Իմացյալ իրականության ավարտը

Վաղուց, շատ վաղուց, տնից տուն մի տեսաձայնագրություն էր թեւածում, ուր իրար գլխի հավաքված պետական գործիչները, Արամ Ասատրյանի կենդանի կատարումները վայելելով, քեֆի սեղանի շուրջ նշում էին գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը: Այն ժամանակվա պետական ամենակարկառուն գործիչները՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ այլք, կենացներ էին ասում, Վազգեն Սարգսյանը, Մանվելին գովեստներ շռայլելով, հիշեցնում էր Արցախյան պատերազմում ներդրած նրա կարեւոր ավանդի ու դերակատարության մասին: «Հեզորեն»՝ ինքն իր մեջ քաշված Մանվելը լուռ լսում էր: Հետո քեֆովցած Վանոն, չգիտես ինչու, ԱՄՆ-ի «հորն ու մորն» էր հիշում, երեւի թե ջղայնացրել էին նրան մեծ տերությունները: Մանվելի ծննդյան տարեդարձը պատկերող այդ «կասետով» տեսաձայնագրությունն Ալադինի «կախարդական» թռչող գորգն էր դարձել, բակի ժողովրդի, դպրոցականների, ուսանողների օրակարգը, ամիսներով խոսքուզրույցի հիմնական նյութը: Արցախյան պատերազմից հետո քանի՞ դաշտային հրամանատարներ արժանացան գեներալի բարձր կոչմանը եւ ինչո՞ւ:

Թերեւս այն ժամանակ նրանցից մի քանիսը զինվորական կրթություն չունեցող, մարտական հմտություններով աչքի ընկած երիտասարդ տղաներ էին, որոնց հաջողվել էր ջոկատներ հավաքագրել, դրսեւորել որոշակի կազմակերպչական ձիրք, անձնական հանդգնություն: Եվ, ահա, հաղթանակից ու զինադադարից հետո գեներալի ուսադիրներով օծված այս հանրույթը, որ աճեցվեց, պարարտացվեց, ապա գործեց իշխանության հովանու ներքո՝ դարձավ իսկական աղետ, մեծ փորձանք, պետականության կոկորդի ոսկոր, թաղի խուժանի կերպարանքով՝ «երկիր պահած տղերքի» հանցավոր կաստան, որ քսանհինգ տարի շարունակ ցամաքեցրեց պետության կենսական հյութերը, արատավորեց ու խեղեց զինվորականության պատկերը, զարկ տվեց մեծ թալանին:

Հայաստանում կար ոչ թե Մանվել, այլ՝ մանվելություն, ոչ թե Սերժ, այս՝ սերժություն: Մանվելն ու մյուսներն օդից չէին ընկել, ոչնչից չէին ստեղծվել: Դարձ ի շրջանս յուր վերափոխված հասարակարգը՝ վայրի կապիտալիզմի մուտքը, «պատերազմի հերոսի», «երկիր պահող տղու» տիտղոսները, պետական պաշտոնները, կուտակվող կապիտալը, պատգամավորական մանդատները, իշխանության հովանավորչությունը, բարեհաճ աջն այս ամենի համար պարարտ հող էին նախապատրաստել:

Քաղաքականության մեջ ներթափանցած մեզ հայտնի «գեներալիտետը» երբեւէ «ես» չի ունեցել, գեթ մեկ օր իր գոյությունն առանց նախկին իշխանությունների, առանց ՀՀԿ-ի, առանց Սերժ Սարգսյանի հովանավորչության չի պատկերացրել, «պատերազմի հերոսի» կոչմամբ ծպտյալ այս մարդիկ անկախ Հայաստանի առաջին իսկ օրերից զբաղվել են հանցավոր թալանով՝ համոզմունքով, որ իրենք լիարժեքորեն վաստակել են դրա իրավունքը: Եվ ո՞ւմ չէր հայտնի այս խորապես իմացյալ իրականությունը: Իհարկե, այն հայտնի էր թե՛ իշխանությանը, թե՛ ժողովրդին, եւ, անշուշտ, դրանից որեւէ էական բան չէր փոխվում: Ուրեմն եկեք եւս մեկ անգամ փաստենք՝ վերջապես երկարուձիգ տարիներ անց մենք վերստին ունենք լեգիտիմ իշխանություն․ ահա թե ինչը կարող է կանգնեցնել այն խորապես հայտնի իմացյալ իրականության անշրջելի թվացող անիվի ընթացքը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X