Սահակ Մինասյանի հրաժարականով բուհի ճգնաժամը չվերացավ․ նախարարը ՇՊՀ-ից հեռացել է գիշերվա մեկին

Երեկ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ուշ երեկոյան այցելել է Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան, որտեղ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո էլ կրքերը չեն հանդարտվում։ Նախարարը փակ հանդիպումներ է ունեցել ուսանողական եւ դասախոսական տարբեր թևերի հետ։ Նախ խումբ առ խումբ հանդիպել է մինասյանական եւ հակամինասյանական դասախոսների հետ, որից հետո՝ երկու մասի բաժանված ուսանողների հետ։ Զրուցել է նաև բուհից հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի հետ, որոնց այդպես էլ չի հաջողվում վերադառնալ բուհ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը ՇՊՀ-ից հեռացել է գիշերվա ժամը մեկի սահմաններում։

Բուհի ուսանողական խորհրդի նախկին նախագահ Արմեն Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են քննարկել նախարարի հետ։ «Նախարարը եկավ, փորձեց լսել բոլորի կարծիքը, առաջարկեց բանակցել, համաձայնության գալ, նա նույնպես այն համոզմունքին է, որ դասախոսներին պետք է վերադարձնել բուհ, բայց այդ համոզմունքին լինելով՝ ինքը չի ուզում որևէ բան պարտադրել, եւ դա ճիշտ է, ասում է՝ եկեք համաձայնության գանք։ Մյուսի կողմի դիրքորոշումը/ խոսքը վերաբերում է ներկայիս ռեկտորին՝ Երվանդ Սերոբյանին եւ Սահակ Մինասյանի համախոհներին/ ուղղակի անհեթեթություն է, քանի որ նշում են, թե չեն ուզում հեռացված դասախոսների հետ հանդիպել ու վերջ, առանց լուրջ բացատրության, այսինքն՝ պաշտպանում են նախորդի՝ Սահակ Մինասյանի տեսակետը։ Ստացվեց այնպես, որ ուսանողները համաձայնեցին, բայց բուհի ղեկավարությունը չոր, ոչ մի կոմպրոմիս, այդ դիրքին մնաց»-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Սահակ Մինասյանի հրաժարականով բուհի ճգնաժամը չվերացավ։

«Խնդիրն այն է, որ բուհի ներկայիս ղեկավարությունը գործում է Մինասյանի զանգերով, դա իմ խորին համոզմունքն է, եւ դրա համար ոչ մի կոմպրոմիսի չեն գնում։ Սարսափելի է այն, որ մենք ուսանողներով փոխադարձ հարգանքի մթնոլորտում փորձում ենք հանդիպել, լուծումներ գտնել, բայց ակադեմիական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը բուհում այն մակարդակի է, որ դասախոսները միմյանց հետ հանդիպել, զրուցել չեն ուզում։ Սա խոսում է այն մասին, որ բուհում մտածելակերպը այնքան գավառական մակարդակի վրա է, որ ես գտնում եմ, որ պետք է դրսից մի չեզոք մարդ, ով կոռուպացված չէ, գա եւ կառավարի բուհը, որպեսզի այն չկործանվի։ Սպասել իրավական դաշտին, թե մեկ տարի հետո դասախոսները կարող են վերականգվել աշխատանքի, կարող է ուշ լինել այն պարզ պատճառով, որ նրանք ապրելու միջոց չունենալով հնարավոր է արտագաղթեն»-նշեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, նախարարը խոստացել է կրկին հանդիպել ՇՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից hraparak.am-ի հարցման ի պատասխան՝ փոխանցեցին․ «Սույն թվականի մայիսի 11-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությումբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Նշենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման համար առավելագույն պատիժ է սահմանվում չորս տարի ազատազրկումը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատված ՇՊՀ դասախոսներ Հովհաննես Խորիկյան ու Գագիկ Համբարյանը կաշառակերության եւ ապօրինությունների մեջ էին մեղադրում արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանին, ով քաղաքական փոփոխություններից հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Նրան փոխարինեց պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը, որը Սահակ Մինասյանի մտերիմ ընկերն է, եւ ըստ որոշ ուսանողների ու դասախոսների, շարունակում է պաշտոնավարել նախկին ռեկտորի ոճով, եւ բուհում էական փոփոխություններ դեռևս չեն նկատվում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X