Նամակները գուլպաների մեջ էին․ Ախուրյանի թիվ 2 դպրոցի տնօրեն

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից հետո Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 2 դպրոցի անձնակազմը չի հանգստանում։ Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հատուկ քննչական ծառայությունը կանչել է հարցաքննության, եւ միայն այդ ժամանակ է ծանոթացել տեսանյութին, որտեղ տեսել է ու հասկացել, որ իրենց դպրոցի կողմից ուղարկած սննդամթերքը, հագուստն ու հիգիենիկ պարագաններն այդպես էլ ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին չեն հասել։

«Խորը ցավ ապրեցինք, ուսուցիչների բառերով ասեմ՝ սրտներս պատռավ։ Մենք այդ օրը ապրանքը ճանապարհել էինք Ղարաբաղ, անգամ համայնքի ղեկավարը ավտոմեքենա տրամադրեց եւ հաստատ գիտեինք, որ այն տեղ է հասնելու։ Վարորդը, ցավոք անցյալ տարի ավտովթարի զոհ դարձավ, բայց նրա հետ մի անծանոթ տղամարդ էլ կար։ Ես քիչ առաջ ճշտեցի համայնքապետից, պարզվում է երկրապահ է եղել»,-պատմեց դպրոցի տնօրենը։

Նրա ձեռքի տակ էին այդ օրերին հրավիրված աշակերտական խորհրդի նիստը։ Ցուցակ էր կազմվել, թե որ երեխան ինչ է բերել դպրոց՝ զինվորին ուղարկելու համար։ «6-րդ Բ դասարան-Աբգարյան Դավիթ-սափրիչ, գուլպա, ծխախոտ, կոնֆետ։ Իգիթյան Վանիկ-1 տուփ վաֆլի, 1 հատ ծխախոտ, ձկան պահածո, սափրիչ․․․․ Եւ այսպես շարունակ»,-հուզմունքը զսպելով՝ ներկայացնում է տնօրենը։

«Ես լացով եմ այդ արկղերի վրա գրել, դա իմ ձեռագիրն էր։ Մեր ուսուցիչները տեսանյութը տեսել էին ու անմիջապես զանգեցին ինձ։ Մենք տեսակավորեցինք ամբողջը, բժիշկ ծնողներ ունեի, նրանք տաք ծածկոցներ ու հիգիենայի պարագաներ էին բերել, իսկ ամենից ցավալին, որ շատ նամակներ կային, որոնք աշակերտները գրեցին, ու հատկապես գուլպաների մեջ դրեցինք, քանի որ վստահ էինք՝ գուլպան հագնելիս պիտի տեսնեին, կարդան»,-ասաց նա։

Միայն թե Նարինե Մուշեղյանի համար փոքր-ին տարօրինակ է թվացել, որ երկու տարվա մեջ գոնե մեկ զինվոր երեխաներին չի արձագանքել։ «Մեր գյուղից առաջնագծում ծառայողներ եղել են, երբ եկան, ասացին, որ դպրոցից իրենց ոչ մի օգնություն չի հասել, բայց էլի հանգիստ էինք, մտածում էինք՝ ամեն դեպքում տեղ հասած կլինի։ Տարօրինակ էր միայն այն, որ եղել են դեպքեր, երբ մենք նմանատիպ փոքր ակցիա արել ենք, անպայման մեզ հետ կապվել են, շնորհակալություն հայտնել, իսկ այս անգամ գոնե համացանցով մեկի կողմից արձագանք չեղավ։ Հիմա համոզված եմ՝ եթե տեղ հասներ, մեր երիտասարդներն այնքան շնորհքով են, որ անգամ ծառայությունից հետո դպրոց կգային՝ աշակերտների հետ հանդիպելու»,-ասաց տնօրենը։

Նշենք, որ Ախուրյանի դպրոցի դեպքով հատուկ քննչական ծառայունն է զբաղվում։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից հայտնաբերել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քաղաքացիների կողմից ուղարկված պարենամթերք, որոնցում առկա էին նաև դպրացական երեխաների հավաքած միջոցներով պատրաստված ծանրոցները՝ քաջալերանքի խոսքեր պարունակող նամակներով։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X