ՀՀԿ-«ՔՊ» հնարավոր ամուսնության մասին

Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլու հրաժարականն ու միլիարդատեր Իվանիշվիլու ակտիվացումը մեզ ակամա հիշեցրին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ քաղաքագիտական վերլուծությունը եւ Գագիկ Ծառուկյանի` որպես հայկական Իվանիշվիլու կերպարի ձեւավորման փորձը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հրաշալի եռյակը, գուցե մի փոքր այլ ձեւաչափով, այնուամենայնիվ, վերակենդանացվի, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից անտեսված ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ մի շարք այլ ուժեր ու գործիչներ կրկին կհայտնվեն նույն հարթակին: Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի համար դա կարող է վերածվել իսկական կոշմարի, քանի որ ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում մեծամասնության կորուստը վերջ կդնի նաեւ այսօրվա կեղծ պառլամենտարիզմին, որով, իբր, «նախկին» իշխանություններն ամեն ինչ անում են երկիրը ցնցումներից զերծ պահելու եւ ժողովրդի ընտրած վարչապետի հավին քշա չասելու համար:

«Ծառուկյան դաշինքը» պատրաստվում է 50+1 տոկոս ձայն հավաքել ընտրություններում, իսկ սա, թեկուզ հայտարարության մակարդակում, արդեն իսկ լուրջ ահազանգ է մեծամասնության հավակնություն ունեցող մյուս ուժերի, այդ թվում եւ ՀՀԿ-ի ու «ՔՊ»-ի համար, որոնք, եթե նման բան ասեն, պարզապես ծիծաղի առարկա կդառնան: Ահավասիկ, Գալուստ Սահակյանը, համեստության ինչպիսի տիպար, խոսում է 20-25 տոկոսի մասին, «ՔՊ»-ի մաքսիմալիստները ցանկանում են դուխով գնալ ընտրությունների, բայց դեռ մտմտում են` «Ելքո՞վ» գնան, թե՞ առանձին: Նրանք կկարողանա՞ն որեւէ բան հակադրել Գագիկ Ծառուկյանի բարեսիրական քարոզարշավին մինչեւ ընտրություն:

Ե՞րբ տեղի կունենան շարժման առաջնորդի խոստացած ԱԺ «հրատապ» ընտրությունները: Կառավարությունն ասել է՝ մեկ տարի անց: Մեր կարծիքով` ընտրությունները, որոնք հերթական չեն, եւ որոնց անցկացման ժամկետն օրենքով ճշտված չէ, կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ հարմար լինի օրվա իշխանություններին, երբ ԸՕ-ն նրանց սրտով լինի, երբ զգան, որ վերահսկում են անհրաժեշտ լծակները, երբ համոզվեն, որ ապահովագրվել են բոլոր տեսակի անակնկալներից: Պետք է ասել նաեւ, որ սա միանգամայն տրամաբանական է եւ հատուկ է բոլոր իշխանություններին:

Այժմ ամեն ինչ դեռ կարգին է, առաջ է գնում նախապես գծված սցենարով, բայցեւ նկատվում են «քաղաքական-լիրիկական» զեղումների առաջին ծիծեռնակները, որոնք հուշում են, որ մտնում ենք քաղաքական դաշտի վերջնական սահմանազատումների փուլ: Ավելի հասկանալի լեզվով եթե ասեմ, դա այսպես կհնչի` ով վերցնում է պատասխանատվությունը, մեզ հետ է, ով չի վերցնում պատասխանատվությունը` մեզ հետ չէ (կամ` մեր դեմ է): Առայժմ բոլորը, կարծես, Նիկոլ Փաշինյանի հետ են, եւ ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի: ՀՀԿ-ն, փառք Աստծո, Փաշինյանի հետ է եւ նրա քայլերին աջակցում է ամեն կերպ` լինի դա շարմազանովաաշոտյանական ռեւերանսներով, գալուստսահակյանական նորահայտ համեստությամբ, թե օլիգարխիկ թեւից անհրաժեշտ թվով պատգամավորների քվեարկություններով: Փաշինյանը, այո, առայժմ խնդիրներ չունի, սակայն կառավարության «դռնբաց» նիստերում նկատված ալեկոծությունները, «Ելք»-ից նշանակված նախարարի հրաժարականը, ինչպես նաեւ բարեգործության թեմային ԲՀԿ-ի կտրուկ արձագանքը հուշում են, որ օպերացիա «Ы»-ն մոտենում է իր նույնքան արկածային ավարտին:

Նոր կառավարության հիմնական, եթե չասենք միակ գործն այսօր կոռուպցիայի դեմ պայքարն է, պայքար մի երեւույթի դեմ, որի պատճառով մեր ժողովուրդը լավ չի ապրել: Շարմազանովն արդեն ներողություն խնդրեց ժողովրդից, որ չեն կարողացել այս տարիներին լուծել այդ հարցը, բայցեւ չմոռացավ հիշեցնել, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են անշեղորեն իրականացնել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, պաշտպանության, անվտանգության եւ սոցիալական ապահովության բնագավառներում իրագործել նրա ծրագրերը: Երեւի պետք է հավատանք նրա անկեղծությանը, երբ նա ներողություն է խնդրում ժողովրդից:

Ահավասիկ` ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն «մասկի-շոու»-ներ են կազմակերպում զանազան հիմնադրամներում, տնօրեններ ձերբակալում եւ այդ ամենը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եւ »ՔՊ»-ական Արայիկ Հարությունյանի համերաշխ «դանոսների» շնորհիվ: Չէ, իսկապես սրտաճմլիկ է, երբ ԱԱԾ-ն ներխուժում է Տարոն Մարգարյանի «Երեւան» հիմնադրամ, իսկ Տարոն Մարգարյանի, կներեք, տանձին էլ չէ, նա մասնակցում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու հարսանիքին: Բա չասե՞ս` ԱԱԾ-ն մուկ է ծնել` ձերբակալելով «Երեւան» հիմնադրամի պահակին: Հարգելի ԱԱԾ, Ֆեյսբուքում մեռան ասելով, որ կոռումպացված մարդկանց են նշանակում պաշտոնների, տեր կանգնեք: Ո՞ւմ պարզ չէ, որ կոռումպացված մարդուն առաջ տանելը նույնպես կոռումպացվածություն է:

ԱԱԾ-ի նման «հակակոռուպցիոն» գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն դադարի մինչեւ ընտրություններ, իսկ ինչպես Փաշինյանն է ծրագրել` նաեւ ընտրությունների օրը: Արդեն շատ է խոսվում այն մասին, որ ոստիկանությունում էլ պետք է ստեղծել հատուկ «բռնող» ստորաբաժանում, որ կհետեւի ընտրակաշառքների շարժին` լինեն չոր փողի, թե խոստումների ձեւով: Բնականաբար, այդ ստորաբաժանումը, եթե իսկապես ստեղծվի, աչք է փակելու «հանուն հեղափոխության» թույլ տրված ընտրակեղծիքների վրա եւ «բռնելու» է միայն նրանց, ովքեր Նիկոլի հետ չեն լինի, ովքեր կփորձեն, ընտրողների աչքն ու սիրտը քաղցրացնելով, 50+1 տոկոս ձայն հավաքել եւ վարչապետ նշանակել սեփական թեկնածուին:

Այս իրավիճակում անխուսափելի է թվում Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան նախընտրական դաշինքը, որը, անակնկալներից զերծ մնալու նպատակով, քարոզչության փուլում խնամքով կքողարկեն ժողովրդի աչքից: Բաց խաղը կսկսվի խորհրդարանում, երբ պարզվի, որ «ՔՊ»-ն եւ ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն ունեն եւ առանց երրորդ կողմի էլ կարող են կառավարություն ձեւավորել:

**ՀԳ. **Հեղինե Բիշարյանի հետ հայտնի մենամարտում, երբ տիկինն անսպասելիորեն սպառնացել էր`«էս շիշը գլխովդ կտամ», պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնել էր. «Այստեղ ավանդական ուժ լինելուց են խոսում այնպիսի ուժեր, որոնք անգամ իրենց անունն են փոխել, քիչ է մնում մի հատ էլ բեղ պահեն, որ իրենց չճանաչեն»: Նա նկատի ուներ ՕԵԿ-ՀՎԿ կերպարանափոխությունը: Ինչպես ասում են` ո՞վ էր լեզվիցդ քաշում, պարոն Փաշինյան, որ այդպիսի բան ասացիր: Քաղաքականությունը, ախր, շատ «մուխանաթ» բան է, որտեղ ամեն ինչ պատահում է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X