Հիմքեր ունեի, դրա համար էի բերել նախագիծը՝ Սամվել Բալասանյան. Լևոն Սարգսյանը զրկվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Այսօր կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու նիստին քննարկման էր դրվել ԳԱԼԱ խմբակցության նախագիծը՝ Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը:

Ավագանու 33 անդամներից 18-ը կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, 17-ը՝ Ռոբերտ Քոչարյանին: Քվեարկության դրվեց նաև Լևոն Սարգսյանին նշված կոչումից զրկելու հարցը, որը նույնպես ընդունվեց: Եթե Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվելու մասին նախագիծը 2006թ-ին քաղաքապետարան էր ներկայացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, ապա նրա եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանին այս կոչմանն արժանացրեց ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝2016թ-ին: ԳԱԼԱ խմբակցությունն այսօր ավագանու նիստին հիշեցրեց այդ մասին քաղաքապետին:

Սամվել Բալասանյանը, հրաժարվելով մասնակցել ԳԱԼԱ-ի առաջարկած նախագծի քվեարկությանը, արդարացավ. «Հիմքեր ունեի, դրա համար էի բերել նախագիծը»: Հիշեցնենք, որ 2016-ին Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնն անցկացնելու, ինչպես նաև ներդրումային գործունեության համար Լևոն Սարգսյանին շնորհվեց Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում:

Այս որոշումը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ քաղաքում, ու սկսվեց ստորագրահավաք՝ Լևոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու պահանջով: ԳԱԼԱ կուսակցությունը ստորագրահավաք սկսեց որոշման դեմ: 1800 ստորագրությամբ նամակը փոխանցվեց քաղաքապետարան և, ըստ գործող կարգի, ավագանին պետք է նիստ գումարեր՝ հարցը քննարկելու: 2016թ-ի հոկտեմբերի 4-ին հրավիրվեց արտահերթ նիստ, որը բավականին լարված մթնոլորտում անցավ, երբ ստորագրահավաք նախաձեռնող քաղաքացիական խմբի ներկայացուցիչները տեղեկացրին քաղաքապետին, որ նիստին ներկա գտնվելու ցանկություն ունեցող տասնյակ քաղաքացիների չեն թույլատրում ներս մտնել:

Լարված մթնոլորտում Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը դրվեց քվեարկության եւ չընդունվեց: «Մարդկանց տներն են մտել, մենք ուսումնասիրել ենք, տեղյակ էլ չեն եղել, թե ինչի մասին է խոսքը, ստորագրել են: Սա է եղել պատկերը: Մենք պետք է խրախուսենք բոլորին, ովքեր մեզ գալիս, օգնում են, ոչ թե նման վերաբերմունք ցույց տանք, պրոֆեսոր մարդու նկատմամբ, որի նկատմամբ ցուցաբերեցինք», - այն ժամանակ հայտարարեց Սամվել Բալասանյանը:

Իսկ դրսում քաղաքապետարանի արգելանքներից այն կողմ սպասող տասնյակ քաղաքացիներ դժգոհում էին, որ իրենց թույլ չտվեցին մասնակցել նիստին: Ընդամենը երկու տարի անց՝ այսօր, ավագանին շատ հեշտությամբ նույն նախագծին կողմ քվեարկեց։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X