Առաջին ժամադրություններ

Postscriptum

Ափսոս, որ այն, ինչ ինձ համար դարձավ

Քո գոյությունը, չդարձավ

Իմ գոյությունը քեզ համար։

Ու որերորդ անգամ այս ամայի խցում

Ես տիեզերք եմ մետաղալարե գցում

Կոպեկս պղնձե՝ գերբով պսակազօծ,

Ու հուսահատ փորձում եմ վեհացնել

Մեր միացման վայրկյանը... Ավաղ,

Նրան, ով չի կարող փոխարինել

Ինքն իրենով աշխարհն ամբողջ, սովորաբար մնում է

Պտտել հեռախոսի անեզր սկավառակը,

Ինչպես սեղանն են պտտում ոգեկանչման ծեսին,

Քանի հոգին դեռ չի արձագանքել

Զումերների վերջին աղաղակին քնատ։

Իոսիֆ Բրոդսկի

***

Երեկ առավոտից սպասում էի քեզ,

Նրանք գլխի ընկան, որ դու չես գալու։

Հիշո՞ւմ ես, թե ինչ եղանակ էր, ասես

Տոն լիներ։ Անգամ չհագա վերարկու։

Այսօրը եկավ, ու բերին մեզ համար

Մի տեսակ հատուկ ամպամած երկինք,

Ու անձրեւ, ու հատուկ չափազանց ուշ ժամ,

Ու կաթիլներ են հոսում սաղարթին։

Ո՛չ բառով կսփոփես, ո՛չ շորով կսրբես...

Առաջին ժամադրություններ

Ամեն մի պահը մեր ժամադրությունների,

Ինչպես որ հայտնությունը, մենք տոնում էինք

Ողջ աշխարհում մենակ: Դու ավելի

Քաջ էիր ու թեթեւ թեւից թռչնի,

Ասես գլխապտույտ, դու սանդուղքով

Վազում էիր յասամանի միջով

Խոնավ ու ինձ տանում աշխարհը քո՝

Մյուս կողմը հայելող այս ապակու:

Երբ որ գիշերն իջավ, ինձ գթություն

Շնորհվեց, ու դարպասները զոհատան

Ինձ բացվեցին, եւ խավարում շողում

Էր մերկությունն ու կռանում անշտապ,

Եվ զարթնելով. «Թող օրհնված լինես»,-

Ասում էի ու հասկանում՝ ինչքան

Հանդուգն էր իմ օրհնությունը. դու

Քնած էիր, ու սեղանից թաքուն

Քո կոպերին էր երկարում դիպչել

Յասամանի կապույտը անհատակ,

Ու կապույտով սրբազօծված կոպերդ

Հանգիստ էին, ու ձեռքդ՝ տաք:

Իսկ բյուրեղում զարկվում էին գետերը,

Ծխում լեռները, ծովը՝ պսպղում,

Եվ դու ափիդ մեջ գունդն էիր պահում

Բյուրեղ, ու դու քնած էիր գահին

Եվ, Տե՜ր Աստված, որքան էիր դու ի՛մը:

Դու արթնացար ու կերպափոխեցիր

Մեր մարդկային ամենօրյա բառերը

Ու խոսքը մինչեւ ծայրը լցրեցիր

Լիահնչյուն ուժով, եւ «դու»-ն իր նոր

Իմաստն ի հայտ բերեց, ու այն էր՝ թագավոր:

Ամեն ինչ աշխարհում փոխվեց, անգամ

Իրերը հասարակ՝ սափորը, տաշտը, երբ

Մեր մեջտեղում պահապանի նման

Կանգնել էր ջուրը՝ պինդ ու բազմաշերտ:

Մենք սլացանք անհայտ ուղիներով:

Մեր դեմ ցնդում էր, ինչպես հոգեթով

Միրաժ, հազար հրաշակերտ քաղաք,

Ինքը՝ անանուխն ընկնում էր ոտքի տակ,

Ընկերակցում էին մեզ թռչունները,

Գետով վերեւ էին լողում ձկները,

Ու բաց էր մեր առաջ մի ողջ երկինք…

Երբ բախտը հետքերով մեզ մոտենում էր,

Ինչպես խելառը՝ ածելին ձեռքին:

Արսենի Տարկովսկի

***

Ես սովորել եմ չտխրել մենակ

Լուռ քայլելիս անհյուրընկալ մթում

Եվ նայելիս երկնի մեջ անհատակ

Խաղաղ սրտով փառաբանել Աստծուն։

Ես սովորել եմ ստվերներում ունայն

Չորոնել խշշոցը բարդենու,

Իսկ բառերի փոթորիկից միայն

Հյուսել երգեր՝ կարոտս երգելու։

Իմ սենյակում՝ հարմարավետ, փոքրիկ,

Շրջում է մի փիսիկ հանդարտ ու լուռ,

Մենք միասին սիրում ենք երազել

Եվ հիանալ հորիզոնով լազուր։

Միայն երբեմն լռության խորքից

Լսվում է արձագանքը անցյալի,

Սակայն անգամ թե դու այցի գաս ինձ,

Իմ սիրտը քո թակոցը չի լսի…

Աննա Ախմատովա

***

Ես բաց թողեցի քո ձեռքերը, ես եղա դավաճան

Քո այդ աղահամ շուրթերին քնքուշ, դրա համար էլ

Այսուհետ անանց Ակրոպոլիսում պիտի արթնանամ։

Որքա՜ն ատելի կարող է զառամ կոճղը բուրել։

Քաջ աքայացիք ձին են հանդերձում խավար գիշերով

Եվ ատամնավոր սղոցները պինդ խրում պատերը,

Ոչ մի պահ դադար չի առնում արյան եռուզեռը չոր,

Ու անհայտ են քո թե՛ անունը, թե՛ ձայնն ու թե՛ պատկերը։

Ի՞նչ սիրտ արեցի մտածել, թե դու կվերադառնաս...

Մութը չի ցրվել, ու հեռու է դեռ աքլորականչը։

Ինչո՞ւ քեզանից ես ինձ պոկեցի այսպես կանխահաս...

Դեռ չի թնդացել տաք կացին կերած ծառի հառաչը։

Խեժը դուրս տվեց պատերի վրա՝ ջինջ արցունք իբրեւ,

Եվ քաղաքը իր փայտե կողերի ցավով է լիքը,

Բայց հորդաց արյունը ու գրոհ տվեց սանդուղքով ներքեւ,

Եվ երեք անգամ քաջաց երեւաց թովիչ տեսիլքը։

Ո՞ւր մնաց Տրոյան։ Որտե՞ղ են տներն արքայի, կուսաց։

Քանդվելու է Պրիամոսի բարձր սարյակաբույնը։

Եվ թափվում են չոր նետերը փայտե անձրեւի պես ցած,

Ու նոր նետեր են դուրս ելնում հողից տիզենու հանգույն։

Անցավ հանգչում է խայթոցը վերջին աստղի լուսերես,

Եվ հանց գորշ ծիծառ՝ այգը կթակի փակ լուսամուտը,

Եվ օրը դանդաղ շարժվում է, ինչպես նոր զարթնած մի եզ

Ծղոտի դեզին, որ երկար քնից արդեն չորուտ է։

TRISTIA

Ինձ լսվեց օրենքը հրաժեշտի

Գիշերվա անկեղծ գանգատի ձայնում։

Որոճը եզան սպասումով է լի․

Վիգիլիաների ժամն է վերջանում,

Եվ աքլորականչ գիշերվա կարգով,

Ուսերին ճամփի թախիծը բարձած՝

Հեռուն են նայում թաց աչքերը ու

Մուսայի երգին խառնում դառը լաց։

Ո՞վ գիտի հաստատ՝ «հրաժեշտ» բառը

Ինչ բաժանում է մեզ կանխորոշել,

Ինչ է գուշակում մեզ աքաղաղը,

Երբ ակրոպոլում վառ է հուրը շեկ,

Եվ մի նոր կյանքի արեւածագին,

Երբ խոտերի մեջ եզն է որոճում,

Աքաղաղ-բանբերը այդ նոր կյանքի

Քաղաքի պատին ինչո՞ւ է թռչում։

Մանելու հին ծեսը սիրում եմ ես․

Շարժվում է մաքոքը, իլիկն է բզզում։

Նայի՛ր, կարապի նուրբ փետուր ասես,

Բոբիկ Դելիան է ընդառաջ վազում։

Ա՜խ, խղճուկ հիմքեր մարդկային կյանքի,

Խնդության լեզուն ինչքա՜ն է աղքատ,

Ինչ որ եղել է, կլինի կրկին,

Գեթ ճանաչումն է քաղցր ակնթարթ։

Թող լինի այդպես․կավակերտ աման՝

Հատակին գծված թափանցիկ ֆիգուր

Սկյուռի շերտատած մորթենու նման․

Մոմի տակ նայում է աղջիկը լուռ։

Մենք ի՞նչ իմանանք մութ Էրեբոսից,

Պղինձն այրերինն է, կանանցը՝ մոմ։

Մեր բախտը կախված է մարտերի ուսից,

Գուշակելով էլ նրա՛նք են մեռնում։

Օսիպ Մանդելշտամ

Մարիամ Հարությունյան- Բանաստեղծ, թարգմանիչ

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X