Հայաստանի անկախության ճանապարհը՝ «Հայաստան. 1988-2018» պատկերագրքում

«Հայաստան. 1988-2018»․ այսպես է կոչվում լուսանկարների եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ «Սիմոն Վրացյան» կենտրոնում։

Ալբոմի վեց բաժիններում ներկայացված է Հայաստանի անկախության ճանապարհը՝ 88-ի համազգային զարթոնքն ու երկրաշարժի ավերն ու ցավը, Արցախյան ազատամարտն ու թիկունքի կյանքը, 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմը եւ 2018-ի ապրիլյան շարժումը:

Լուսանկարչական ալբոմը լույս է ընծայվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։ Նախագծի հեղինակն է արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը, գրքի ձեւավորման հեղինակը՝ Արտակ Բաղդասարյանը, նախագծի համադրողը՝ լուսանկարիչ Գերման Ավագյանը, ով, սակայն, շնորհանդեսին ներկա չէր։

Արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանի կարծիքով՝ այս պատկերագրքի միջոցով կենդանի զրույց ենք սկսում ինքներս մեզ հետ․ «Մի շատ կարեւոր հատված կա մեր պատմության մեջ, դա 88-ին սկսած անկախության շարժումն էր, որը փուլ առ փուլ այս պատկերագրքի մեջ ներկայացված է՝ Արցախյան շարժում, մութ ու ցուրտ տարիներ, զարթոնք, պատերազմ։ Այս 30 տարին վայրիվերումների տարիներ էին, մինչեւ անգամ` այս վերջին քաղաքական դեպքերը։ Մենք ձգտել ենք պատկերագրքից ոչինչ դուրս չթողնել։ Հիմնականում օգտագործվել են այնպիսի լուսանկարներ, որոնք համարյա չեն հրապարակվել։ Լուսանկարների ընտրության հարցով զբաղվել է մեր լավագույն լուսանկարիչներից Գերման Ավագյանը․ նա է գիրքը համադրել»։

Պատկերագրքում ներառված է մոտ 283 լուսանկար՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող լուսանկարիչների աշխատանքներից։ Դրանց թվում են թե՛ ճանաչված դոկումենտալիստների, թե՛ երիտասարդ լուսանկարիչների աշխատանքներ։ Գրքում ներկայացված են 28 լուսանկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Ռուբեն Մանգասարյանի, Հակոբ Բերբերյանի, Մարտին Շահբազյանի, Գերման Ավագյանի, Լեւոն Աթոյանցի, ինչպես նաեւ Իգոր Գավրիլովի, Օլեգ Կլիմովի, Սերգեյ Մաքսիմիշինի, Մարտին Ունսլոուի, Ժուլի Ֆրանշեի եւ այլ հեղինակների լուսանկարներ։

«Վավերագրությունը շատ կարեւոր բան է․ դա մարդու հիշողությունն է, հին լուսանկարներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի,- ասում է Ղարաբաղցյանն ու նկատում: - Հանրապետության 100-ամյակի շրջանակներում այնքան լավ լուսանկարներ ի հայտ եկան արխիվներից, որ ի վերջո լուսանկարի գինն էլ հասկացանք։ Ինձ թվում է, որ 100 տարի հետո՝ 2088-ին, եթե ուզեն 1988-ի հարյուրամյակը հիշել, թե ոնց է դա սկսվել, մենք դրա առաջին քայլն արդեն արել ենք՝ շատ անկեղծ, առանց շպարելու։ Մենք, փաստորեն, այսօր այդ հիշողության գանձատուփը փոխանցում ենք նաեւ մեզնից հետո եկողներին»։

Գրքի առաջաբանի հեղինակ Արտաշես Շահբազյանը պատմությունը նմանեցնում է մշուշոտ անդունդի․ «Եվ դա մշուշոտ անդունդ է այնքան ժամանակ, քանի դեռ չի բնակեցվում կենդանի մարդկանցով, իրական կերպարներով, որովհետեւ, եթե մեզ ծանոթ կերպարները հանենք, այդ ժամանակաշրջանը մեզ համար կդառնա մի մշուշ։ Թերեւս, մեր սերունդն այդ պարտականությունն ունի իր ուսերին՝ այս ժամանակն արձանագրելու, ապրեցնելու իր ժամանակի բնորոշ կերպարներով։ Այս ալբոմը մի հնարավորություն է՝ վերապրելու եւ ճամփորդելու այդ 30 տարիների մեջ ու վերհիշելու, թե ինչպիսին է այն եղել, հատկապես որ գեղարվեստական բարձր վարպետության արդյունք է այս լուսանկարների հավաքածուն։ Որպես ալբոմի առավելություն՝ ուզում եմ եւս մեկ բան նշել. 28 լուսանկարիչներ են ներկա այս ալբոմի մեջ՝ հայ, օտարազգի, սփյուռքահայ լուսանկարիչներ։ Այս իմաստով ալբոմը նաեւ փաստաթուղթ է այս օրերի մասին, որ հնարավոր չէ կեղծել կամ փոխել։ Այստեղ պատահական լուսանկար չկա, դրանցից յուրաքանչյուրն ունի ներքին հույս, տագնապ, ընդհանրացումներ, իրականության պատկերումներ։ Ալբոմն արված է շատ ճաշակով, քանի որ դրա վրա աշխատել են շատ ճաշակով մարդիկ՝ Սպարտակ Ղարաբաղցյանը, Արտակ Բաղդասարյանը եւ Գերման Ավագյանը»։

Շնորհանդեսին ներկա Սպարտակ Սեյրանյանն էլ նշեց, որ այս գրքի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ 30 տարվա պատմությունը ներկայացնում են ոչ թե պատմաբանները կամ քաղաքական գործիչները, այլ ալբոմի հերոսը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների շարքային քաղաքացին է․ «Այս ալբոմի գործող անձը ոչ թե քաղաքական կամ ռազմական գործիչներն են, այլ շարքային քաղաքացին, որը պակաս հերոս չէ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X