Գյումրու ավագանին զրկեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներից

Րոպեներ առաջ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստին ԳԱԼԱ-ի առաջարկած նախագծի հետ կապված որոշում կայացվեց: Ավագանու նիստին քննարկման էր դրվել ԳԱԼԱ խմբակցության նախագիծը՝ Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը:

Նշենք, որ նիստի մեկնարկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրանքով դիմեց ԳԱԼԱ կուսակցությանը, որպեսզի օրակարգից հանեն ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը՝ պատճառաբանելով, որ հանգուցյալ է:

«Հասկանում ենք՝ մարդը մահացած է, բայց կոչումը չի մահացել»,-քաղաքապետին հակադարձեց ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Բալասանյան դաշինքի անդամ Հրայր Կարապետյանն էլ դաշինքի անունից հայտարարություն արեց՝ ասելով, որ ազատ են քվեարկելու: Սամվել Բալասանյանն էլ հայտարարեց, թե ինքը ընդհանրապես չի քվեարկելու, որպեսզի չասեն, թե ուղղորդեց խմբակցությանը: Ավագանու 33 անդամներից 18-ը կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, 17-ը՝ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել դեռ 2006թ-ին, երբ ՊՆ նախարար էր, իսկ նախագիծը քաղաքապետարան էր բերել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ավագանու նիստը դեռևս շարունակվում է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X