Ինչո՞ւ են անհանգստացել

Եթե նայենք խորքին՝ Մանվել Գրիգորյանի «գործը» սկզբունքային է: Այն իմաստով, որ եթե կա պետություն, որ ունի Զինված ուժեր, ապա ո՞րն է ԵԿՄ ունենալու իմաստը: Ի՞նչ խնդիրներ է լուծում այդ կառույցը: Եւ ինչու՞ պիտի պաշտպանության նախարարությունը նրան հատկացնի զենք, ռազմամթերք, սնունդ եւ հանդերձանք, իսկ պետությունը՝ ֆինանսական միջոցներ: Հանուն ինչի՞:

Պետությունը չի՞ կարող ուղղակի հոգալ զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների կարիքները: Չէ՞ որ ԵԿՄ-ն արժեք եւ բարիք ստեղծող չէ եւ ինչ արել է՝ արել է պետական միջոցների կամ մասնավոր նվիրատվությունների հաշվին: Այսինքն, դա յուրօրինակ «պետությու՞ն» էր պետության ներսում: Եւ հիմա, երբ պարզվում է, որ այդ «պետության գլուխը» ոչ այնքան շարքային երկրապահների, որքան սեփական բարեկեցության խնդիրներն է լուծել, մամուլում տեսակետներ են հնչում, թե արժե՞ր դրա մասին խոսել բաց տեքստով, չէ՞ որ դրանով հակառակորդին «ադրենալին ենք տալիս»:

Անգամ ԱԱԾ-ին խորհուրդ են տալիս զբաղվել իր «հագով» գործերով, ոչ թե «տանկով ճանճ խփել»: Հուշում են, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում ազատ «ֆռֆռում է», թող գտնեն եւ սատկացնեն: Իսկ Մանվել Գրիգորյանին կարելի էր «մեկ փամփուշտով ատրճանակ տալ եւ թողնել մենակ»:

Եթե սա ամեն ինչին հակադրվելու եւ բոլոր հարցերում տարբերվող տեսակետ ցուցադրելու լրագրողական ջիղի դրսեւորում չէ, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ որոշակի շրջանակներ այդքան անհանգստացած են Մանվել Գրիգորյանի «գործով»: Մի՞թե զգուշանում են, որ դա կարող է հանրային դիսկուրսի առիթ հանդիսանալ, երբ քննարկման կդրվեն պետությանը զուգահեռ ինչ-որ գործառույթներ իրականացնելու՝ որոշ քաղաքական կառույցների գործունեության նպատակահարմարության եւ արդյունավետության հարցերը:

Մասնավորապես՝ իմաստ ունի՞ համահայկական «բանակում» կազմակերպել, սկաուտական խմբեր եւ առանձնակի կամավորական ջոկատներ ստեղծել ու հովանավորել: Չէ՞ որ այդ ամենը ենթադրում է որոշակի ֆինանսա-նյութական շարժ, որն, ըստ ամենայնի, ոչ ոքի կողմից չի վերահսկվում: Կա՞ երաշխիք, որ «բանակում»-ների եւ կամավորական ջոկատների պահպանության համար հանգանակված, այդ թվում՝ Սփյուռքում, գումարները նպատակային են ծախսվում, գործի կազմակերպիչները չարաշահումներ թույլ չեն տալիս, ինչ-որ մեկն այդ ընթացքում չի «մանվելանում»:

Ըստ երեւույթին, ոմանք վտանգ են զգացել, որ նոր իշխանությունը կարող է անցնել պետության մեջ կուսակցական-հայրենակցական եւ այլ կարգի «պետությունների» կազմաքանդմանը: Դրա համար էլ ԱԱԾ ուշադրությունը հրավիրում են Սաֆարովի «հետքից հասնելու, ճակտին զարկելու, գետնին փռելու անհրաժեշտության» վրա եւ հորդորում «տանկով ճանճ չխփել»: Բայց ո՞վ է ավելի վտանգավոր: Ռամիլ Սաֆարո՞վը, որ բացահայտ թշնամի է, թե՞ նա, որ երկրի անվտանգությունը խարխլում է ներսից եւ պետության մեջ «պետություն» ստեղծում:

Մեկնաբանություն
X