Հայաստանում ստեղծել ենք մեր քաղաքական թևը. Ռոբերտ Քուրքյան

ԱԱԾ-ի կողմից ահաբեկչության պատրաստման մեջ մեղադրվող ամերիկաբնակ Ռոբերտ Քուրքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր գործը ԱՄՆ-ում սառեցված վիճակում է. «Բայց թե մյուս կողմում՝ Հայաստանում, ինչ գործեր են ձեռնարկվում, ես էլ տեղյակ չեմ։ Ինչքան գիտեմ թավշյա հեղափոխությունից հետո, ես կարծում եմ, որ անհրաժեշտությունը վերացել է այդ գործի, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ այդ գործը սարքված է եղել, Սերժի ընդդիմադիրներին, հակառակորդներին մեկուսացնելու գործեր են շինծու»։

-Հայաստանում ովքե՞ր են հարցաքննվել այդ գործի շրջանակում։

Ինչքան գիտեմ հարյուրից ավելի մարդ հարցաքննվել ա, ԱԱԾ է կանչվել միայն նրա համար, որ ֆեյսբուքում իմ հետ ընկեր են եղել կամ շեյր են արել։ Այդ պատրվակներով մարդկանց կանչել են ԱԱԾ եւ բոլորից ստորագրություն են վերցրել, որ ինձ չասեն, որ իրենց կաչել են, բայց վերջապես մարդիկ ծանոթ են, գիտեն, որ ես ահաբեկիչ չեմ, մենք ազգասեր մարդիկ ենք, փորձում ենք ժողովրդի կողքին լինել, ձայն բարձրացնել, դա է եղել խնդիրը: Ես ուզում եմ ասել, որ ահաբեկչության մասին, որ եղել է ընդհանրապես աբսուրդ է, ես ժողովրդից միայն հարգանք եմ տեսել։ Եթե ահաբեկված են եղել մենակ Սերժն ա, իրա բանդան, ՀՀԿ-ն ա ահաբեկված եղել իմ գործողություններով եւ հայտարարություններով, ոչ թե ժողովուրդը։

-Հետեւու՞մ եք Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

Այո, հետևում եմ, ամբողջ թավշյա հեղափոխության ընթացքին մասնակցել եմ, սատարել եմ, ես կանգնել եմ հայաստանի քաղաքացու կողքին, որը դուրս է եկել փողոց իր իրավունքները պատպանելու համար: Ես անձապաշտ մարդ չեմ, կանգնում եմ միայն իմ ժողովրդի կողքին։ Առայժմ շուտ է գնահատական տալ մինչեւ էն օրը, երբ զգանք, որ ծառայում է ժողովրդին, մենք էլ կփորձենք օգնել։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մենք զինյալ պայքարի անհրաժեշտություն չկա էլ, եւ մենք էլ գնում ենք քաղաքական պայքարի եւ արդեն հիմնել ենք մեր քաղաքական թեեւը, շուտով հայտարարություն կլինի եւ կփորձենք քաղաքական պայքար տանել։

-Ովքե՞ր են լինելու քաղաքական ձեր թեեւում։

Մեր քաղաքկան թեեւը կազմված է նոր մարդկանցից, իր աշխատանքը տարվելու է Հայաստանում, մեր նպատակը լինելու է օգնել նոր իշխանություններին, որպեսզի կարողանան հեղափոխությունը վերջին հասցնել։ Հեղափոխությունը վերջնական վիճակով չէ, եւ պետք է պայքար տարվի, որպեսզի հակահեղափոխական տարրերը նորից չկարողանան գլուխ բարձրացնել եւ չորացնել թավշյա հեղափոխության բանուկ ծառը։ Մեր քաղաքական թեեւը արդեն ստեղծված է Հայաստանում, մենք ունենք մեր ներկայացուցիչները, շուտով հայտարարություն կլինի։

-Վերադառնալո՞ւ եք դուք Հայաստան։

Այո, անպայման վերադառնալու եմ, Հայաստանը իմ երազանքների երկիրն ա, ես էս ամբողջ պայքարը տարել եմ, որ Հայաստանը ազատ լինի, բոլոր հետ գանք եւ կառուցենք մեր ազատ, անկախ Հայաստանը։ Դիմելու եմ, որ էս ԱԱԾ-ի հարցը կարճվի, միջազգային հետախուզման պահանջը հետ կանչվի, որ կարողանամ գամ։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում էր կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X