67 մլն ՀՀ դրամ՝ չկատարված աշխատանքների դիմաց

Նոր կառավարության օրոք հայտնաբերվող ֆինանսական չարաշահումների, խախտումների մասին լուրերի տեղատարափն օր օրի թափվում է ընթերցողի գլխին՝ հերթական անգամ բացահայտելով բարձրաստիճան եւ միջին պաշտոնյաների ագահության ու օրինազանցության սահմանները։

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների վերաբերյալ ուղարկել էինք հետեւյալ հարցերը։ 1. 2018թ․ մայիսի 22-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր հոդված, համաձայն որի՝ Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2017թ․ իրականացված ստուգումների արդյունքում մշակույթի նախարարությունում եւ նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում արձանագրել է պետական միջոցներից ստացվող գումարների ծախսման 521․3 մլն դրամի խախտման փաստեր։ Ստուգումները վերաբերում են մշակույթի նախարարության 2014-16թթ․ գործունեությանը։ Պարզվել է, որ մշակույթի նախարարությունում արձանագրված 521․3 մլն դրամից 504․6 մլն դրամը ենթակա է վերադարձման (վերականգնման/ վերաձեւակերպման) պետական բյուջե։

ՀՀ դատախազությունն արդյոք հարուցե՞լ է քրեական գործ՝ նշված խախտումների փաստերով։ 2․ Հայտնաբերվե՞լ են խախտումներ կատարող անձինք։ 3․ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում խախտումների արդյունքում յուրացված գումարները պետբյուջե վերադարձնելու ուղղությամբ։ Եվ ահա, ի պատասխան մեր 13.06.2018թ գրության՝ ՀՀ դատախազությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում ուսումնասիրվում են ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունում և նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում իրականացված ստուգումների հիման վրա կազմված ակտերը՝ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու, հանցագործության մասին մատնանշող առերևույթ հատկանիշների առկայության դեպքում քրեական գործ հարուցելու նպատակով:

Մեզ ուղարկված պատասխանում նշվել է նաեւ, որ դեռևս 21.03.2018թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա, որը ՀՀ գլխավոր դատախազություն էր ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարությունը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ դատախազությունից մեզ հայտնել են նաեւ, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետևանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ, նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ և փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: «Ինչ վերաբերում է արձանագրված 504,6 մլն դրամի վերականգնմանը/վերաձևակերպմանը, ապա ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ արդեն իսկ վերականգնվել/վերաձևակերպվել է շուրջ 500 մլն դրամ»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ էլ խոստացել են հայտնել լրացուցիչ:

Մեկնաբանություն
X