Ճեղքում` դեպի ձորը

Ասացինք` Ղարաբաղը հետ բերենք բանակցային սեղանի մոտ` Ղարաբաղում իսկույն գլուխ բարձրացրին Արցախի հարցի քաջատեղյակները, որոնք ինչ-որ ճեղքումների առաջարկներ են անում, քանզի դժգոհ են ներկա ստատուս քվոյից: Ճեղքումն էլ մոտավորապես պատկերացնում են այսպես` կարգավորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները եւ լուծում Արցախի հարցը: Զարմացա՞ք: Ես, օրինակ, ապշեցի:

Ղարաբաղում կա այդպիսի վերլուծաբան` Վահրամ Աթանեսյան: Նա Հայաստանում տեղի ունեցած դուխով «հեղափոխության» ջերմ պաշտպաններից է, նաեւ` մեկը նրանցից, որ հիասթափված է ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում Ռուսաստանի խաղացած դերից, իսկ ավելի ստույգ` համոզված է, որ Ռուսաստանի արածը միայն այն է, որ նպաստել է ստատուս քվոյի պահպանմանը: Ստատուս քվոն քի՞չ է: «Հայաստանի բանակցային դիրքերն ամրապնդվե՞լ են, Ռուսաստանը խզե՞լ է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ԼՂ հարցով Մոսկվան որեւէ սկզբունքային հայտարարություն արե՞լ է»,- դժգոհում է Աթանեսյանը: Ղարաբաղցիների հետ, իրոք, շատ դժվար է: Մաքսիմալիստների շատ ենք տեսել, բայց դրանց ղարաբաղյան տեսակն ուրիշ «ֆրուկտ է», եւ պետք է այդ ծառը տեսնես, որպեսզի հասկանաս ղարաբաղյան մաքսիմալիզմի, որ նույն է` գիգանտոմանիայի բուն էությունը: Չէ, իսկապես մեկ անգամ էլ լսեք` Ռուսաստանին, մեղմ ասած` «ռադ ենք անում», կարգավորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները եւ լուծում Արցախի հարցը: Ասացի, չէ՞, ապշած եմ ուղղակի:

Վահրամ Աթանեսյանին ստիպել է խոսել ղարաբաղյան խնդրի ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանը, որ համարձակվել է ասել, թե նոր իշխանությունների հետ կապված մտահոգություններ ունի, որոնցից մեկն էլ կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Ըստ Մանուկյանի` մենք այս տարածաշրջանում գտնվում ենք շատ անկայուն հավասարակշռության մեջ, եւ ամեն մի կտրուկ շարժում, որոշակի հայտարարություններ, որոշակի նշանակումներ կարող են խախտել հավասարակշռությունը: Աթանեսյանը, չգիտես ինչու, որոշել է, որ Վազգեն Մանուկյանի ակնարկը շատ թափանցիկ է, եւ նա նկատի ունի բացառապես Ռուսաստանի հանդեպ որեւէ ոչ ճիշտ քայլ անելու վտանգավորությունը: Իհարկե, այդպես չէ, բայց դա չի խանգարել Աթանեսյանին` քննադատելու Վազգեն Մանուկյանի հայացքներում եղած նկատելի փոփոխությունը` հօգուտ Ռուսաստանի, չնայած որ Մանուկյանը 30 տարի առաջ կողմ էր ԽՍՀՄ գնացքից թռչելուն: ԽՍՀՄ գնացքից թռչելուն կողմ է եղել մեր ազգի 98 տոկոսը: Հետո՞: Ի՞նչ է ակնարկում Աթանեսյանը, եթե ինքը, օրինակ, քանիցս գրել է, որ եթե մենք 1918-1920 թվերին մեր անկախությունն ավելի շուտ տայինք բոլշեւիկներին, ապա հիմա ավելի մեծ երկիր կունենայինք: Իսկ գուցե ավելի մեծ երկիր կունենայինք, եթե ընդհանրապե՞ս անկախություն չհռչակեինք…

Ըստ երեւույթին՝ Աթանեսյանի գաղափարական տրանսֆորմացիան (բոլշեւիկասիրությունից մինչեւ ռուսամերժություն) ավելի լուրջ հիմնավորումներ ունի, որոնք դեռ պետք է պեղել, բայց այդպիսի խնդիր մենք չենք դնի, որովհետեւ դա կնշանակի նրա հետ անիմաստ ու անվերջանալի մի վեճ սկսել, որը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՄԽ անդամ երկրներին, ո՛չ էլ նույնիսկ Արցախին է պետք:

Մեր մտահոգությունն այն է, որ 30 տարվա ձեռքբերումները, հանկարծ, «դուխով» չկորցնենք ու չընկնենք հիմար վիճակի մեջ, երբ որեւէ բանակցություն այլեւս կդառնա ավելորդ, քանզի մեր «դուխով» իշխանություններին համանախագահները կարող են պարզապես չեզոքացնել եւ Ղարաբաղի հարցը քննարկել որպես Ադրբեջանի ներքին կնճիռ: Այս տխուր հեռանկարը Աթանեսյանին չի պատկերանում, որովհետեւ նա ներքուստ համոզված է, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան պատրաստ են ավելի արդար լուծումներ գտնել, քան Ռուսաստանը, որի հանդեպ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը որեւէ անզգույշ քայլ չի կատարել, Ռուսաստանի մտահոգությունը շարժող պետական նշանակում չի արել, բազմաթիվ հարցերում ընդառաջել է Մոսկվայի նախաձեռնություններին՝ երբեմն նույնիսկ ինքնիշխանության հաշվին, հրաժարվել է Եվրամիության հետ ասոցացումից, անդամակցել Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությանը, ստեղծվել է հայ-ռուսական համատեղ զորամիավորում, միասնական ՀՕՊ համակարգ եւ այլն, եւ այլն: «Ո՞րն է ԼՂ հարցում դրա դիմաց շահը»,- «դուխով» հարցնում է Աթանեսյանը` մոռանալով արցախյան խնդրի 30-ամյա ողջ անցուդարձը (սկսած էշով պատրոն կրելուց, մինչեւ Ղարաբաղի ներկա ստատուս քվոյի ամրապնդումն ու ՊԲ ստեղծումը): Բնականաբար, նշված բոլոր զիջումների դիմաց, որոնց գնացել է Հայաստանը, Ղարաբաղն ավելիին էր արժանի: Բայց մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ, մանավանդ, ճիշտ չէ դրա մեջ միայն Ռուսաստանին մեղադրել: Հիշեցնեմ Վահրամ Աթանեսյանին, որ Ղարաբաղի հարցի լուծման ամերիկյան տեսլականն ավելի արցախանպաստ չէ, քան այն ստատուս քվոն, որ կա այսօր ոչ առանց Ռուսաստանի դերակատարության: Եթե լսենք ամերիկացիներին, ապա պետք է վերադարձնենք բոլոր ազատագրված տարածքները եւ ունենանք Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցք` մի փոքր ավելի լայն, քան նախկինում: Համաձա՞յն է, արդյոք, պարոն Աթանեսյանն այս տարբերակին եւ պատրա՞ստ է հանուն այս տարբերակի նոր ճեղքումներ իրականացնել` կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Ադրբեջանի գրկում վերջնականապես թաղել Ղարաբաղը:

Ռուսաստա՞նն է ապահովում Հայաստանի անվտանգությունը` շարունակում է Վազգեն Մանուկյանի հետ կռիվ տալ Աթանեսյանը: Բայց չէ, ինչո՞ւ այդքան կոպիտ: Հայաստանի անվտանգությունը նաեւ հայկական բանակն ու ՀՀ «դուխով» իշխանությունն է ապահովում, որը պարզապես իրավունք չունի այս «անկայուն հավասարակշռության» մեջ անել հայտարարություններ, որոնք կարող են իսկապես շրջել դեպքերի ու բանակցությունների ընթացքը դեպի ձորը: Եվ, իսկապես, այնպես էլ չէ, որ Հայաստանի սահմանների մի մասը Ռուսաստանը չի պաշտպանում, եւ կան բազմաթիվ երաշխիքներ, որ Թուրքիան մի գեղեցիկ օր չի շտապի «օգնության հասնել» իր ադրբեջանցի «հայրենակիցներին»: Կարո՞ղ եք նշել որեւէ միջազգային կազմակերպություն կամ որեւէ գերտերություն, որ Թուրքիային արգելեց մտնել ՄԱԿ անդամ Սիրիայի եւ Իրաքի սուվերեն տարածք: Ինձ, օրինակ, այդպիսի ազնիվ կազմակերպություն կամ գերտերություն հայտնի չէ: Բայց փոխարենը ես ճանաչում եմ Վահրամ Աթանեսյանին եւ ծանոթ եմ ղարաբաղյան «մաքսիմալիզմին», որն այս օրերին, երբ անընդհատ խոսվում է Արցախի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ բերելու մասին, ինչ-ինչ դրսեւորումներ է ունենում, որոնք հարիր չեն հարցի գրեթե 30-ամյա պատմությանը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X