Ժամանակների միջով՝ դեպի բուն ժամանակը. 100-ամյա հանրապետություն

Հուսիկ Արա - 100 տարի առաջ մեր գրական-մշակութային կյանքի կենտրոնն Անդրկովկասում Թիֆլիսն էր, Եվրոպայում՝ Մխիթարյան միաբանությունը, իսկ մինչեւ 1915-ը՝ նաեւ Պոլիսը: Առաջին հանրապետության հռչակումից հետո էր, որ կառավարությունը նախաձեռնեց Երեւանը դարձնել քաղաքական, մշակութային մտքի կենտրոն: Թեպետ ավագ սերնդի գրողներից Ահարոնյանը, Շանթը տեղափոխվեցին Երևան, որպես կառավարության անդամներ, սակայն հիմնականում գրական գործունեություն ծավալողը երիտասարդ Չարենցն էր, գրական առաջին քայլերն անող Զարյանը, Մահարին: Ցեղասպանությունից մազապուրծ այդ սերունդն էր, որ ավելի շատ դրսեւորվեց, կայացավ երկրորդ հանրապետության տարիներին, բայց սկզբնավորվեց 1918-20թթ. Նիկոլ Աղբալյանի հոգատարությամբ՝ ի հեճուկս այն իրողության, որ գրեթե պայմաններ չկային պատերազմող ու չքավոր երկրում: Այդ ժամանակ էր, որ Աղբալյանը Չարենցին կառավարությունում սեղան-աթոռ է հատկացնում՝ մշակութային կյանքը կազմակերպելու նպատակով: Չարենցն էլ, թե՝ ես ի՞նչ կարող եմ անել, Աղբալյանն էլ պատասխանում է՝ Եղիշ ջան, կնստես եւ քո բանաստեղծությունները կգրես․ այդպես հանճարեղ երիտասարդին առնելով իր անմիջական հովանու ներքո:

Սպարտակ Ղարաբաղցյան - Բողոքողներ էլ եղան, թե Չարենցը ոչ մի բան չի անում, բայց Աղբալյանը փող է տալիս: Աղբալյանն էլ ասել է, թե այն, ինչ Չարենցն է անում, հետո դրա գինը կիմանաք: 18-20 թվականները չուսումնասիրված շրջան են, թերևս գրականագետները կարող են ծալքերը բացել, բայց այն, ինչ գիտենք, պարտավոր ենք անաղարտ փոխանցել եկող սերնդին՝ առանց գաղափարական շապիկ հագցնելու: Այդ թվականները ճակատագրական ժամանակ էին մեր պատմության համար եւ այսօր էլ արդիական են հնչում 100-ամյակի առիթով: Ասում են՝ պատմությունը եթե-ներ չի սիրում, բայց եթե Արամ Մանուկյանն ապրեր եւս երկու տարի, կամ Ռոստոմը՝ էլի մեկ տարի, իրենց պետականաշինական գաղափարներով, մենք հիմա այլ տեղում կլինեինք եւ գուցե մեր այս զրույցը Ղարսում կամ Վանում վարեինք: Այդուհանդերձ, այդ երկուսուկես տարին կարեւոր նշանակություն ունեցավ մեզ համար, շատերին թվում է, թե սովի ու պատերազմի արանքում ինչպես կարելի էր մշակույթ զարգացնել: Սակայն այդ ծանր շրջանում հոգեւորի ու մշակույթի դարձ է տեղի ունեցել Հայաստանում, եւ նշածս երեւելի անունները մեր հոգեւոր հայրերն են եղել: Այդ տարիներին տիտանական գործ արվեց մեր երկրեւմ: Չարենցին Նիկոլ Աղբալյանը գտավ, եւ այդ գրական սերունդը հենց Առաջին հանրապետությունում ծլարձակեց, իսկ մյուսներն էլ Սփյուռքում շարունակեցին ստեղծագործել՝ ծավալելով հայապահպան գործունեություն․ Թեքեյանը, Համաստեղը, հետո Մուշեղ Իշխանը եւ այլք: Եթե 18-20թթ․ ինտելեկտուալ անհատները չլինեին, այսօր Հայաստանի երրորդ հանրապետություն չէինք ունենա, որը միայն քաղաքական առումով չի կարեւորվում, այլեւ հոգեւոր, մշակութային վերադարձով: Մենք վերջին 30 տարում ավելի շատ բան տեսանք՝ շտկեցինք աղմկելով ու ըմբոստանալով, քան նախորդ 70 տարում: Դրանք ճանապարհներ են, որոնք գծվել են 100 տարի առաջ՝ գալ-հասնելով այս թավշյա հեղափոխությանը: Ցավոք, վերջին 30 տարում մշակույթը սմքեց, վերաբերմունքը նվազեց մշակույթի նկատմամբ:

Հ. Ա. - Այդ ժամանակ էր, որ դրվեցին հիմքերը պետության-պետականության, ժողովրդավարության, հոգեւոր ու մշակութային, նաեւ՝ հայրենադարձության, որ հետո իրականացնելու էր Ալ. Մյասնիկյանը: Թամանյանը հրավիրվեց Երեւան, որ Կարմիր բանակի ներխուժումից հետո փախչելու էր Իրան, երկու տարի այնտեղ ճարտարապետական գործունեություն ծավալելուց հետո կրկին գալու էր Հայաստան: Երկրի առաջին դեմք Քաջազնունու 3 որդիները զոհվում են պատերազմում: Այնպիսի արժեհամակարգ էր այդ թվականների հանրապետությունում, որին այսօր մենք դեռ չենք հասել: Այս ամենը սկզբնավորվեց, Մահարու բնորոշմամբ՝ մայրագյուղ Երեւանում, որը շարունակեց այդ տեսքով մնալ Խորհրդային Հայաստանի առաջին շրջանում: Հետո պիտի դառնար քաղաք՝ թամանյանական ձեռագրով եւ շերտավորեր քաղաքային կյանքն ու մշակույթը: Հակառակ բռնապետական ժամանակների՝ այդ 70 տարում ստեղծվեցին այնպիսի հոգեւոր արժեքներ, քարեղեն ու գրավոր մշակույթ, որի վրա այսօր ամուր կանգնած ենք մենք:

Ս. Ղ. - Հատկապես այս թավշյա հեղափոխությունից հետո, երբ ամեն բան հայելու պես պարզ կարող ենք ցույց տալ՝ որպես երկու մտավորականի զրույց, ամեն խոսք տանում է դեպի 18-20թթ.: Եթե չլինեին այդ տարիները, ես չգիտեմ, թե մեզ հետ ինչ կպատահեր, արդյոք կունենայի՞նք այսպես զրուցելու տեղ եւ իրավունք: Այս փոքրիկ, մազապուրծ Հայաստանը բոլոր հայերի համար դարձավ հայրենիք, եւ հիմա սպասվում է հայրենադարձություն, քանի որ վերջին 30 տարում շատ կորուստներ ունեցանք, հատկապես արտագաղթը, իսկ մշակույթը մարդն է իր ստեղծածով. մշակույթի կորուստը մարդու կորուստն է: Ոչ միայն Քաջազնունին, նաեւ Թումանյանն է իր որդուն մատաղացու տվել եւ շատերը՝ այդ շրջանում: Այսօր Նիկոլ Փաշինյանի տղայի զորակոչվելը բանակ նշանակում է հենց այդ ժառանգության վերականգնումը: Շատ բան հասկացրեց՝ առանց բարձրաձայնելու, որ այսպես ենք պետություն դառնալու, որ պետությունից վեր ոչինչ չկա: Երբ Արամ Մանուկյանը տիֆով հիվանդներին էր այցելում, առաջարկում են ներարկվել՝ վարակից զերծ մնալու համար, հրաժարվում է՝ ասելով, որ այդ մի ամպուլով մի հիվանդ կփրկվի, եւ այդ խնայած ամպուլը ճակատագրական է դառնում: Նմանատիպ դեպք պատահել է Ռոստոմի հետ, երբ բաց գնացքով Թիֆլիս է գնալիս լինում, իր վերարկուով ծածկում է քամուց մրսող տիֆով հիվանդ մի երեխայի, որն անգամ հայ չի լինում, հավանաբար՝ թուրք կամ թաթար, հետո վերարկուն հագնում է եւ վարակվում: Այդ պատմությունները ոչ թե զեղումով պետք է հիշել, այլ փոխանցել, որպեսզի եկող սերունդն իմանա, թե ինչպիսի մարդիկ են եղել Առաջին հանրապետության կերտողները, որոնց կյանքը, ցավոք, անժամանակ ընդհատվեց:

Հ. Ա. - Նույնը կարելի է ասել Ստ. Շահումյանի մասին․ եթե ապրեր, գրեթե համոզված եմ, որ Հայաստանն այսօր այլ քարտեզ կունենար:

Ս. Ղ. - Բաքվի դեպքերի ժամանակ Շահումյանի ամենամեծ խորհրդատուն Ռոստոմն է եղել, եթե ինչ-որ բան էր պատահում, միայն Ռոստոմն իրավունք ուներ խորհուրդներ տալու Շահումյանին, եւ նա կատարում էր: Այդ մարդիկ հայապահպանության խնդիր են ունեցել, որքան էլ տարբեր լինեին գաղափարապես եւ հայացքներով: Այդ ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Երեւանը կդառնա մայրաքաղաք, որ, ինչպես Պասկեւիչն էր ասում՝ կավե պառավ քաղաք էր: Եթե Ղարսը չհանձնեին, հավանաբար, Գյումրին էր լինելու մայրաքաղաքը, պատահական չէր, որ հենց Գյումրիում բացվեց համալսարանը:

Հ. Ա. - Եթե դառնանք Հայաստանի երկրորդ հանրապետությանը, որքան էլ ասենք, որ բռնապետություն էր, մեկ կենտրոնից ուղղորդվող գաղափարախոսություն, այնուամենայնիվ, խոտանի կողքին ստեղծվեց բարձրարժեք մշակույթ բոլոր ասպարեզներում: Կրկին շեշտեմ, որ այդ հենքը սկզբնավորվեց Առաջին հանրապետության կարճատեւ կյանքում. պարզապես ժամանակ եւ հնարավորություն չկար՝ զարգացնելու եւ շոշափելի իրողության վերածելու:

Ս. Ղ. - Խորհրդային շրջանը սեւ գույներով ներկայացնելը նաեւ չիմացության հետեւանք է. պարզապես պետք է շրջվես եւ տեսնես, թե ինչպիսի մշակույթ ես ստեղծել: Ասեմ, որ այդ շրջանի մեր ստեղծածը համաշխարհային մշակույթի մաս է կազմում՝ ե՛ւ երաժշտության, ե՛ւ ճարտարապետության, ե՛ւ կերպարվեստի, ե՛ւ գրականության լավագույն դրսեւորումներով: Հալաբյանին, Ստալինի կարգադրությամբ, աքսորից ետ կանչեցին, որ շարունակի գործունեությունը, այսինքն՝ այդ մեծերի տեղն իմացել են: Հակոբ Հակոբյանը ներգաղթելով՝ Հայաստանում կայացավ եւ դարձավ համաշխարհային մեծության նկարիչ, Կալենցը եկավ եւ շատերը, ու մեր մշակույթը յուրովի ծաղկում ունեցավ: Հենց մեր ապրած օրերին «կինո Մոսկվայի» սրճարանում այնքան մեծեր էին նստում, որ բավական էին մի ամբողջ երկրի մշակույթ ապահովելու համար: Կարող էիր գնալ, որպես անփորձ պատանի իրենց կողքին նստել, եւ Պարույր Սեւակը ժամանակ էր գտնում քո առաջին խզբզոցները կարդալու: Իմ երիտասարդ տարիներից մինչեւ իր կյանքի վերջը մտերիմ եմ եղել Վահագն Դավթյանի հետ եւ բախտ եմ ունեցել աշխատել նրա խմբագրած «Սովետական Հայաստան» ամսագրում, որտեղ հոդվածագիրները Բագրատ Ուլուբաբյանի, Ջոն Կիրակոսյանի պես մտավորականներն էին՝ ազգային ոգին միշտ բարձր պահող:

Հ. Ա. - Այդ շրջանում նաեւ Կոստան Զարյանն էր վերջնականապես տեղափոխվել Երեւան. անհատ, որ չորս լեզվով էր ստեղծագործում, որ քայլող մշակույթ էր, մշակութային հանրագիտարան: Նրա «Նավը լեռան վրա» վեպը հենց Առաջին հանրապետության տարիներն է նկարագրում, կյանքն ու իրականությունը՝ անաչառ կերպով: Թեպետ չհաշտվեց ժամանակի հետ, ենթարկվեց հոգեբանական հալածանքների ու ճնշումների, եւ վեպն էլ խայտառակ խմբագրումներով վերահրատարակվեց այստեղ, սակայն նրա ներկայությունն արդեն երեւույթ էր: «Կինո Մոսկվան», «Պապլավոկը», «Կազիրյոկը», «Սկվազնյաչոկը», 4-րդ խանութը, «Թեմուրնոցը»… ո՞ր մեկն ասեմ՝ մշակութային կենտրոններ էին: 24 ժամ տրոփում էր մշակույթը քաղաքում, ամեն քայլափոխի հնարավորություն ունեիր տեսնելու, շփվելու մեր մեծերի հետ: Մի ուրիշ կյանք էր, ուրիշ վերելք էր, ուրիշ քաղաք: Բոլորը գիտեին բոլորին՝ նկարիչ, գրող, երաժիշտ, դերասան…

Ս. Ղ. - Այդ ժամանակ էր, որ Լեւոն-Զավեն Սուրմելյանի գիրքը տպագրվեց՝ «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք», ձեռքից ձեռք էին խլում: Հետո սկսվեց պոլսահայ գրականության տպագրությունը, Մնձուրի՝ արեւմտահայության Հրանտ Մաթեւոսյանը, նրանից առաջ՝ Զահրատ եւ մյուս մեծ հեղինակները: Ինչպես Արշիլ Գորկին դրսում համաշխարհային ճանաչման հասավ, այնպես էլ այդ ժամանակի մեր մյուս մեծերը կարող էին, եթե հնարավորություն ունենային:

Հ. Ա. - 1988-ից հետո, Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում, մենք ե՛ւ որոշակի դերակատարն ենք, ե՛ւ զոհն այն մշակութային կյանքի, որ չնայած տեղ-տեղ ձեռքբերումների ու ինքնուրույնության, զգալիորեն ավեր է ու խորթացում: 30 տարի առաջ Ազատության հրապարակում կանգնած՝ մտովի պատկերացնում էինք, որ անկախություն նվաճելուց հետո վերջապես մենք մեր արժեքների տերն ենք լինելու, մշակութային, քաղաքական վերելք ենք ունենալու եւ աշխարհին ենք ներկայանալու որպես անկախ, հզոր, ստեղծագործ երկիր՝ մեր մտքի նոր ու բացառիկ դրսեւորումներով: Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը, անգամ դադարեցինք մեր ներսում մեկս մյուսիս ճանաչելուց, եւ մտավորը դարձավ ծիծաղելի, արհամարհելի, անարժեք ու նվաստ մի բան: Փոխարենը կեղծ ու շինծու ձեւերը դարձան արժեհամակարգ:

Ս. Ղ. - Սկսած 88-ից՝ գործուն մասնակցություն եմ ունեցել այդ շարժմանը. միտինգներ, Արցախ, աշխատանք պետական կառույցներում: Մեծ ոգեւորությամբ գնացի իմ ծառայությունը մատուցելու մեր պետականաշինությանը եւ հանկարծ հասկացա, որ մեզ ուրիշ բանի համար են բերել: Եկել են մարդիկ, որոնք պետք է քանդեն, ոչ թե սարքեն: Եվ շատ շուտ որոշեցի թողնել աշխատանքը պետական կառույցում: Հետո, բարեբախտաբար, գործունեություն ծավալեցի բանակում՝ Սպայի տանը: Բայց տեսնում էի, որ հերթով մարդիկ են գալիս իշխանության, որոնք այս ազգի հետ կապ չունեն: Գալիս են ինչ-որ մեկի հանձնարարությունը կատարելու: Նման իրավիճակում, բնականաբար, ե՛ւ գրականությունն էր տուժելու, ե՛ւ արվեստը, ե՛ւ, առհասարակ՝ մշակույթը: Արվեստի մարդիկ ռոմանտիկ են՝ աշխարհին ինչ-որ բան տալու մղումով, իսկ երբ տեսնում են, որ իրենց տվածը ոչ ոքի պետք չէ, անկախ իրենցից՝ կծկվում եւ հայտնվում են լուսանցքում՝ դառնալով լուսանցքի մարդիկ: Մնում էր ինքս ինձ մխիթարել, որ հին ձեռագրերում լավագույն մտքերը, մանրանկարները հենց լուսանցքում են արվել: Հետո Սփյուռքի հետ շփվելով հասկացա, որ մի ազգ դառնալու խնդիր կա, որովհետեւ մենք նույն արյան խումբն ունենք, իսկ այդ դեպքում որքան մեկտեղվում, համատեղվում ենք, այնքան հզորանում ենք, հատկապես մշակույթի բնագավառում: Եթե քո ժողովուրդը քեզ ներսում գնահատում է, դրսում էլ են գնահատում: Մեր զրույցը կայանում է, բարեբախտաբար, այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ կարող ենք բաց խոսել եւ գիտենք, որ լսող, հասկացող ունենք: Ես երանությամբ եմ հիշում գիրք կլանող մեր սերնդին, բայց վստահ եմ, որ վերադառնալու է այդ մշակույթը: Ես նույնպես ասում եմ, որ հրաշք սերունդ ունենք, բայց մեր ու եկողի միջեւ վեճ կա՝ հայրեր եւ որդիներ հավերժական պայքարը, իսկ ով անտեսում է այդ վեճը, երես է տալիս եկող սերնդին: Այդ վեճը պետք է կայանա, եւ դրա դեմ ոչ ոք չպետք է կանգնի կամ հիվանդագին ընդունի: Ամեն սերունդ ձգտում է իր հետեւից եկողի մեջ իրեն տեսնել, չարհամարհվել: Իսկ վերջին 30 տարվա բացթողման մեջ այդ արհամարհանքը կա՝ արժեքներ կերտող մարդու նկատմամբ: Շատերն այս երկրից գնացին հենց այդ արհամարհանքից: Հուսով եմ, որ հայրենադարձություն կլինի, բայց ո՛չ «արի տուն» կարգախոսվ: Դրսում խաղացող երեխային են ասում՝ արի տուն։ Իսկ Սփյուռքը դրսում խաղացող երեխա չէ: Մատ թափ տալով չի լինի, պետք է գիտակցի, որ սա իր տունն է, եւ գա: Պետք է պետական բալանսը վերականգնվի, մենք այսպիսի շանս այլեւս չենք ունենա: Ներքուստ վստահ եմ, որ լավ է լինելու, եւ երկու տարի հետո մենք բոլորովին այլ զրույց ենք ունենալու:

Հ․Ա․ - 88-90թթ. հետո մեզ նորից պատմական հնարավորություն տրվեց պետություն կառուցելու, որը չիրագործելն աններելի է: Իսկ այդ 30 տարիների ընթացքում մենք ազատ էինք թվացյալ: Թերեւս չկար գրաքննություն, որովհետեւ գեղարվեստական գիրը հանրային սպառման համար չէր այլեւս: Այնուամենայնիվ, մենք ազատ էինք մեր խղճի հետ, մեր թղթի առաջ, եւ ստեղծվեցին ճիշտ ու անկեղծ, առանց պարտադրանքի գործեր, որոնց որոշ մասն աշխարհին ներկայանալի է: Բայց, ցավոք, այդ ամենին մեր ներսում մի փոքր խումբ է ընդամենը տեղյակ:

Ս. Ղ. - Քո օրինակը բերեմ. հունվար ամսին մի բանաստեղծություն գրեցիր, եւ մեծ աղմուկ հանեց, ուրեմն դու ընթերցող ունես: Եվ այդպես՝ ամեն մեկս մեր ընթերցողն ունենք, այսինքն՝ ընթերցողը կա: Կարծում ես, որ խորհրդային ժամանակ, երբ շատ գրքեր էին առնում, այդքանն էլ ընթերցո՞ւմ էին։ Ո՛չ: Ես մինչեւ հիմա հիշում եմ իմ մանկության տարիներին Թումանյանի հեքիաթների գրքույկների հոտը: Հացն էլ հոտ ունի, այդպես էլ գրականությունը պետք է հոտ ունենա: Գրականություն ստեղծվում է, երբ մարդն իր հիշողության հետ նստում է զրույցի: Քո հիշողությունը տալիս ես մարդկանց, կընկալի՞, կդառնա՞ իրենը․ սա է որոշիչը: Հաճախ մարդը պատեպատ է զարկվում, միայն թե լսեն իրեն. այդպես է գրականությունը: Երբ Մոմիկը Վանն էր քանդակում, իր ըմբոստությունն էր, որ գրեց՝ հիշեք նվաստիս. մոռացվելու մտավախություն ուներ: Ներքին հարստություն ունեցող մարդու վախն է. սա էգոիզմ չէ: Եթե մեր ազգն էլ ուզենար անհիշատակ մնալ, այսօր մենք ասորիների նման կլինեինք, մեր, թեկուզ ասենք՝ էգոիզմն է մեզ պահել, հիմա, որ կուրծք ենք ծեծում, հպարտանում ենք մեր արժեքներով, սա փոքր, բայց մեծ ժողովրդի էգոիզմի արտահայտություն է: Միայն մենք կարող ենք ասել՝ փոքր, բայց մեծ ժողովուրդ ենք: Վստահ եմ, որ այսուհետ մենք մեր մեծությունը բացելու ենք աշխարհի առաջ: Մեր պատմության մեջ մեծ դեր ունեն Նիկոլները՝ Նիկոլ Դուման, Նիկոլ Աղբալյան եւ Նիկոլ Փաշինյան: Համոզված եմ, որ երեքն էլ մեր պատմության մեջ մնալու են:

Հ. Ա. - Մենք մեր Առաջին հանրապետության 100-ամյակը երջանիկ դիպվածով նշեցինք այս թավշյա հեղափոխության հաղթանակի օրերին, մեր ազգային զարթոնքի նոր շրջանում: Եթե 88-ի ազգային զարթոնքը հասունացրին Սեւակ ու Շիրազի, Մաթեւոսյան ու Գալշոյանի սերունդները՝ իրենց գրականությամբ, ստեղծած արվեստով ու արժեքներով, ապա 2018-ին հրապարակ էր դուրս եկել գիրք կարդացող, գրականության հետ շփում ունեցող երիտասարդությունը: Կարծում եմ՝ առանց գրքի չի կարող հեղափոխություն լինել, այն էլ՝ թավշյա:

Ս. Ղ. - Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մեջ կային նաեւ իմ ուսանողներից, այս թավշյա հեղափոխականների մեջ՝ նույնպես: Նաեւ դաստիարակությունն էր, որ մեծ դեր ունեցավ սերունդ կրթելու, ուղղորդելու խնդրում: 30 տարվա մեջ մեզ փորձել են կանգնեցնել՝ Ռուսաստանում ասֆալտ փռող, Արա Աբրահամյանի փողի քսակից կախված ազգ դարձնելով, բայց չհաջողվեց: Մենք անուններ տվեցինք, սակայն որեւէ մեկին լուսապսակով չներկայացնենք, խոսենք նաեւ մեր ցավ ու դարդից, սխալներից։ Մեզ այսօր անհրաժեշտ է վստահությունը վերականգնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, ու այդ վստահությամբ էլ կապ ստեղծենք Առաջին հանրապետության արժեհամակարգի հետ։ Եթե մենք 18-20թթ․ գենոֆոնդը ճիշտ գնահատենք, հաստատ տեղ կհասնենք։ Մեզ հիմա հնարավորություն է տրվել այս 30 տարվա կորստից հետո, նախորդ 70 տարիների կորցրածից հետո շարունակել 18-20 թվականը։

Զրուցեցին բանաստեղծ Հուսիկ Արան եւ արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X