«Փարվանա» ռեստորանը վերածվել է զուգարանի (ֆոտո)

>

Սեւանի թերակղզում գտնվող «Փարվանա» ռեստորանը տարիներ առաջ այն միակ վայր է եղել, որտեղ մարդիկ հաճելի ժամանակ են անցկացրել: Այսօր այդ ռեստորանը վերածվել է զուգարանի: Ռեստորանի կողքով բարձրանում ես եկեղեցի եւ չես կարող չնկատել տարածքի աղբն ու գարշահոտությունը: Այն տհաճ է ոչ միայն տեղաբնակների, այլ նաեւ տուրիստների համար:

Սևանավանքի այցելուները ապշել էին նման տեսարանից, մեզ հետ զրույցում ասում էին, որ պետք է Սեւանի լճի տարածքում բացառվի այսպիսի երեւույթներ. «Շատ տհաճ է, երբ բարձրանում ես եկեղեցի եւ գարշահոտություն ես շնչում: Մաքուր պետք է պահեն տարածքը. չէ՞ որ հազարավոր մարդիկ են այցելում Սեւանավանք: Էսպես են զարգացնո՞ւմ տուրիզմը: Բարձրանում ես եկեղեցու աստիճաններով՝ աստիճաները կեղտոտ են, եւ խոտեր են աճել վրան: Ամեն դեպքում վատ է նայում: Տարածքի պահպանման համար ոչ մի աշխատանք չի կատարվում»:

Սեւանա լճի ափամերձ տարածքները գտնվում են «Սեւան ազգային պարկը» ՊՈԱԿ-Ի բալանսում: Ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ չի մաքրվում ռեստորանի տարածքը, հարց ուղղեցինք «Սեւան ազգային պարկի» աշխատակիցներին . ««Փարվանա» ռեստորանը նախկինում պատկանել է «Սեւան ազգային պարկին»: Կառավարության որոշմամբ այն տրամադրվել է եկեղեցուն, «Սեւան ազգային պարկը» այս դեպքում որեւէ գործառույթ չունի: Շենքի պահպանման եւ մաքրման համար եկեղեցին է պատասխանատու»,-մեզ հետ զրույցում ասաց «Սեւան ազգային պարկի» փոխտնօրենը:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ կառույցին, կվերանորոգվի՞, թե՞ ոչ: Որպես ի՞նչ կծառայի «Փարվանա» ռեստորանի շենքը, այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանի հետ, սակայն վանահայրը ասաց, որ չի ուզում մեզ հարցազրույց տալ, եւ հորդորեց, որ մեր հարցերը ուղղենք ճեմարանի տեսուչին՝ Հայր Նշանին:

Հայր Նշանն էլ իր հերթին ասաց, որ այդ հարցերին կարող է պատասխանել միայն Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը: Ի դեպ, նշենք, որ «Սեւան ազգային պարկի» թանգարանի շենքը եւս կառավարության որոշմամբ տրվել է եկեղեցուն: Հիմա այդ շենքը ոչ թե թանգարան է, այլ հացի փուռ է եւ ճաշարան, որտեղ սնվում են ճեմարանի սաները:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X