճ տղամարդիկ են, շատ անգամ գումարը տալիս են խղճահարությունից դրդված։

Հարց է առաջանում, թե այդ խեղճ տղամարդիկ հավաքված գումարն իրենց գրպա՞նն են դնում, թե՞ վերադասին տալիս։ Գյումրիի «Վարդանանց» հրապարակում՝ անմիջապես քաղաքապետարանի քթի տակ՝ եղևնիների հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, վարորդներին անակնկալի է բերում մի կին, ով ինչպես քաղաքացիներն են ասում, աջ ու ձախ փող է հավաքում, իսկ երբ ընդդիմանում են, չի զլանում հայհոյանքներ հնչեցնել։

Ուշագրավ է, որ դեռ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202-Ն որոշմամբ Գյումրու ավագանին հաստատեց համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016 թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար:

Որոշումն ուժի մեջ է մոտ 2 տարի, սակայն անհայտ անձինք շարունակում են ապօրինի գումարներ գանձել վարորդներից: Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այդ անձիք ոչ մի կերպ չեն առնչվում իրենց հետ ու քաղաքապետարանի աշխատակիցներ չեն, եւ այսքան ժամանակ չկարողանալով հարցը լուծել, մարզպետի ուշադրությունն են հրավիրում այդ փաստի վրա։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X