Խոսքի ազատության պաշտպան լրատվական կազմակերպությունները պետք է արձագանքեն վարչապետի «հակապետական» բնորոշմանը․ Գեղամ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հեռուստաընկերությունների մասին գրառում էր արել, մասնավորապես նշելով․ «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

Այս գրառումը մեծ արձագանք գտավ թե սոցցանցերում, թե մամուլում, վարչապետի խոսքերի պոտենցիալ հասցեատեր ճանաչվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երկրի շաբաթը» հաղորդումը, որի ընթացքում հեռուստամեկնաբան, լուրերի խմբագիր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Էջմիածնի դեպքերին, Մանվել Գրիգորյանին, ինչպես նաեւ «Սասնա ծռերին» եւ զուգահեռներ անցկացրել։

Նա նաեւ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի լուսանկարը եւ արել հետեւյալ գրառումը․ «Աբսուրդի թատրոն Հայաստանում։ Ոստիկաննների զենքը խլած (այդ ընթացքում երկու ոստիկան արդեն վիրավորած, որոնցից մեկը՝ գնդապետ Վարոսյանը արնաքամ մահացավ նրանց աչքի առաջ) խմբի անդամ եւ ոստիկանական խլված զենքով լուսանկարված Հովհաննես Հարությունյանը եւ (ետեւի պլանում) սիսիանցի Սեթոն այս շաբաթ ազատ արձակվեցին։ Իսկ Էջմիածնեցի գեներալ Մանվելին (Հայրենիք պաշտպանած, բայց՝ ոչ պակաս հանցանքներ գործած) ձերբակալեցին։ ԴՈՒՔ ԳԻ՞Ժ եք, թե՞ ՀՈՂ տվող»։

Թե ինչպես է գնահատում վարչապետի գրառումը, համաձայն է նրա հնչեցրած մտքերին, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Բայց ես ի՞նչ կապ ունեմ վարչապետի բնորոշման հետ, թող վարչապետը պարզաբանի այդ հաղորդման համա՞ր է գրել, թե՞ այլ պատճառով։ Ամեն դեպքում ես չգիտեմ ինչ պատճառով է գրել։ Ինչ վերաբերում է ընդհանուր «Երկրի շաբաթը» իմ հաղորդմանը, ապա ես տարիներ շարունակ երբեք չեմ խուսափել իմ մտածումները, դիտողությունները եւ ճշմարտությունն ասել։ Տարիներ առաջ Լիսկա եմ քննադատել, գեներալ սեյրանների ու մանվելների ապրիլյան դեպքերի ժամանակ Ստեփանակերտում թիկնազորներով ման գալն եմ քննադատել ու այն, ինչ գտնում եմ ճիշտ, շարունակում եմ դրա մասին խոսել»,-ասաց նա ու ի պատասխան նշեց, որ ամենեւին այդ գրառումը չի կապում իր հաղորդաշարի հետ, բայց մի վերապահում ունի վարչապետի՝ «հակապետական» բնորոշման հետ կապված, որովհետեւ․ «Կարող է կառավարություն քննադատող որեւէ լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն լինի, բայց հակապետականը շատ վտանգավոր ձեւակերպում է եւ կարծում եմ խոսքի ազատության պաշտպան լրատվական կազմակերպությունները, որոնք արդեն մի քանի ժամ է որեւէ բան չեն ասել, պետք է այդ մասին արտահայտվեն»։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X