Ինչպես Սահակաշվիլու օրինակով ձևավորել նոր դատական իշխանություն․ առաջարկում է փաստաբանը

Նոր իշխանության առջեւ դրվող պահանջներից մեկն էլ արդարադատության համակարգը նախկին ռեժիմին ծառայած կամակատար դատավորներից, դատախազներից ու քննիչներից ազատագրելն է։ Երբ մեկը մյուսի հետեւից բանտերից դուրս են գալիս իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված անձինք, հերթական անգամ համոզվում ենք, թե որքան խոցելի վիճակում է մեր արդարադատությունը, ինչպես կարող են մեր դատավորներն ու քննիչները գրչի մեկ հարվածով տնօրինել մարդկային ճակատագրեր, իսկ հետո վերանայել կայացված վճիռները։

Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հասարակության վստահության արդյունքում ձեւավորված գործադիր իշխանությունը հռչակել է այնպիսի սկզբունքներ, որոնք բացառում են կոռուպցիան, հովանավորչությունը, «հեռախոսային արդարադատությունը»։ «Այս պայմաններում մեր դատական համակարգը վերից վար պետք է քանդվի, նոր դատական համակարգ պետք է կառուցվի։ Այսօրվա դատավորները, դատախազները, քննիչները տարիներ շարունակ ապրել են կոռուպցիոն շղթայի համակարգում, եւ նրանցից մեկ ամսվա ընթացքում ակնկալելը, որ կանցկացնեն բազմակողմանի օբյեկտիվ քննություն, ուղղակի ծիծաղելի է։ Ես չեմ կարծում, որ քսան տարվա կամակատարները կարող են կարճ ժամանակում փոխվել եւ դառնալ արդարադատներ։ Այն մարդիկ, ովքեր անկաշառ են, պետք է մնան եւ շարունակեն աշխատել համակարգում։ Բայց համակարգը՝ սկսած Բարձրագույն դատական խորհրդից, պետք է հիմնովին փոխվի, ստեղծվեն այնպիսի գործիքներ եւ կարգավորող մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան նորովի կառուցել դատական համակարգը»,- նշեց փաստաբանը։

Ինչպե՞ս ազատվել կամակատար դատավորներից։ Նորայր Նորիկյանը բերում է Վրաստանի նախկին նախագահ Մ․ Սահակաշվիլիի օրինակը, որի օրոք հեղինակեցին այնպիսի օրենք, որը մեխանիկորեն ուժը կորցրած ճանաչեց բոլոր գործող դատավորների գործողությունները։ Այսինքն՝ բոլոր դատավորներն իրենց լիազորությունները ճանաչեցին դադարեցված։ «Նոր Դատական օրենսգրքի ընդունման միջոցով նրանք նոր քննություններ անցկացրեցին, նոր դատավորներ նշանակեցին, սահմանեցին բարձր աշխատավարձ, եւ ըստ էության, մաքրեցին Շեւարդնաձեի օրոք կոռումպացված դատավորներին։ Ես կարծում եմ, որ մեր երկրում էլ գործող դատավորների մեծ մասը պետք է դադարի դատավոր լինել։ Քանի դեռ մենք չենք հասել այդ փուլին, մենք չենք կարող արդար դատական համակարգ ունենալ»,- նշեց Նորայր Նորիկյանը։

Ի՞նչ ճանապարհով հասնել դրան։ Նորայր Նորիկյանը նշում է․ «Ես գրեթե բացառում եմ, որ որեւէ կոռումպացված դատավոր կամ պետական չինովնիկ կարող է կամովին խոստովանել, որ ինքը կոռուպցիոներ է կամ կոռուպցիոն համակարգի մաս է կազմում եւ տա հրաժարական։ Ուղղակի պետք է ստեղծել այնպիսի միջավայր, այնպիսի իրավական ընթացակարգեր եւ հասարակական տրամադրվածություն, որ իրավական գործիքակազմի միջոցով հնարավոր լինի այդ մարդկանց հեռացնել դատական համակարգից։ Ոչ մի անձնական վրեժխնդրություն, ոչ մի վենդետա։ Ուղղակի պետք է ստեղծել իրավական մեխանիզմներ, որ այդ մարդիկ լքեն դատական համակարգը։ Պետք է ձեւավորվի այնպիսի մարդկանցից ձեւավորված դատական համակարգ, որոնք զերծ կմնան գործադիր իշխանության կամակատարը լինելուց»։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X