Երկնային պատիժ

Երբեմն այնպիսի զգացում ունեմ, որ մահացել եմ, հայտնվել հանդերձյալ կյանքում եւ ականատես եմ Ահեղ դատաստանին։ Ահա՝ բոլոր նրանք, ովքեր երկրային կյանքում մեղք են գործել, հայտնվել են Բարձրյալի մոտ եւ պատասխան են տալիս այդ մեղքերի համար։ Այն, ինչին երկար սպասել ենք, շարունակ կրկնելով՝ «վերեւն Աստված կա», «մի օր պատասխան եք տալու ձեր արարքների համար», «կա քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը», այժմ, փաստորեն, ոմանց համար ժամանակից շուտ՝ հենց երկրային կյանքում եկել է։ Արժե մեր երախտագիտությունը հայտնել Ամենակարողին՝ այս օրվան արժանացնելու, մեր թաքուն ու անկատար երազներն իրագործելու համար։ Այնքան աղբ ու կեղտ, որին ականատես ենք եղել տարիներ շարունակ, այնքան հանցանք ու զանցանք, որ մեր աչքի առաջ՝ «օրը ցերեկով» կատարվել է, եւ այն անպատիժ ու անպատկառ մարդիկ, որոնց թվում էր, թե «իրենց դեմ խաղ չկա», այսօր արդարացիորեն խեղճացել են, զղջում են (հուսանք) եւ ափսոսում են իրենց գործած բազում սխալների ու մեղքերի համար։

Շատ կուզենայի ուղիղ՝ երես առ երես հանդիպել Սերժ Սարգսյանին եւ հարցնել՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս պատահեց, որ չհասկացաք, թե ուր է տանում Ձեր որդեգրած ուղին։ Ինչպե՞ս եղավ, որ կորցրիք իրականության զգացումը եւ վտանգեցիք մեր բոլորի եւ հատկապես Ձեր թիմի ապագան։ Ի՞նչը ստիպեց, որ այդքան աններելի սխալներ թույլ տաք եւ գայթակղվեք հավերժ իշխանություն ունենալու մտքով։ Չէ՞ որ կար մի փուլ, երբ դեռ ամեն ինչ կորած չէր՝ երբ կարելի էր դեռ ուղղել սխալները, լիովին չկորցնել ժողովրդի հավատն ու վստահությունը կամ էլ գոնե ժամանակին հեռանալ։ Դուք եւ մեր մյուս նախագահները վատ օրինակ եք ծառայում նոր սերնդի համար։ Նրանք իրենց աչքի առաջ նվիրյալ ու գործունյա իշխանության օրինակ, ցավոք, չունեն։

Մեկնաբանություն
X