Ինչի՞ց է խոսում

Լրագրողն Արցախի ԱԺ նախագահին հարցրել է՝ Բակո Սահակյանը հայտարարել է, որ թեկնածությունը չի առաջադրի 2020թ. նախագահական ընտրություններին, ու՞մ է տեսնում այդ պաշտոնում եւ ստացել այս պատասխանը. «Արցախում սահմանադրական մշակույթն ու ժողովրդավարական ավանդույթները վեր են ամեն ինչից, և այդ արժեհամակարգից շեղում չէր էլ կարող լինել: Մյուս բոլոր ենթադրությունները քաղաքական շահարկումների ոլորտից են», իսկ հաջորդ նախագին կորոշի ժողովուրդը:

Եւ անմիջապես ծագում է հարց. եթե ժողովրդավարական ավանդույթները եւ սահմանադրական մշակույթն իրոք ամեն ինչից վեր էին, ապա ինչու՞ Ազգային ժողովը երրորդ՝ անցումային ժամկետով նախագահ ընտրեց սահմանադրական լիազորությունների ժամկետն սպառած Բակո Սահակյանին: Եւ ինչու՞ նա պաշտոնն ստանձնելիս չհայտարարեց, որ այդուհետեւ նախագահի թեկնածու չի առաջադրվելու, անցումային շրջանի լիազորությունները ծառայեցնելու է սահմանադրական կարգի ամրապնդմանը, ժողովրդավարության հաստատմանը, պետական կյանքի լիբերալացմանը, քաղաքական համակարգի կայացմանը: Բակո Սահակյանը վերստին նախագահի թեկնածու չառաջադրվելու մասին հայտարարություն կանե՞ր, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենար, ալիքը չհասներ Արցախ, Ստեփանակերտում հունիսի սկզբին բողոքի ցույցեր չծավալվեին:

Քաղաքական գործիչներն իրողությունները նրբամշակելու գայթակղություն միշտ ունեն, բայց սա այն դեպքը չէ: Արցախի ԱԺ նախագահը պարզապես ցանկալին իրականության տեղ է ներկայացնում: Եթե սահմանադրական մշակույթը եւ ժողովրդավարական ավանդույթներն Արցախում ամեն ինչից վեր լինեին, ապա 2006թ. սկսած Ազգային ժողովը ձեռնամուխ եղած կլիներ օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներին: Իրականությունն այն է, որ սահմանադրություն կա, բայց դրանից բխող մի շարք առանցքային օրենքներ՝ ոչ: Մասնավորապես, անկախ եւ ինքնիշխան Արցախը չունի քաղաքացիության մասին օրենք: Ա

յսինքն, Արցախում չկա քաղաքացիության իրավական ինստիտուտ, այստեղ կա շուրջ 150 000 բնակչություն, որը քաղաքացիություն չունի: Սահմանադրությունը նախատեսում է, որ Ստեփանակերտ քաղաքում տեղական ինքնակառավարումը սահմանվում է օրենքով: Անցած 12 տարիներին, սակայն, Ստեփանակերտի մասին օրենք այդպես էլ չի ընդունվել: Սահմանադրությունը երաշխավորում է խաղաղ հավաքների ազատությունը եւ նշում, որ այդ իրավունքի իրացումը կարգավորվում է օրենքով: Բայց Արցախում հավաքների ազատության մասին օրենք չի ընդունվել դեռ: Չկա օրենք արտակարգ եւ ռազմական դրության մասին: Թվարկումը կարելի է շարունակել: Եզրակացությունը մեկն է՝ Արցախում սահմանադրական մշակույթի եւ ժողովրդավարական ավանդույթների մասին կարելի է խոսել մեծ վերապահումներով: Եւ դեռ հարց է՝ իշխանությունների հռչակած բարեփոխումներն իրականանալու՞ են վերջապես: Թե՞ դարձյալ ամեն ինչ պատճառաբանվելու է «պետերազմի վերսկսման սպառնալիքով», եւ օրենսդրությունը մնալու է անկատար, քաղաքական համակարգը՝ չկայացած, իշխանությունը՝ խստորեն անձնավորված:

Մեկնաբանություն
X