Մարդը հանգուցյալ է, բայց կոչումը հանգուցյալ չէ. ավագանին քննարկեց Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղացուց զրկելու հարցը

Այսօր կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու նիստին քննարկման էր դրվել ԳԱԼԱ խմբակցության նախագիծը՝ Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը: Եթե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, եւ Լեւոն Սարգսյանի հարցը քննարկելիս ավագանու անդամներն այնքան էլ չերկմտեցին զրկել, թե չզրկել եւ կողմ քվեարկեցին նախագծին, ապա Գորիկ Հակոբյանի հարցում քվեարկության արդյունքը փոխվեց:

Գյումրու ավագանու ձեռքը չգնաց ծնունդով գյումրեցի, հանգուցյալ ԱԱԾ նախկին պետին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Գորիկ Գուրգենի Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումը ավագանու կազմին ներկայացրեց Լևոն Բարսեղյանը: «Անձնական կամ քաղաքական շահերի խնդիրներ որևէ մեկի հետ չունեմ, չեմ էլ ունեցել, այս հարցը ընդհանրապես Գյումրու արժանապատվությանն է վերաբերում: Ծնունդով գյումրեցի լինելը խիստ անբավարար է պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: Ես շատ եմ որոնել հիմքեր, հասկանալու, թե որ մի քայլի համար են Գորիկ Հակոբյանին արժանացրել այդ կոչմանը: Հանգուցյալ լինելու հետ կապված ասեմ, որ կոչումները հանգուցյալ չեն լինում: 2008թ-ի մարտի մեկին Գորիկ Հակոբյանն ԱԱԾ պետն էր, երբ նրա անմիջական ղեկավարությամբ կատարվել է խաղաղ ցուցարարների նկատմամբ կոտորած: 130 հոգի քաղաքական բանտարկյալ դարձան, 1500-ից ավել մարդ ձերբակալվեցին: Ոչ ոք չի կարող պնդել, թե Գորիկ Հակոբյանն այդ ամենի հետ կապ չուներ: Նրա ղեկավարությամբ ՀՀ բոլոր լրատվամիջոցներում ԱԱԾ աշխատակիցներ էին նստած»,-իր ելույթում ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրան հակադարձեց ԲՀԿ խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանը՝ նշելով, որ անձամբ է ճանաչել հանգուցյալ Գորիկ Հակոբյանին, ով իսկապես արժանի է այդ կոչմանը, եւ ԳԱԼԱ-ի հիմնավորումը թերի է: «Մենք քրիստոնյա ենք եւ պետք չէ մեռած մարդուն համեմատել մյուս երեքի հետ, մեռածների հետևից կամ լավ, կամ՝ ոչինչ»,-ասաց տիկին Աստոյանը՝ կարծիք հայտնելով, որ ԲՀԿ –ն հավանաբար դեմ կքվեարկի նախագծին: «Մեռածների հետևից կամ լավ, կամ՝ ոչինչ, այդտեղ իրականում ստորակետ կա՝ բացի ճշմարտությունից: Ես չեմ հիշում, որ այդ մարդը երբևէ իր արածների համար ափսոսանք հայտնած լինի»,-ավելացրեց Լևոն Բարսեղյանը: Ավագանին այս որոշմանը մի քանի անգամ քվեարկեց:Սամվել Բալասանյանը չէր կողմնորոշվում՝ ովքեր են դեմ, ովքեր՝ կողմ, ի վերջո հայտարարեց՝ 7 կողմ, 8 դեմ, մնացածը ձեռնպահ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X