Կոռումպացված քաղքենիության գրոհը

Համաշխարհային մասշտաբով, առավել ևս վերջին երեք տասնամյակում, կոռումպացված քաղքենիությունը դարձել է մեր օրերի մեծագույն չարիքը: Առաջադիմության այդ ոխերիմ թշնամին բացիլի նման տարածում է նյութական սպառողական հո­գե­բա­նու­թյունը. նա ժողովրդի ստեղծած բարիքն անարգել յու­րաց­նող է, սակայն այդ բարիքն ստեղծողի տքնությունը՝ չհարգող, ուրիշի ճաշակը, կարիքը՝ շրջան­ցող:

_Ով է կաշառակեր քաղքենին, եթե ոչ` սոցիալական որդ, _որը մեծ ճարպ­կությամբ կարողանում է հաստատել իր տեղը նյութական աշխարհում: Հաճախ էլ նա սրաթափանց թալանիչ է, որը հմտորեն գռփում է ամեն բան` անկուշտ որկորը հագեցնելու համար: Իր ամբողջ կյանքում շորթելով ապրում է, բայց հոգեպես սոված՝ հողը մտնում:

Արդի կոռումպացված քաղքենին ներքուստ համոզված է, որ բոլոր մարդիկ միամիտ են ու հիմար` իր նյութական ունեցվածքով զարմանալու, խաբվելու համար: Շահացավը, որով տառապում է քաղքենին, թույլ չի տալիս, որ նա հասկանա, զգա, թե որքան տհաճ է ինքն իր շրջապատում: Նա միշտ պարծենում ­ է, թե իր շրջապատը մեծ է՝ ինքը շրջապատո~վ մարդ է: Խոսքը բնականաբար այն շրջա­պա­տին է վերաբերում, որի ներկայացուցիչների հետ ծանոթանում է՝ իր սպա­ռո­ղա­կան երախի համար: Նա ընդունակ չէ իրեն ճանաչողների կարծիքն իր մասին ուշադիր լսել:

Նրանում մարդկային ոչ մի լավ բան չկա: Նա մորթապաշտ, փառասեր, ցուցամոլ, իրերի գերի, իրերի ստրուկ է: Նայելով հասարակական հարստության վրա՝ որպես իր հունձքի դաշտի, ուրիշների արժանիքները չափում է սոսկ փողով:

Կաշառակեր քաղքենին մարդկային հոգու անշահախնդրության մասին կարողանում է «փիլիսոփայել» այն ժամանակ, երբ բյուր հոգիներ արատավորելով հան­դերձ՝ իր անպատկերացնելի չափերի հասնող խոհանոցա-սպառողական ծարավը գոնե կարճ ժա­մանակով հագեցրել է: Նա միշտ ձգտում է՝ մի կտոր հացով այլոց պատվելու գնով իր մանր հոգին դարձ­նել առերևույթ նախանձելի, փրկել նրան «խեղդվելուց»՝ մոռանալով, որ մարդն արդեն խեղդ­ված է համարվում, երբ մարդկային արժանապատվությունից նույնիսկ փոքր-ինչ հե­ռա­ցել է:

Ամեն անգամ կաշառակեր քաղքենու հանդիպելիս մեզ հետաքրքրում է ոչ թե նրա դրսևորման ձևը, այլ այդ խայտառակ անբարոյականության առաջացման սոցիալ-տնտե­սա­կան պատճառները: Վերլուծելով այսօրվա սոցիալ-տնտեսական հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ նրանցում տեսնում ենք այնպիսի օբյեկտիվ պայմաններ, որոնք կարող են այդ երևույ­­թի ձևավորման, զարգացման հիմք հանդիսանալ: Զարմանալին էլ հենց այն է, որ հա­սարակական կեցությանը խորթ կոռուպցիոն քաղքենիությունն այսօր մարտնչում է՝ գտնվելով անկառավարելի մասնավոր սեփականության պայմաններում: Սե­փա­կա­նու­թյան այդ ձևը կարիք է զգում պետական խստագույն կառավարման և պատժիչ հսկո­ղու­թյան, որը ՀՀ-ում երբեմնակի բնույթ է կրում:

Եթե ընդունենք, որ հասարակության զարգացման տարերային պայմաններում գի­շատ­չությունը քաղաքակրթության շարժիչ ուժ է հանդիսացել, ապա այսօրվա աճող և զար­գացող տնտեսությունում, որտեղ հարստության ավելացման աղբյուր է հան­դիսա­նում շահագործումից զերծ անմիջական հասարակական աշխատանքը, կոռուպցիոն քաղքենիությունը քաղաքակրթության թշնամի է համարվում: Եվ այդ թշնամին մի շարք պետություններոմ (այդ թվում՝ ՀՀ-ում) ոչ թե չի ոչնչացվում, այլ տա­րածվում է ու զարգանում:

Ինչքան էլ արտասովոր ու խորթ լինի, այսօր մեր շատ քաղաքացիներ չեն հաս­կա­նում՝ ո՛վ է լավ մարդը, ի՛նչ բան է գեղեցիկ ապրելը: Բարետես հագնվել, անու­շա­հոտվել՝ դեռ չի նշանակում արժանի մարդ համարվել, շրջապատում հե­ղի­նա­կու­թյուն վայելել:

Իսկական քաղաքացին, արժանի մարդը նա է, ով ընդունակ է բավարարվել նյու­թա­կան և հոգևոր բարիքների այնպիսի պատառներով (հասարակության մեջ գրաված այն դիրքով), որոնց նկատմամբ վաստակ ունի և արժանիքներ է վայելում: Սա է յու­րա­քանչյուր ազգի համակեցությանը համապատասխանող կյանքի իմաստը:

Այն դեպքում, երբ տքնաջան աշխատողը, ստանալով համեստ վաստակ, բա­վա­րա­րում է իր իմաստավորված պահանջները, կաշառակեր քաղքենին մեծ չափով յու­րաց­նում, խժռում է միայն նյութականը՝ առանց փոխարենը ստեղծելու: Այս երևույթը հար­վա­ծում է աշխատանքային խանդավառությանը, աշխատուժի ստեղծագործ դրսևոր­մա­նը, աշ­­խատանքի որակին, արտադրության արդյունավետությանը:

Այդ հակահասարակական երևույթի դեմ պայքարելու համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է`

ա) փակել այն սողանցքները, որոնք բաց են ձրիակեր մարդկանց համար: Եվ այդ բանն իրագործել ոչ միայն «գողին փնտրելու», այլև օրինական եկամուտների ու փաստացի ծախսերի համադրման միջոցով, որտեղ հարկ կա ավելի շուտ ուշադրություն դարձնել հետևանքա-պատճառային կապի վրա, քան` պատճառա-հետևանքայինի:

Օրինակ, ինչպե՞ս հասկանալ, երբ բազմաթիվ մարդիկ մեկ օրում սպառում են նյութական այնպիսի միջոցներ, որոնց արժեքը բազմիցս գերազանցում է այն գումարին, որը կարող է գոյանալ, եթե նրանք տարիներ շարունակ իրենց աշ­խա­տավարձն ամբողջությամբ կուտակեին:

բ) Դադարեն կոռուպցիոն քաղքենիների համար հող պատրաստել այն մարդիկ, որոնք էությամբ նրանցից զզվում են: Ցավն այն է, որ մեզ թալանողների նկատմամբ զարմանալի հանդուրժողականություն կա: Հաճախ ժպտում ենք նմաններին և նրանց անօրեն արարքները հավանության արժանացնում:

գ) Օգնելու փոխարեն պետք է գոնե վերջ տալ տաղանդավորին, գիտնականին, ուսուցչին աղքատի պիտակ կպցնել, եթե նրանք նյութական հարստության պակաս են զգում: Ո՞վ է մեզ իրավունք տվել հոգևոր հարստությունը թողնել ստվերում և հարուստ համարել միայն նրանց, ովքեր շատ մթերք սպառելով՝ շատ աղբ են արտազատում:

դ) Քաղաքացիների աճող պահանջների վերաբերյալ որոշումները ճիշտ սահմանել, քարոզել ու կիրառել: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ տնտեսական օրենքների գործողությունը վերաբերում է նյութական ու հոգևոր պահանջմունքների հիմնավորված բավարարմանը, ոչ թե միայն նյութականի: Քաղքենին, չհասկանալով հոգևոր հարստության կարևոր դերը, առաջին դիրք է մղում միայն նյութականը, այն բացարձականացնում է: Լսելով կեցության և գիտակցության փոխադարձ կապի մասին՝ կեցությունը նենգափոխում է կենցաղով, լինելիությունը` սոսկ նյութականի յուրացումով, սոցիալ-տնտեսական կյանքը` խոհանոցա-կենցաղայինով: Եվ ցավն էլ այն է, որ երբեք գիտակից մարդկանց անմիջական արհամարհանքին չի արժանանում: Անկասկած, նման պարագայում ամեն կոռումպացված քաղքենի կարող է․․․ մարտնչե~լ:

ե) Բարեկեցության դասակարգային բնույթը, սոցիալական իմաստը, փաստացի բովանդակությունը ճիշտ բացատրել: Պետք է մարդկանց հասկացնել, որ մարդու մեջ աշխատանքի և մշակույթի պատմական հանդիպման համար նյութական հարստությունը անհրաժեշտ պայման է, այլ ոչ թե եզակի ինքնանպատակ:

Այն դեպքում, երբ բարեկեցություն ասելով կոռումպացված քաղքենին հասկանում է «ինչ ուզեմ՝ ունենամ», այն էլ՝ իրեղեն և միայն «պատվավոր» իրեղեն, լուրջ մարդը քաջատեղյակ է, որ միայն նյութական բարիքի քանակը չէ, որ կարող է որոշիչ հան­դի­սա­նալ երջանիկ, ուրախ, մարդուն վայել կյանքով ապրելու համար:

Այսօր մեր երկրում լուրջ ձևով պետք է դնել անձի բազմակողմանի զարգացման հարցը, որի լուծումը քաղաքացիներին կհասցնի իրենց բուն նպատակին` քաղաքացիական հա­սա­րա­կության լիարժեք անդամի կոչմանը: Եվ այստեղ մեծ է բարոյական և հոգևոր արժեքների ճիշտ գնա­հատ­ման դերը, որը կարող է կատարել կիրթ մարդը, բայց երբեք՝ տգետ ու տհաս ++կաշառակեր քաղքենին++

Կորյուն ԹՈՐՈՍՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Մեկնաբանություն
X