Բավական է

Մանվել Գրիգորյանի մասին քաղաքական որոշ գործիչների հայտարարություններում աչք է ծակում ադրբեջանցիների ուրախության թեման: Այդ մոտիվը կար նրա ձերբակալությանը հաջորդած՝ ՀՀԿ եւ ԵԿՄ պաշտոնական հայտարարություններում, որը նույնիսկ սպառնալիքի պես էր հնչում՝ պատերազմը դեռ չի ավարտվել: Բայց հարց է՝ ադրբեջանցիներն իրոք հրճվու՞մ են, թե՞ զգաստացած են:

Ի վերջո ո՞րն է Ադրբեջանին ձեռնտու: Թվում է՝ այն, որ նման դեպքերը չբացահայտվեն, Հայաստանում կոռուպցիայի եւ ամենաթողության դեմ պայքար չտարվի: Չէ՞ որ այդ երեւույթները խարխլում են պետությունը, նրա անվտանգությունը: Եւ, ընդհակառակը, եթե դրանք բացահայտվում են, երկիրը մաքրվում է կեղտից, մեղավորներն ստանում են արժանի պատիժ, հասարակությունը ձերբազատվում է արատավոր երեւույթիներից, ապա պետությունն ամրապնդում է դիրքերը, բարձրանում է երկրի անվտանգության մակարդակը, զինված ուժերը դառնում են ավելի մարտունակ:

Եթե ապրիլյան պատերազմում զինվորի բաժինը գողացվել է, հիմա դա բացահայտվում է, ապա տրամաբանական է ենթադրել, որ հետաքննությունը կգնա մինչեւ վերջ, կբացահայտվեն բոլոր հանգամանքները: Հնարավոր է՝ բացահայտվեն նոր մեղավորներ, բանակի կողոպուտի նոր սխեմաներ: Պետք է հարցին նայել այս, ոչ թե այն դիտանկյունից, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից Ադրբեջանում ինչ-որ մեկն իրեն լավ է զգացել: Հետո ի՞նչ, միայն դրա համար չպե՞տք է ԱԱԾ-ն բացահայտեր իրողությունը:

Առհասարակ բավական է շահարկել «հակառակորդին ուրախանալու առիթ չտալու» թեման: Անկախ նրանից, թե մենք ինչ եւ ինչպես ենք անում, Ադրբեջանը մնում է թշնամի երկիր: Եւ նրան մեծագույն հաճույք կպատճառեր մեր անգործությունը: Անտարբերությունը: Ադրբեջանում կցանկանային, որ հայկական բանակին հասանելիքը կողոպտվեր մինչեւ վերջին թելը, դիրքերում զինվորները մատնվեին սովի, տարափոխիկ հիվանդությունների: Իսկ երբ դա կանխվում է, Ադրբեջանում միայն տխրում են: Հակառակորդին նման առիթներ պետք է հաճախ պարգեւել:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X