Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարեն Քամալյանը։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը թույլատրեց քրեական հետապնդում իրականացնել եւ ազատությունից զրկել պատգամավորին: ՀՀ գլխավոր դատախազի այդ միջնորդությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Մեկնաբանություն
X