Խարխլողները

Հունիսի 13-ին Արցախի խորհրդարանում իրավիճակի քննարկման ժամանակ պատգամավոր Վարդգես Բաղրյանը հարց է ուղղել ընդդիմադիր գործընկեր Հայկ Խանումյանին՝ դուք ուզում եք խարխլե՞լ երկրի հիմքերը, ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում: Խանումյանը փոփոխություններ է առաջարկում, առաջադրում խորհրդարանի դերի բարձրացման, անձնակենտրոն իշխանությունից քաղաքականի անցման խնդիրներ:

Ճի՞շտ է նա, թե՞՝ ոչ, այլ հարց է, որոշողը հասարակությունն է, ուստի եւ պատգամավորը պահանջում է հնարավորություն, որպեսզի իր կուսակցության տեսակետները ներկայացնի: Նա ասում է, որ եթե խորհրդարանում, հանրային հեռուստատեսությամբ չի հաջողվում քաղաքական դիսկուրս բացել, մնում է ընտրել ցույցի, հանրահավաքի տարբերակը: Ու՞մ տեսակետն է ավելի ընդունելի՝ ցույց կտա ժամանակը: Բայց չենք կարող ուշադրություն չդարձնել մի հանգամանքի. Հայկ Խանումյանի կազմակերպած ցու՞յցն է երկրի հիմքերը խարխլում, թե՞ պետական այն պաշտոնյան, կառավարության անդամը, որ իր սեփականություն տարածքը վարձակալության է տալիս իր իսկ գլխավորած նախարարությանը եւ ամեն ամիս պետությունից դրա դիմաց գումար ստանում:

ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը տեղյակ չէ՞ դրանից, չի՞ լսել նման բան: Եթե՝ ոչ, ապա հաստատ գիտի, որ խորհրդարանը մշտական հիմունքներով աշխատանքի անցնելուց հետո պետությունը մասնավոր անձից ԱԺ կարիքների համար տարածք է վարձակալել: Ընդ որում՝ շատ հայտնի եւ ամենավերին իշխանության հետ բարեկամական կապեր ունեցող անձից: Սա պետության հիմքերը չի՞ խարխլում: Նաեւ նման երեւույթների դեմ է ցույց անում Հայկ Խանումյանը:

Մեկնաբանություն
X