Չեմ ափսոսում, որ հեռացել եմ Հ1-ից

Հանրայինի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը, հեռուստամեկնաբան Լառա Առաքելյանը եւ լրագրող Տարոն Կոխլիկյանը։

Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ է ցանկություն հայտնել աշխատանքից ազատման դիմում գրել․ «Մեկ ամիս առաջ էլ էի ազատման դիմում գրել, բայց խնդրեցին, որ մի քիչ էլ շարունակեմ, եւ ես համարեցի, որ այդ մի քիչն արդեն բավարար է»։

Մամուլում իր, Ռուբեն Ջաղինյանի եւ Մարգարիտա Գրիգորյանի միջեւ բազմիցս գրված առկա հակասությունների առնչությամբ Հարությունյանն ասաց․ «Ո՞նց կարող է հակասություն լինել լրագրողների եւ ոչ լրագրողների միջեւ»։ Թե ով է իրեն փոխարինելու Հ1-ում, Հարությունյանն ասաց, որ դա կորոշեն Մարգարիտա Գրիգորյանն ու Ռուբեն Ջաղինյանը։ «Իրենք երկուսով կորոշեն, թե ով է մեզ այնտեղ փոխարինելու»,- ասաց նա։ Ի պատասխան հարցին, թե ինչով է զբաղվելու, կա՞ն առաջարկներ, Հարությունյանն ասաց, որ նախ կհանգստանա, ապա կմտածի արածների եւ չարածների շուրջ․ «Մի բան կանեմ, աշխարհը չքանդվեց դրանով, թող մտածեն նրանք, ովքեր մնացել են։ Որեւէ խնդիր չկա, ուզում եմ ասել, որ շատ լավ ենք աշխատել հատկապես վերջին մեկ ամիսը, որեւէ միջամտություն չի եղել իշխանական թեւի կողմից, չի եղել նաեւ ցանկություն, խնդրանք, աշխատել ենք շատ ազատ` ինչքան որ կարողացել ենք, ինչքան որ մեր հնարավորությունները ներել են։ Ինչ էլ որ չենք արել, պատճառներն այլ դաշտում են»:

Ներքին դժգոհությո՞ւնն էր պատճառը, որ դիմում գրեց-հեռացավ, թե՞ այլ պատճառներ կային։ «Այնպես չէ, որ դժգոհ էի, ուղղակի հասկացա, որ հնարավոր չէ, դժգոհություն չկա, կա ուղղակի խնդիր, որ ինքդ քո առջեւ դնում ես եւ այդ խնդիրը կա՛մ լուծում ես, կա՛մ չես լուծում։ Ես իմ առջեւ խնդիր էի դրել՝ տարիուկես առաջ ինչ-որ բաներ անելու, որը մենք կարողացանք իրականացնել մի 30-35 տոկոսով, ավելի հետաքրքիր բաներ դեռ կարելի էր անել։ Հեռուստատեսությունը միայն լրատվությունը չէ, դա ամբողջական մի համակարգ է, բայց, չգիտես ինչու, շատերի աչքի փուշը լրատվական ծառայությունն է՝ մոռանալով, որ եթե կար մի հաղորդում, որ կենդանության նշաններ ցույց տվեց, դա լրատվական ծառայությունն էր, որն աշխուժացավ վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Լեզուն փոխվեց, բովանդակության վրա մեծ ուշադրություն էր դարձվում, մատուցման ոճի եւ այլն, եւ այլն: Ես չեմ ասում, որ մեզնից առաջ մարդիկ չեն աշխատել կամ վատ են աշխատել, քավ լիցի, բայց միշտ փոփոխությունները պետք է ավելի ցայտուն եւ ընկալելի լինեն, ինչն էլ արեցինք: Չեմ ափսոսում, որ դուրս եմ եկել, այդ մեկուկես տարուց գոնե մեկ տարին հաճույքով ենք աշխատել, որովհետեւ անընդհատ փոփոխություններ ենք արել»։

Թե ինչ փոփոխություններ կկրի Հ1-ի եթերն արդեն իրենց հեռանալուց հետո, չի կարող ասել․ «Ինչ կլինի հեռուստատեսությունում մեր գնալուց հետո, դա մեր որոշելիքը կամ քննադատելիքը չէ, դա հանրության հեռուստատեսությունն է, թող մտածեն նրանք, ովքեր որոշում են, բյուջեով հատկացումներ են անում։ Այս դեպքում պետությունը, ով պատվիրատուն է, պետք է ավելի բծախնդիր եւ ուշադիր լինի, արդյոք իր հեռուստատեսությունը, որի վրա այդքան փող է ծախսվում, հանրությանը հասանելի՞ է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X