Նախկին իշխանությունները միայն ԵԿՄ-ն չեն պառակտել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում օրերս ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումներից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ դեռեւս Վազգեն Սարգսյանի օրոք ստեղծված ԵԿՄ-ն, որպես կառույց, պետք է լուծարվի։ Երկրապահները անկախ Հայաստանում միշտ էլ ներգրավված են եղել քաղաքականության մեջ, հաճախ իրենց ուժով եւ հեղինակությամբ ազդել հենց քաղաքական գործիչների եւ նրանց կայացրած որոշումների վրա։

Իշխանություն-ընդդիմություն պայքարում էլ քաղաքական առաջնորդները մեծ մասամբ ապավինել են հենց երկրապահների հեղինակությանն ու ազդեցությանը։ Շատերն, անշուշտ, կհիշեն, թե 2008թ․ փետրվարյան հանրահավաքների օրերին ինչպես էր ՀՀ առաջին նախագահ, այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի Ազատության հրապարակից վանկարկում «Մա՛ն-վել, Մա՛նվել»՝ հուսալով, որ գեներալ Մանվելը, հետեւելով որոշ ԱԺ պատգամավորների, դիվանագետների օրինակին, կմիանա ժողովրդին եւ կապահովի նրա հաղթանակը։ Գեներալ Մանվելն, իհարկե, այն ժամանակ պահպանեց չեզոքություն, չեկավ հրապարակ եւ չմիացավ ժողովրդին, իսկ հետագայում սատարեց իշխանություններին՝ հայտնվելով ԱԺ-ում։ Ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը 1999-2008թթ․ եղել է ԵԿՄ փոխնախագահը, իսկ այսօր ԵԿՄ անդամ է։ Նա կարդացել է եւ ծանոթ է բոլոր այն հրապարակումներին, որտեղ կարծիք է հայտնվում, թե ԵԿՄ-ն պետք է լուծարվի։

Ծանոթ է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի այն տեսակետին, որ ԵԿՄ-ն, որպես մաուզերիստական կառույց, պետք է լուծարվի։ Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ ԵԿՄ-ն մեկ անձով պայմանավորված կառույց չէ, իսկ նրա այսօվա վիճակը պայմանավորված է նախկին իշխանությունների գործունեությամբ։ «Ոչ միայն ԵԿՄ-ն, այլեւ այլ կառույցներ էլ են իրենք պառակտել, հակասություններ մտցրել, քանի որ դա իրենց ոճն էր՝ կոմպրոմատներ հավաքել եւ կառավարել։ Իրենք չեն հանդուրժել ազնիվ եւ արդար մարդկանց, նրանց դուրս են մղել համակարգից։ Սկսած Արթուր Բաղդասարյանից՝ ովքեր դավաճանում էին ժողովրդին, նրանց պաշտոններ էին տալիս, նրանց կերակրատաշտից բաժին էին հանում։ Այդ առումով ԵԿՄ-ն նույնպես անմասն չի մնացել, այդ կառույցից հեռացրեցին պայքարող, քննադատող մարդկանց։ Եվ այն, ինչ տիրում է այսօր ԵԿՄ-ում, ռեժիմի մեղքով է։ Սակայն ոչ ոք չպետք է մոռանա, որ ԵԿՄ-ն կանգնած է եղել մեր պետության ակունքներում․ դժվար պահերին կանգնած է եղել սահմանին, զինվորի կողքին»,-նշեց Մյասնիկ Մալխասյանը։ ԵԿՄ անդամը նշում է, որ այն մարդիկ, որոնք արատավորել եւ պղծել են ԵԿՄ-ի անունը, չպետք է «ջրից չոր դուրս գան» եւ քավության նոխազ դարձնեն այդ կառույցը։

«Ես ցավով եմ նայում այն կադրերը (նկատի ունի Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ բացահայտումները), որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ, ցավում եմ, որ Մանվել Գրիգորյանը նման քայլի է գնացել։ Անկախ մեր հարաբերություններից, անկախ 2008թ․ շարժման նկատմամբ իր վերաբերմունքից՝ Մանվել Գրիգորյանը արցախյան պատերազմի ժամանակ ունեցել է լուրջ ներդրում։ Ցավալի է, որ այդպիսի ներդրում ունեցող անձը այսօր այդ կերպ է ներկայացվում հանրությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ ԵԿՄ-ն մշտապես խառնվում է քաղաքականությանը, ավելի նպատակահարմար չէ՞, որ ԵԿՄ անդամները զբաղվեն իրենց ռազմական գիտելիքներն ու փորձը երիտասարդներին փոխանցելով։ «Շատ լավ կլիներ, որ ոչ միայն ԵԿՄ-ն զերծ մնար քաղաքականություն մտնելուց։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն այն մարդիկ, որոնք կոչված են դրա համար։ Քանի որ մեր երկրում ամեն ինչ աղավաղված է եղել, եւ քաղաքական համակարգը 2000 թվականից հետո ջախջախվել է, ստեղծվել է միակուսակցական համակարգ, իշխանության առաջին դեմքերն են որոշել՝ ով պետք է լինի քաղաքականության մեջ, ով՝ ոչ։ Ազնիվ չէ այդ ամենը ԵԿՄ-ի վրա բարդելը։ Ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում՝ եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի մեզնով»,- հիշեցնում է մեր զրուցակիցը։ Իսկ քաղաքականությամբ զբաղվելու հետեւանքը, ըստ Մյասնիկ Մալխասյանի, եղել է այն, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող երկրապահներին նախկին իշխանությունները հեռացրել են ասպարեզից։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X