Քաղբանտարկյալներն ու նոր իշխանությունները կլինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ․ քաղաքագետ

Սերժ Սարգսյանի օրոք տարբեր մեղադրանքներով ազատազրկված եւ բանտերում քաղաքական հայացքների համար տարիներ անցկացրած անձինք հերթով ազատ են արձակվում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ԱԺ լեգիտիմ ընտրություններ ակնկալող քաղաքական ուժերը, փորձագետները հայտարարում էին, որ առանց քաղբանտարկյալների ազատ արձակման եւ նրանց մասնակցության չեն կարող այդ ընտրություններն անցնել ազատ եւ արդար։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեցինք, թե արդեն ազատության մեջ հայտնված քաղբանտարկյալները կարո՞ղ են այլընտրանք լինել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, քաղաքական ուժերի ինչպիսի՞ դասավորություն կլինի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։

«Դժվար է ասել։ Պետք է լինեն քաղաքական կոնսուլտացիաներ։ Արհեստական ոչինչ չպետք է լինի, պետք է լինի բնական պրոցես։ Ե՛վ այդ մարդիկ, որոնք բանտում էին, եւ՛ այսօրվա իշխանությունները գործում էին նույն տիրույթում, այսինքն՝ դեմ էին նախկին իշխանությանը, բնական դաշնակիցներ են։ Կարող եմ ասել, որ իրենք չեն լինի հակառակորդներ, մեծ հաշվով՝ նույն դաշտում են գործել։ Պարզապես, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նախկին իշխանությունները ում համարել են առավել վտանգավոր, նրանց ազատազրկել են։ Մեծ հաշվով, սակայն, պայքարը եղել է նույն տիրույթում, նրանք եղել են փողոցում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանը հիշեցնում է, որ բանտերից դուրս գալուց հետո քաղաքական հայացքների համար ազատազրկված անձինք նախ պետք է արդարացվեն, քանի որ միայն նրանց խափանման միջոցն է փոխվել։ Իսկ արդարացման պրոցեսը, ըստ նրա, դեռ առջեւում է, եւ դա այն պրոցեսն է, որի ժամանակ դատաիրավական համակարգը պետք է մաքրվի եւ քայլ անի՝ ինտեգրվելու նոր Հայաստանին։ Իսկ այդ պրոցեսները, ըստ քաղաքագետի, ժամանակ են պահանջում, եւ քաղբանտարկյալներն էլ սկսելու են իրենց տեղն ու դերն իմանալ ապագա քաղաքական դաշտում։

«Կարծում եմ, որ այդ մարդկանց՝ ազատության մեջ հայտնվելուց հետո քաղաքական դաշտը կհստակեցվի, եւ ես չեմ կարծում, թե այնտեղ կլինեն հակառակորդներ։ Եթե անգամ լինեն տարբեր քաղաքական բեւեռներ, ապա այդ բեւեռները կլինեն մրցակիցներ եւ գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Մեկնաբանություն
X