Փաստաբանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը իրականացնելուց

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է Գրիգորյանի պաշտպանությունը իրականացնելուց։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց փաստաբանը։

Փաստաբանի մեկնաբանությամբ՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից հետո անակնկալի է եկել, որ բացի ապօրինաբար զենք պահելու կասկածանքից, կան նաեւ այլ հանգամանքներ․ «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Մեկնաբանություն
X