Մենք ամեն օր մարաթոնյան վազքի մեջ ենք, որը չենք գիտակցում

Դերասան, ռեժիսոր Պարույր Ներսիսյանն իր 2 կարճամետրաժ («Եկ ու մի գժվիր», «Հետցնցում») ֆիլմերից հետո ձեռնամուխ է եղել լիամետրաժ, գեղարվեստական ֆիլմի աշխատանքներին։

Ասում է՝ վստահ է իր ուժերին, արդեն ընտրված է դերասանական կազմի մի մասը, իսկ հիմա աշխատանքներ են տարվում սցենարի վրա։ Պարույր Ներսիսյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ սցենարի համահեղինակը։ «Ֆիլմը կոչվում է «Երբ ես փոքր էի»։ Սա տարիքով փոքր լինելը չէ, որովհետեւ փոքր երեխա կա, որ մեծ է իր ներաշխարհով։ Իրականում փոքրերը մեծերից ավելի մեծ են»,-ասում է նա ու նկատում, որ սցենարն իր անձնական ապրումների հետ կապ չունի, ավելին՝ ճիշտ չի համարում դրանք սցենարի հիմք դարձնելը։

Ֆիլմում կան 3 գլխավոր հերոս, 3 պատմություն, որոնք զուգահեռաբար գնում են եւ վերջում հատվում մի խաչմերուկում․ «Հիմքում ընկած է մարդկային ամենօրյա վազքը, որից առաջանում են այլ խնդիրներ՝ անտարբերություն, անուշադրություն, ու այդ վազքի արդյունքում մարդը ոչնչի չի հասնում։ Մենք ամեն օր մարաթոնյան վազքի մեջ ենք, որը չենք գիտակցում»։

«Երբ ես փոքր էի»-ն հոգեբանական ֆիլմ է լինելու, ու թեեւ ռեժիսորը մասամբ համաձայն է, որ հոգեբանական ֆիլմերը դժվարամարս են, այդուհանդերձ, կա մի «բայց»․ չկա ֆիլմ՝ առանց հոգեբանության, առանց հոգեբանական կոնֆլիկտների․ «Եթե չլինի հոգեբանություն, ոչ մի ֆիլմ չի հասնի իր նպատակին։ Իսկ եթե առանձնացնում ենք զուտ հոգեբանականը, ապա, կարծում եմ, դա կախված է նրանից, թե ինչպես կմատուցես։ Ֆիլմը հոգեբանական է, բայց՝ տրագիկոմեդիա ժանրում, այսինքն՝ թեթեւ է ներկայացվում։ Եթե նկարենք հոգեբանական ֆիլմ, որը լինի ծանր, իհարկե, դժվարամարս է լինելու, իսկ երբ փորձում ես թեթեւ էլեմենտներով՝ ծիծաղի, ժպիտի միջոցով դա փոխանցել հանդիսատեսին, դժվարամարս չէ»։

Ինչպես Պարույրն է ընդգծում՝ տրագիկոմեդիա ժանրը չի ընտրվել հանդիսատեսին ընդառաջ գնալու համար․ «Երկար էինք մտածում, թե ինչ ժանրի մեջ կարելի է այդ հոգեբանական խնդիրներն արծարծել՝ դրամա՞յի մեջ, թե՞ կոմեդիայի, բայց հասկացանք, որ ամենաճիշտը տրագիկոմեդիան է, որովհետեւ երբ մենք նայում ենք կյանքին, ռեալ առնչվում ենք շատ լուրջ խնդիրների հետ, որն իր մեջ պարունակում է շատ մեծ կոմեդիա, օրինակ՝ թաղման արարողությունները, որն ինքնին դրամա է, բայց նաեւ կոմեդիա կա մեջը»։

Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորելու է մոլդովացի դերասան Կրիստիան Պերեպիլուկը, ում հետ հասցրել են շփվել ստեղծագործական մասով․ «Ֆիլմում ինքը մարմնավորում է օտարերկրացու, խաղալու է գնչուի կերպար, ով չունի հայրենիք, չունի ոչինչ ու ինքն էլ անընդհատ վազքի մեջ է։ Նա արդեն մեծ սիրով համաձայնել է մասնակցել ֆիլմում։ Հերոսուհիներից մեկն էլ Լիանա Ավետիսյանն է, ով նաեւ «Էպսիդոն» թատերախմբում է հանդես գալիս»։

Ասում է՝ ինքը, որպես ռեժիսոր, նպատակ կամ ցանկություն չի ունեցել ֆիլմում ընդգրկելու հայտնի եւ ճանաչված դեմքերի, նման խնդիր իր առաջ չի էլ դրել, կարեւորը ճիշտ ընտրություն կատարելն է՝ ըստ կերպարի։ «Կարող է Պերեպիլուկի պերսոնաժը ես գտնեի Երեւանում, ու ինձ համար դա ավելի հեշտ լիներ, բայց հենց այդ դերասանի մեջ տեսա իմ հերոսին»,- ասում է նա ու նկատում, որ թեեւ կան ռեժիսորներ, ովքեր ճանաչված մարդկանց անունների հիման վրա են իրենց ֆիլմերը ստեղծում, բայց իր մոտեցումն այլ է։

Նկարահանումները նախատեսված են այս տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանն ու ամռանը։ Ռեժիսորը կարծում է՝ նկարահանումները ծախսատար կլինեն, բայց կփորձեն մինիմալ գումարների մեջ տեղավորվել․ «Անհնարին բան չկա, իմ փորձը ցույց է տվել, որ դժվար պայմաններում ավելի լավ գաղափարներ են ծնվում։ Դժվարությունները հաղթահարելի են, ու դա ավելի մեծ ուժ է տալիս առաջ գնալու համար»։

Ֆիլմի ռեժիսորը համաձայն է՝ մի հեռախոսն էլ բավական է լավ կինո նկարելու համար, եթե դու, քո դերասանը շահագրգռված եք ու ուզում եք լավ բան ստեղծել։ «Իհարկե, այս ֆիլմը հեռախոսով չեմ նկարելու, բայց, օրինակ, մեր օտարերկրյա դերասանը համաձայն է անգամ առանց գումարի գալ ու խաղալ։ Այսինքն՝ ինքն այդքան շահագրգռված է սեցնարով, որն իրեն այդքան հոգեհարազատ է,- ասում է ու ընդգծում, որ բավականին հաջողված թիմ է հավաքվել։- Շարքային զինվորի պես մեր գործն առաջ ենք տանում, կարող է մի 40 տարի հետո գեներալ լինենք մեր գործում»։

Ֆիլմի վրա ստեղծագործական կազմի հետ աշխատում է նաեւ հոգեբան-խորհրդատու, որը, ըստ ռեժիսորի, շատ կարեւոր դեր է խաղում, քանի որ աշխատում է նաեւ դիալոգների վրա․ «Դիալոգները շատ կարեւոր են, որովհետեւ մի ավելորդ բառ, ստորակետ չպետք է լինի։ Մինչ այս իմ 2 կարճամետրաժ ֆիլմերում տեքստ չկար, ու հիմա լիամետրաժի մեջ միանգամից դիալոգներ եմ մտցնում, որն ահագին բարդ աշխատանք է, քանի որ ավելի հեշտ է ֆիլմ նկարելը, քան դիալոգ գրելը»։

Պարույրն ասում է, որ հիմա իրենց թիմով ընկերություն ստեղծելու ճանապարհի վրա են, իր վերջին կարճամետրաժը հենց այդ թիմային աշխատանքի արդյունքն էր։ Դա կլինի առանձին ընկերություն, որը կախված չի լինի ֆինանսական աղբյուրներից։ Ներսիսյանը, ով հավասարապես ներգրավված է եղել թե՛ թատրոնում եւ թե՛ կինոյում, այժմ հանդես է գալիս «Էպսիդոն» թատերախմբում: Նա մարմնավորել է Բարոն Մյունհաուզենին՝ «Հրաշագործ ծաղիկը» հեքիաթում, Դանիել Վարուժանին՝ «Տո լաճ տնավեր» դրամայում, Սողոմոն Թեհլերյանին՝ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ, «Երկար վերադարձ», «Թեւանիկ», «Եթե բոլորը», «Бледная Анна», «Ինչ-որ մեկի ճամպրուկը» ֆիլմերում է խաղացել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X