Եթե Ռիտա Սարգսյանը պիտի նշանակեր, թող հորս մահից հետո ինձ նշանակեր թատրոնի ղեկավար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո՝ արդեն 7 ամիս, թատրոնը գործում է առանց գեղղեկավարի։ Եթե մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ժամանակավորապես լռեցրեց այդ խոսակցությունները՝ նշելով, որ թատրոնը կարող է եւ առանց գեղղեկավարի աշխատել՝ ի դեմս թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի, ապա թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց նաեւ ռուսական թատրոնում, որի գեղղեկավարի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 հոգի՝ Ալ․ Գրիգորյանի դուստր, բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանը եւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։

Կրքերը թատրոնում այնքան են սրվել, որ երեկ Ռոբերտ Հակոբյանը հանդես եկավ մամլո ասուլիսով։ Նա մասնավորապես ընդգծեց, որ ունի թատրոնի կոլեկտիվի աջակցությունը, այլապես ասուլիսով հանդես չէր գա, ավելին՝ հաստատապես կարող է ասել, որ թատրոնի կոլեկտիվի 80 տոկոսը դեմ է, որպեսզի Նորա Գրիգորյանը դառնա թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Ի՞նչ հանգամանքներում սրվեց իրավիճակը, կարծես թե թատրոնը նորմալ աշխատանքային հունի մեջ էր։ «Դա միայն տպավորությունն է այդպիսին, որովհետեւ երբ Ալ․ Գրիգորյանը հիվանդ էր, վերջին 2 տարում միայն ինքն (Նորա Գրիգորյանը) էր բեմադրություններ անում եւ հիմա ուզում է դառնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որպեսզի բարձրացնի թատրոնի որակը։ Հարց է ծագում․ 2 տարի ի՞նչ էիք անում։ Նորա Գրիգորյանը բեմադրություններ արել է, երբ ուզել է, ինչ ուզել է, փառք Աստծո, պապայի աջակցությունը միշտ եղել է։ Միակ մարդը, որ իր դժգոհությունը հայտնում էր, Ռոբերտ Հակոբյանն էր, բայց ես մենակ էի, որի սուբյեկտիվ կարծիքը ոչինչ չէր նշանակում»,- ասում է նա ու նշում, որ կոլեկտիվը ոչ թե վախենում էր, այլ՝ զգուշանում, չէին ուզում նեղացնել Գրիգորյանին․ «Մեծամասնությունն էլ խուսափում էր՝ «մեկ է, ոչինչ չի փոխվելու» տրամաբանությամբ, դրա համար միակ խոսացողը ես էի»։

Հակոբյանը կարծում է, որ եթե իշխանափոխություն չլիներ, Նորա Գրիգորյանն արդեն գեղղեկավարի պաշտոնում կլիներ․ «Շատ հնարավոր է, որովհետեւ խոսվել է դրա մասին եւ բաց տեքստով ասվել է, որ այդ հարցը լուծում է Ռիտա Սարգսյանը։ Բայց ես միշտ ասել եմ, որ ղեկավարը պետք է լինի գրագետ եւ գործից հասկացող մարդ»։

Ինչ վերաբերում է իրեն, ապա ինքն իշխանափոխությունից հետո չի օգտվում ստեղծված իրավիճակից, այլ իր թեկնածությունը դրել է միայն այն պատճառով, որ ոչ ոք չի ուզում ստանձնել այդ բեռը․ «Եթե միակ թեկնածուն Նորա Գրիգորյանն է, ինչը նշանակում է արդեն նշանակում, ես դեմ եմ այդ թեկնածությանը, դրա համար ներկայացրել եմ իմ թեկնածությունը։ Ես հավատացնում եմ ձեզ, դրանով ինձ գլխացավանքի տակ եմ դնում, որովհետեւ ահավոր մեծ աշխատանք է սպասվում, բայց ես դեմ եմ Նորա Գրիգորյանի թեկնածությանը»։

Ռոբերտ Հակոբյանը նշում է, որ մամուլում իր մասին գրել են, թե իբր ինքը տնօրենին, որպես իր առաջադրման պատճառ, ներկայացրել է, թե Նիկոլ Փաշինյանի հարեւանն է եւ ցանկացած պահի կարող է նրան զանգահարել․ «Նիկոլ Փաշինյանի հարեւանը լինելով՝ ես հանցագործություն չեմ անում, մի բակում ենք ապրել, հետո՞...։ Գեղարվեստական ղեկավար պետք է լինի այն մարդը, ում կհավատա թատերախումբը, որը ե՛ւ նոր ռեժիսորների կկանչի, ե՛ւ երիտասարդների»։

Ծրագիր ներկայացնելուց հեշտ բան չկա, դա իրականացնել է պետք՝ համոզված է Ռոբերտ Հակոբյանը․ «Նորա Գրիգորյանն այսօր հայտարարում է, որ պատրաստվում է սա եւ սա անել, այսպիսի ռեժիսորների հրավիրել, բայց, կներեք, 5 տարի բեմադրություն եք անում, մեկի անունը տվեք, որ եկել մի բան արել է։ Այդ հնարավորությունն ունեիք, քարտ բլանշ կար ձեր ձեռքը, անեիք, գլխաքանակի համար ներկայացումներ եք բեմադրում, որ ի՞նչ։ Որոշ ներկայացումներ էլ չեն գնում, որովհետեւ մի սեզոն քաշում են ու դուրս են գալիս»։

Նորանշանակ մշակույթի նախարարը չի հանդիպել ո՛չ իրեն, ո՛չ թատերախմբին, բայց ինքն այդ խնդրանքով դիմել է թե՛ տնօրենին եւ թե՛ նախարարին․ «Խնդրում եմ նախարարին գալ թատրոն եւ հանդիպել խմբի հետ, ներկայացնենք մեր խնդիրները։ Եկել է մի մարդ, ով թատրոնում ոչ մեկին չի ճանաչում, եւ ռեզյումեներով ճիշտ չէ ներկայացնել մարդկանց»։

Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նեղսրտել է Ռոբերտ Հակոբյանի հնչեցրած գնահատականներից։ «50 տարեկան տղամարդու մոտ ո՞նց կարող է այդ աստիճան չարություն լինի, որ կարողանա կնոջ մասին առաջնահերթ չարախոսել։ Իր պահվածքը ոչ պրոֆեսիոնալ է այս հարցում»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է թատրոնում իրեն տրված հնարավորություններին, ասում է՝ այդպես չէ, ինքը ռեժիսոր է, ով, ինչպես մյուս ռեժիսորները, ունի թատրոնում բեմադրելու հնարավորություն․ «Բոլորին հրավիրում եմ իմ ներկայացումներին, որպեսզի տեսնեն իմ ներկայացումները, նոր կարծիք կազմեն իմ մասին։ Թատրոնում գեղարվեստական ղեկավարը եւ որոշողը եղել է միմիայն Ալեքսանդր Գրիգորյանը, եւ որեւէ գործողություն, քայլ ես չէի կարող կայացնել միայն իմ ցանկությունով։ Իհարկե, ես ունեցել եմ բեմադրելու այդ հնարավորությունը՝ չեմ թաքցնում, բայց եթե Ռոբերտ Հակոբյանը նշում է, որ ինձ աջակցել է Ռիտա Սարգսյանը, ուրեմն ինչո՞ւ իմ հոր մահվանից անմիջապես հետո Ռիտա Սարգսյանն ինձ չնշանակեց գեղարվեստական ղեկավար։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, այս թատրոնը եւ մեղավոր չեմ, որ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն եմ։ Ի սկզբանե իմ թեկնածությունը չի եղել որպես գեղղեկավարի, դա բոլորը կարող են հաստատել, եղել է միայն գլխավոր ռեժիսորի հարցը։ Երբ եղավ հեղափոխությունը, Ռոբերտ Հակոբյանն առաջին հերթին մտել է տնօրենի մոտ եւ ասել, որ դնում է իր թեկնածությունը։ Իսկ ես մինչ այդ օրը գեղարվեստական ղեկավարի իմ ցանկության մասին չեմ հայտնել»։

Ասում է՝ թեպետ ինքը երիտասարդ է, բայց կարծում է, որ կարելի է իրեն աշխատելու հնարավորություն տալ, իսկ եթե իրեն պետք է դատեն իր աշխատանքներով, ապա բոլորին հրավիրում է թատրոն՝ իր ներկայացումները դիտելու։

«Ռոբերտ Հակոբյանը եկել է թատրոն, ստացել է մեկ դեր եւ այդ մեկ դերով դարձել է ՀՀ վաստակավոր արտիստ միայն հորս շնորհիվ։ Ես դա չեմ ասում նրա համար, որ այդ պատճառով ինքը պետք է ինձ դնի գլխի վրա եւ ման տա, բայց երբ ինքն ասում է, որ ամբողջ թատերախումբը վախեցած էր Ալեքսանդր Գրիգորյանից, ես դա ուղիղ վիրավորանք եմ ընդունում, որովհետեւ հայրս միշտ հաշվի է առել յուրաքանչյուր դերասանի կարծիքը»։

Տնօրեն Ֆրեդ Դավթյանի աջակցությունն ինքն ունի՞։ «Այստեղ աջակցության հարց չկա, ես կարծում եմ՝ տնօերնն անում է այն, ինչ արվում է օրենքով, ես հարգում եմ տնօրենի արածը եւ երբեւիցե չեմ մտածում, որ ինքը սխալ քայլ է անում»,- ասում է Գրիգորյանն ու հավելում, որ ինքը նույնպես շատ աջակցողներ ունի եւ կարծում է, որ առաջնահերթը լինելու են թեկնածուների ներկայացրած ծրագրերը։

Նորա Գրիգորյանը տեղյակ է մշակույթի նախարարի դիրքորոշմանը, նա մասնավորապես հանձնարարել է տնօրենին, որպեսզի բոլոր թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, իսկ որոշումը կկայացվի 10 օրվա ընթացքում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X