Բնապահպաններին կոչ եմ անում՝ գնան արջերին տեր կանգնեն, որովհետեւ էլ մսի պահածո չկա, որ ուտեն․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

«Անկեղծ ասած, ստանում ենք տարբեր ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծեն մեզ, բայց չի ստացվի»։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անվտնագության հետ կապված հարցին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ տեղեկություններ եւս ստանում են․ «Վարչապետի հետ կապված նույնն է, բայց կարծում եմ՝ ոչ մեկը չի համարձակվի»։

Վանեցյանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, եւ քննությունը ցույց կտա, թե ովքեր կապ ունեն գործի հետ։

«Հրապարակ»-ի հարցին՝ բարձրաստիճան զինվորականների տներում եւս խուզարկություններ իրականացվե՞լ են, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Այլ բարձրաստիճան զինվորականների տներում էլ ստուգումներ կարող են լինել, եթե կասկածներ, փաստեր ունենանք, հենց այնպես գործողություններ չեն արվի: ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում, ես թույլ չեմ տա դա։

Բրիֆինգի վերջում ԱԱԾ տնօրենը հայտարարություն արեց՝ դիմելով բնապահպաններին։ «Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետեւ էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան»,-հայտարարեց նա։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X