Մանդատն ու սկզբունքները

Մենք տարիներ շարունակ գրում էինք Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» մասին՝ այնպես, որ ԵԿՄ-ականների աչքի գրողն էինք դարձել։ Էջմիածնում տիրող բռնապետական կարգերի մասին հարյուրավոր հոդվածներ կան տպված՝ եւ ոչ միայն մեր թերթում, բայց իշխանությունը կույր էր եւ խուլ։ Տարիներ շարունակ գրում էինք, որ երկրի օրենսդիր մարմինը «կռված տղերքի»՝ թեկուզ գեներալական կոչումով, տեղը չէ։ Որ անգամ եթե նրանք ռազմաճակատում որոշակի վաստակ ունեն, նրանց գրագիտությունը, տեսահորիզոնը, կենսակերպը բավարար չեն, որ նրանք մանդատ տնօրինեն։

Բայց Հանրապետական կուսակցությունը, գոնե նրա ղեկավար կազմը, Ազգային ժողովի մասին բոլորովին այլ տեսլական ուներ եւ գիր ու գրականությունից հեռու, տարբեր անձնական ու բիզնես շահերով խորհրդարան մտած փողատերերի ու կոճակ սեղմողների էր դարձնում օրենսդիր։ Արդարության համար նշենք նաեւ, որ մեր հասարակության մի զգալի մասն էլ դրան դեմ չէր։ Ավելին՝ կողմ էր եւ կողմ էր ոչ միայն իր քվեն տալով, այլեւ անկեղծ հիացմունքով։

Գեներալական հայհոյանքներն ու ցածրամակարդակ խոսքը շատ մեծ լսարան ունեին մեզանում, մանավանդ՝ երբ այդ գեներալներն իշխանության հետ էին, այլ ոչ թե նրա թիրախում։ Մինչդեռ մենք տարիներ շարունակ գրում էինք, որ մանդատը չի կարող բաշխվել յուրայինության սկզբունքով, այն չի կարող դառնալ բիզնեսի տանիք կամ անաշխատ եկամուտների աղբյուր։ Կյանքը ցույց տվեց, որ բիզնեսմեն-պատգամավորները ոչ մի գաղափարական նվիրվածություն չունեին իրենց ԱԺ տարած կուսակցության հանդեպ եւ առաջին իսկ առիթով լքեցին այն։ Որ նրանք միայն ի չարն էին գործադրում իրենց ձեռքում հայտնված իշխանությունը։ Եվ անգամ տարրական սրբություններ չունեին՝ զինվորի հացը չգողանալու, իրենց կյանքի գործին չդավաճանելու տեսքով։

Մեկնաբանություն
X