Հիմա՞ ինչ են ասելու տարածաշրջանի ամենամարտունակ բանակի ղեկավարները, որոնցից շատերը դեռ իրենց տեղում են

Կիսելով համազգային մտահոգությունը Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների առնչությամբ՝ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ եթե շարունակենք նույն ոճով «խայտառակել» հայոց բանակը, ամեն ինչ կհանգեցնենք համընդհանուր հիասթափության: Դրանից չի խուսափի սահմանամերձ գյուղերի եւ ոչ մի բնակիչ, ոչ մի զինվոր` լինի առաջնագծում, թե հայաստանյան զորամասերում, ոչ մի սպա, ՀՀ եւ ԱՀ ոչ մի քաղաքացի, ոչ մի սփյուռքահայ, որ տասնամյակներ շարունակ ամեն կերպ աջակցել է հայոց բանակին: Չեմ ասում, թե կդադարեն հավատալ մեր բանակին, սիրել բանակը, դադարեցնել օգնությունը, սակայն հիասթափությունը կարող է հասնել մի աստիճանի, որից ուշքի գալու համար երկար ժամանակ կպահանջվի: Իսկ մենք այդ ժամանակը չունենք:

Արժե՞ լրացուցիչ անգամ ասել, թե սա ինչպիսի ադրենալին էր թուրքերի համար: Ադրբեջանի բանակում հիմա «լափում» են տուշոնկան ու մտածում` խեղճ «էրմանի ասքյար», սոված է մնացել: Հայոց բանակում սով եղե՞լ է: Հետեւաբար, պետք չէ ցուցադրել ու պնդել, որ Մանվելը գողացել է հայ զինվորի վերջին կտոր հացը, զենքը, տեխնիկան: Պետք չէ ողբերգություն սարքել այս ամենից ու ողբալ:

Ոչ մի արդարացում գեներալին, բայց ժողովրդին կոտրելն առավել ռիսկային է: Հավատացնում եմ, որ բանակին հաղթելն ավելի հեշտ է թիկունքից, քան մարտադաշտում, երբ դիմացը թշնամին է: Պետությունը պետք է պահի բանակի թիկունքը: Դրա մի ձեւն էլ Մանվելի նմաններին առանց «հարսանիքների» հեռացնելն է, առանց ի ցույց դնելու, առանց մի ողջ ազգի հեղինակության հետ խաղալու: Իմացե՞լ էիք ամեն ինչ՝ լավ, մեկ հատիկ փամփուշտով ատրճանակը տայիք ձեռքն ու մենակ թողնեիք իր գռփածի հետ:

Ես դատավոր չեմ, առավել եւս` դատապաշտպան, բայց ասեմ, որ հեշտ չի լինելու ոչ մեկի համար: Այս գործն այլեւս այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մտքով չէր անցնի: Երանի թե մնար միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքը: Իսկ այսօր ամենաքստմնելի հանցագործությունների մեջ կասկածվում է ոչ միայն Արցախի հերոսամարտի մասնակից գեներալը` մարդ, որի անունն ու խստություններն ահ էին գցում հակառակորդի սիրտը, այլեւ երկրի ողջ նախկին ղեկավարությունը` սկսած գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ պաշտպանության նախարար, ավելին՝ զորամասերի հրամանատարներից մինչեւ զինվորի անմիջական հրամանատարներ, որ հասցրել են համընդհանուր թալանի մեջ իրենց «թուլափայը» հափշտակել: ՊՆ-ն բոլոր մակարդակներով հերքում էր այն պնդումները, որ ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան թալանված է եղել, վառելիք չի եղել բաքերում, տարված են եղել մարտկոցները, անվադողերը, ընդհուպ զինամթերքի պակաս է զգացվել: Հիմա՞ ինչ են ասելու տարածաշրջանի ամենամարտունակ բանակի եւ դրա առանձին ստորաբաժանումների ղեկավարները, որոնցից շատերը դեռ իրենց տեղերում են:

Մեր մեծագույն մտահոգություններից մեկն էլ այն է, որ այսկերպ քարոզչական լրացուցիչ զենք չտանք հակառակորդին: Ինչո՞ւ, հանուն ինչի՞ ենք անում այս ամենը` մի Մանվել բռնելո՞ւ, բանակի թալանը Մանվելին բռնելով դադարեցնելո՞ւ, թե՞ ինքներս մեզ ապացուցելու, որ, ահա, իշխանափոխություն ենք արել, ու հեսա տեսեք ինչեր են լինելու: Ոչ մի իշխանություն, ում դեմքով էլ այն ներկայացված լինի, չարժե այնքան, որ նրա պատճառով վտանգվի Հայաստան պետության միջազգային հեղինակությունը: Վաղը, մյուս օրը Ադրբեջանը միջազգային հանրության առաջ է դնելու այս խայտառակ պատմությունն ու ասելու է` տեսեք, թե ինչեր են արել Մանվելի նման դաշտային գեներալները մեր գրավյալ տարածքներում` օգտվելով այն օրերին Ադրբեջանում տիրող իրավիճակից: ԱԱԾ-ն ունի՞ սրա պատասխանը, ԱԳՆ-ն ունի՞ սրա պատասխանը, Հայաստանին աջակցող պետություններն ունե՞ն այս հարցի պատասխանը:

Չէի ցանկանա իրադարձություններից առաջ անցնել ու ասել, որ սա սպառնում է մեր սահմանների անձեռնմխելիությանը: Փաշինյանը չափազանց շատ է վստահում Ադրբեջանի հարցում բաց ձեռքերի քաղաքականությանը: «Լավագույն պաշտպանությունն անպաշտպան լինելն է» թեզն Ադրբեջանի եւ Թուրքիայի հարեւանությամբ չի կարող գործել: Հակառակը մտածելը միամտություն է: Ոչ մի ՀԱՊԿ, ոչ մի միջուկային գերտերություն, ոչ մի այլ ուժ, բացի մեր բանակից, ի զորու չէ պահել ԱՀ ներկա ստատուս քվոն` ազատագրված տարածքներով: Մնացած ամեն ինչ` ժամանակավոր կարգավիճակ, նոր հանրաքվե, Լաչինի միջանցք, լոլոներ են, դրանցից եւ ոչ մեկը, նույնիսկ միջազգային ամենամեծ ճնշումների տակ, Ադրբեջանը մեզ չի տալու, հույս չունենաք:

Մանվելի «գործն» ԱԱԾ-ն բացահայտել է նույն ոգեւորությամբ, ինչ ոգեւորությամբ կբացահայտեր որեւէ դպրոցի տնօրենի գործ: Ցավում եմ, եթե մեր ԱԱԾ-ում նստած են այսպիսի ուղղագիծ մտածողությամբ մարդիկ: Նման գործելաոճին պետք է վերջ տալ եւ զբաղվել առավել լուրջ գործով: ԱԱԾ-ի վրայով գո՞րծ է պետք, խնդրեմ՝ Ռամիլ Սաֆարովը հանգիստ ֆռֆռում է Բաքվում, գտեք ու սատկացրեք: Այլապես մանվելներով զբաղվողների պակաս չկա Հայաստանում: Տանկով ճանճ խփելս ո՞րն է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X